Դեկտեմբերին օդի միջին ջերմաստիճանը նախորդ ամսվա համեմատությամբ կնվազի մոտ 6,5 աստիճանով եւ կլինի նորմային մոտ, տեղումները` բազմամյա միջին քանակի սահմաններում: Երեւանում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1 +1 (նորման՝ 0) աստիճան։ Առանձին օրերի հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում, որը ցերեկը կտատանվի +9 +11 աստիճանի սահմաններում: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման՝ 25 մմ)։
Դեկտեմբերին օդի հարաբերական խոնավությունը կլինի բավականին բարձր` 70%, եւ ավելի: Տեղումները` հիմնականում ձյան տեսքով, Արարատյան դաշտի ցածրադիր շրջաններում, հարավ-արեւելքում, Սեւանա լճի ափամերձ շրջաններում կկազմեն 20-
25 մմ, նախալեռներում` 30 մմ, լեռնային շրջաններում` 60 մմ, իսկ բարձր լեռնային շրջաններում` 80-90 մմ: Հանրապետության տաք շրջաններում դեկտեմբերի առաջին եւ երկրորդ տասնօրյակում կայուն ձնածածկ չի գոյանա, եւ կգերակշռի անդորր եղանակը: