Կաթնատու երինջներ` Ղարաբաղին

30/11/2008

ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից հատկացված 66 մլն դրամի շրջանակներում Ավստրիայից հանրապետություն է ներկրվել «Շվից» ցեղի բարձր կաթնատու 66 գլուխ երինջ: ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Անասնաբուծության եւ տոհմային գործի վարչության պետ, գյուղատնտեսության գիտությունների դոկտոր Աշոտ Հովհաննիսյանն «Արմենպրեսին» փոխանցել է, որ վերհիշյալ կենդանիներն այս անգամ հատկացվելու են ԼՂՀ-ի ֆերմերային տնտեսություններին` տարածաշրջանի կաթնային տավարաբուծությունն ու տոհմասելեկցիոն աշխատանքները խթանելու նպատակով: «Հայկական գորշ» տավարից երեք անգամ ավելի մթերատվություն եւ կաթնատվություն ունենալուց բացի (յուրաքանչյուրը տարեկան տալիս է 5000 կգ-ից ավելի կաթ), վերջիններս ունեն գենետիկական ներուժ եւ լավ են հարմարվում բարձրլեռնային կլիմայական պայմաններին: Ըստ Ա. Հովհաննիսյանի` տոհմային կենդանիների ընտրությունն ու տեղափոխման գործընթացն իրականացվել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ: