Իշխանությունները հավանաբար շատ են մտահոգվել մարտի 1-2-ի արյունոտ դեպքերը պատկերող` հանրային հանձնախմբի պատրաստած տեսագրության ազդեցությունից ու որոշել են նման մի բան էլ իրենք թողարկել ու տարածել:
Եվ ահա բոլորովին վերջերս շրջանառության մեջ է դրվել այդ դեպքերն արդեն իշխանության տեսանկյունից ներկայացնող «կոնտր-դիսկը»: Մոտ 20 րոպեանոց այդ ֆիլմի մեծ մասը զբաղեցնում են ՀՀ առաջին նախագահ Ալեքսան Արզումանյանի, Նիկոլ Փաշինյանի, Սուրեն Սիրունյանի եւ մի քանի այլ մարդկանց հեռախոսազրույցները: Կա նաեւ մարտի 1-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Ա.Արզումանյանի կարճ հեռախոսազրույցը: Դրանք այն նույն հեռախոսազրույցներն էին, որոնց` ԱԱԾ-ի կողմից սղագրված գաղտնալսման նյութերը շաբաթներ շարունակ հրապարակվում էին իշխանական մամուլում: Իսկ ինչպես հայտնի է՝ ԱԱԾ-ին գաղտնալսումներ իրականացնելու թույլտվության որոշումը փետրվարի 19-ին` հենց նախագահական ընտրությունների օրը, կայացրել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Վարդանյանը: Ճիշտ է, առայժմ հայտնի է միայն Ա.Արզումանյանի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու որոշումը, սակայն ընդդիմությունը համոզված է, որ Ժ.Վարդանյանը նման այլ որոշումներ է կայացրել նաեւ ընդդիմադիր շատ այլ գործիչների նկատմամբ: Եվ նշված ֆիլմում նույն հեռախոսազրույցներն օգտագործելու հանգամանքը նկատի ունենալով` կարելի է համոզվել, որ «կոնտր-դիսկը» ստեղծել եւ շրջանառության մեջ է դրել նույն ԱԱԾ-ն: Ֆիլմը նայելիս հասկանալի է դառնում, դրա ստեղծողներն իրենց առաջ մի քանի նպատակ են դրել: Նախ այդ տեսանյութում տեղ են գտել հատկապես այն հատվածները, որտեղ Ա.Արզումանյանը Ն.Փաշինյանի ու մյուսների հետ խոսում է այն մասին, որ մարդիկ հավաքվում են Ֆրանսիական դեսպանատան մոտ: Բացի հեռախոսազրույցներից, տեսանյութի կադրերն ուղեկցվում են ինչ-որ տեքստով, որի հիմնական շեշտադրումն այն է, որ դեսպանատան մոտ ցուցարարները հավաքվում են ոչ թե ինքնաբուխ, այլ կազմակերպված ձեւով: Իսկ կազմակերպիչներն էլ եղել են Լ.Տեր-Պետրոսյանը, նույն Ա.Արզումանյանը, Ն.Փաշինյանն ու ընդդիմության մյուս առաջնորդները: Ֆիլմի տեքստից, կադրերից ու մեկնաբանությունից ակնհայտ է, որ ստեղծողները նպատակ են դրել մարտի 1-ի արյունոտ դեպքերի պատասխանատու ներկայացնել նույն Ա.Արզումանյանին, Ն.Փաշինյանին ու հատկապես Լ.Տեր-Պետրոսյանին: Տեսանյութի մյուս հիմնական հատվածը Ա.Արզումանյանի հեռախոսազրույցներն էին, որտեղ նա Ն.Փաշինյանի հետ խոսում է «Ժառանգություն» խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանի ու ընդդիմության այլ ակտիվիստների մասին: Եվ այդ դրվագներից ակնհայտ է դառնում, որ ֆիլմում նաեւ նպատակ է դրվել լարվածություն ստեղծել Ա.Արզումանյանի, Ն.Փաշինյանի ու այն մարդկանց հարաբերությունների մեջ, ում մասին նրանք խոսում են: Ընդ որում, հատվածներ կան, որոնք կրկնվում են եւ այդպիսով կարծես թե փորձ է արվում ավելի պարտադրել ցանկալի լարվածությունը: Իհարկե, այդ ֆիլմում չկային այն արյունոտ տեսարանները, զինված ու զինվող ոստիկանների կամ քաղաքացիական հագուստով մարդկանց կադրերն ու հատկապես այն կադրերը, որոնք կմատնեին, թե ցուցարարների վրա զենք է կիրառվել, որ մարտյան դեպքերի պատասխանատուն ու կազմակերպիչը իշխանություններն են: Ի դեպ, հիշեցնենք, որ անցած շաբաթ Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը հայտարարել էր, թե անընդունելի ու մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է համարում ընդդիմության ներկայացուցիչների հեռախոսազրույցների գաղտնալսումը:
Ավելացնենք, որ «կոնտր-ֆիլմին» արդեն ծանոթ էր նաեւ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, սակայն նա չցանկացավ խոսել այդ մասին: Հարցին, թե դիպուկահարի առկայության մասին ինչո՞ւ ավելի վաղ չի հայտնել, երբ իմացել է, նա պատասխանեց, թե դիպուկահարի մասին իմացել է դեռեւս օգոստոսին: Ոստիկանությանը հարցում է ուղարկել, թե մարտի 1-ին ի՞նչ հատուկ միջոցներ են օգտագործել, պատասխան է ստացել, որ այլ զենքերի հետ միասին՝ եղել է նաեւ մեկ դիպուկահար: Այդ մասին իմացել են նաեւ հանձնաժողովի անդամները: «Ձեզ չեմ ասել, որովհետեւ չեք հարցրել: Հարցրել է արտասահմանցի այդ լրագրողը, նրան ասել եմ: Հիմա ինձ մոտ շատ այլ նյութեր կան, որոնց մասին դուք տեղյակ չեք»,- ասում է պարոն Նիկոյանը:
Շաբաթներ շարունակ Ոստիկանությունն ու Դատախազությունը պնդում էին, թե ցուցարարների նկատմամբ զենք չի կիրառվել, եւ ահա պարզվում է, որ դիպուկահարը կրակ է արձակել: Այս հանգամանքը արդյո՞ք չի ստիպել, որ Ս. Նիկոյանը փաստը կարեւորի եւ այդ մասին բարձրաձայնի: «Չեմ կարծում, որ դա այդպիսի նյութ էր, չեմ կարծում, որ որեւիցե մեկը կարող էր մտածել, որ նման իրավիճակներում, երբ ներքին զորքերն արդեն գործառույթ էին իրականացնում, դիպուկահար չի լինի: Դրանք ձեզ համար են սենսացիա, բայց մեզ համար սենսացիա չեն, որովհետեւ հանձնաժողովը դրանց պատասխանն ունի»,- ասում է Ս.Նիկոյանը: ՀԱԿ անդամ Դ.Շահնազարյանը երկու օր առաջ կարծիք էր հայտնել, թե քանի որ այդ օրը գործել են Ոստիկանության 3 ստորաբաժանումներ, ուրեմն ոչ թե մեկ, այլ 3 դիպուկահար է եղել: Ս.Նիկոյանը Ոստիկանությունից 1 դիպուկահարի մասին պատասխան է ստացել եւ դա այդպես է ընդունել: Նա ասում է, որ ենթադրությունների վրա չի հիմնվում, իսկ մարդիկ փաստեր ունեն, թող ներկայացնեն հանձնաժողով: «Միգուցե իմ եզրակացության մեջ ասեմ, թե հարգելի Ոստիկանություն, ինչո՞ւ քիչ դիպուկահարներ ես օգտագործել, որովհետեւ նման զանգվածային իրադարձության ժամանակ պետք է շատ ավելի դիպուկահարներ լինեին: Խնդիրն այն մասին չէ, թե նրանք ինչ գործողություն պետք է իրականացնեն: Ոստիկանն իրեն ամրակցած հատուկ միջոցը պետք է կիրառի օրենքի շրջանակում: Իսկ օրենքը հստակ ասում է, թե որ դեպքում ինչ պետք է անել»,- ասում է Ս.Նիկոյանը: Նա նաեւ անդրադարձավ այն հարցին, թե իր եւ Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի ասածների մեջ հակասություններ կան: «Դա հակասություն չէ, ես չեմ ասել, թե Ոստիկանությանը մեղադրել եմ, որ դիպուկահարի արձակած կրակոցից մարդ է մեռել, ես բարձրաձայն մտածել եմ, որ հնարավոր է այդ իրադարձություններն այնպես կարգավորել, որ զոհեր չլինեին: Ես պետք է հասկանամ, նա կարո՞ղ էր այդ իրավիճակում այլ կերպ վարվել: Եվ հենց այդ օրինակն եմ բերել»,- ասում է Նիկոյանը: