«Սոցիալական բունտ»

28/11/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ ԱԺ Նիստերի դահլիճում բավական լարված մթնոլորտ էր. պատգամավորները բողոքի ցույց էին կազմակերպել կառավարության դեմ: Բանն այն է, որ Կառավարությունը մի քանի օր առաջ մի առաջարկություն է ներկայացրել ԱԺ-ին` բարձրացնել դատավորների աշխատավարձը` պատճառաբանելով, թե այդպիսով այդ համակարգում կնվազեն կոռուպցիոն ռիսկերը: Պատգամավորներն ամիսներ առաջ իրենք էին կառավարությանն առաջարկել կրկնակի բարձրացնել իրենց ու ՀՀ իշխանության մյուս մարմինների պաշտոնյաների աշխատավարձերը: Առաջարկել էին բարձրացնել նաեւ նվազագույն աշխատավարձի ու քաղծառայողների բազային աշխատավարձի չափը: Կառավարությունն այս առաջարկությունը տարբեր պատճառաբանություններով երեք անգամ հետ է ուղարկել ու ահա վերջին անգամ էլ որոշել է շրջանցելով պատգամավորներին` բարձրացնել միայն դատավորների աշխատավարձը: Եվ իր այս քայլով Կառավարությունը, փաստորեն, պատգամավորներին եւս մեկ անգամ հասկացնում է, որ օրենսդիր-գործադիր հարաբերությունների մեջ որոշողն ինքն է, որ ԱԺ-ն պետք է ոչ թե օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնի, այլ դակի միայն իր ուղարկած օրինագծերը: Ընդ որում, Կառավարությունն այնքան առաջ է գնացել իր այս ցանկության մեջ, որ օրենքները դակող մարմնին թույլ չի տալիս բոլորի հետ միասին բարձրացնել նաեւ իր աշխատավարձը: Առաջարկն էլ ներկայացրել է 2009թ. բյուջեի նախագծի ընդունումից ընդամենը օրեր առաջ` արտահերթ նիստին քննարկելու եւ ընդունելու պայմանով: Եվ այս ստորացուցիչ վերաբերմունքը երեկ կարծես թե շարժել էր հայրենի պատգամավորների մեծամասնության անշարժ ինքնասիրությունը: Կառավարության ուղարկած առաջարկին երեկ դեմ արտահայտվեցին բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Նույնիսկ ՀՀԿ խմբակցության որոշ անդամներ բավականին խրոխտ ելույթներ ու ռեպլիկներ հնչեցրին: «Մենք ենք ձեւավորում կառավարությունը, բայց նա է մեզ կառավարում»,- բարկացած հայտարարեց ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը: Ի դեպ, կառավարությունը, նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հավանության են արժանացրել պետբյուջեից վճարվող օգնական ունենալու պատգամավորների առաջարկը: Մինչ այդ օգնականներին վճարում էին պատգամավորներն իրենք` սեփական գրպանից: «Կարո՞ղ է էդ օգնականն իմ տանն է աշխատելու»,- հայտարարեց Վ.Այվազյանը` ակնարկելով, թե դա մեծ զիջում թող չհամարեն: «Եթե պիտի իմ աշխատավարձը բարձրացնեն մի պայմանով, որ ես կաշառք չվերցնեմ՝ ես այդ բարձր աշխատավարձը կշպրտեմ տվողի դեմքին, իսկ ովքեր համաձայնում են այդ հիմնավորմամբ աշխատավարձի բարձրացմանը, ուրեմն համաձայն են իրենց սոցիալական գնահատականի հետ: Ամոթ է»,- հայտարարեց մեկ այլ ՀՀԿ-ական` Համլետ Հարությունյանը: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նույնպես բարկացած էր. նրա ունեցած տվյալներով՝ գործադիրը պատրաստվում է կրկնակի բարձրացնել դատավորների աշխատավարձն ու 220.000 դրամից դարձնել 440.000 դրամ: Նա հայտարարեց, թե ոչ թե պետք է դատավորների աշխատավարձը կրկնակի անգամ բարձրացնել, այլ այդ գումարը բաժանել բոլոր ղեկավար մարմինների վրա ու հավասարաչափ բարձրացնել նաեւ օրենսդիր ու գործադիր պաշտոնյաների աշխատավարձերը: Նույն խմբակցությունից Հովհաննես Մարգարյանն այս առիթով նույնիսկ անեկդոտ պատմեց ու ասաց, թե կառավարությունը իրեն է համեստ անվանում, բայց իրականում համեստը պատգամավորներն են: «Եթե այդպես է, եկեք կառավարության անունը համեստ դնենք: Մենք համեստություն ցուցաբերեցինք, բայց մեզ անակնկալ մատուցեցին: Մեր աշխատանքը հավասարեցրեցին Կենտրոնական բանկի հավաքարարի աշխատանքին»,- ասաց Հ.Մարգարյանը: Հիշեցնենք, որ տարիներ առաջ, երբ նորից խորհրդարանում քննարկվում էր աշխատավարձերի խնդիրը, պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հայտարարել էր, թե ԿԲ հավաքարարը պատգամավորից շատ աշխատավարձ է ստանում: ԿԲ նախագահը, որ այն ժամանակ նույն Տիգրան Սարգսյանն էր, պատասխանել էր, թե պատգամավորին հրավիրում է իր մոտ հավաքարար աշխատելու: Հիմա այդ նույն տրամաբանությամբ վարչապետ դարձած Տիգրան Սարգսյանը փորձում է պատգամավորներին պարտադրել իր գծած սահմանները:

ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանին հետաքրքրում էր, թե կառավարությունն ունի՞ արդյոք ուսումնասիրություն եւ հիմնավորում, որ դատավորների աշխատավարձը բարձրացնելով` այդ համակարգում կոռուպցիան կնվազի: «Մարտի 1-ի հետ կապված խայտառակ դատավարություններից հետո կարծես թե մենք պետք է պարգեւատրենք այդ համակարգին»,- հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը: Կառավարությունն իր այս առաջարկը պաշտպանելու համար ԱԺ էր ուղարկել Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանին, ով մեծ դժվարությամբ էր կարողանում դիմակայել պատգամավորների հարձակումներին: «Կառավարությունն ընդամենը առաջարկ է արել»,- ի պատասխան` ասաց նա: Ընդ որում, պատգամավորները դժգոհելով կառավարության այս առաջարկից` ասում են, թե իրենք դժգոհ են ոչ թե նրա համար, որ իրենց աշխատավարձը չի բարձրանում, այլ որովհետեւ Սահմանադրություն, օրենք եւ տարիներ առաջ ստեղծված սկզբունք է խախտվում: 2002թ. ԱԺ-ն ընդունել է օրենք, որի համաձայն՝ օրենսդիր, գործադիր ու դատական համակարգում աշխատավարձերը պետք է բարձրացվեն փոխկապակցված ու համամասնորեն: Սակայն տարիների ընթացքում այդ օրենքը բազմիցս խախտվել է` այս տարեսկզբին բարձրացվել է դատախազների աշխատավարձը: Դատական համակարգում բարեփոխումներ կատարելու արդյունքում այստեղ էլ որոշակի հավելավճարների համակարգ է սահմանվել եւ այդպես շարունակ: Եվ ահա պատգամավորները գտնում են, որ այս առաջարկը մեկ անգամ եւս խախտում է հաստատված օրենքն ու սկզբունքները: Բացի այդ, եթե մինչեւ հիմա դատավորների աշխատավարձն օրենքով էր կարգավորվում եւ այդպիսով ապահովում էր այդ համակարգի անկախությունը գործադիրից, ապա այս առաջարկության դեպքում արդեն բյուջեով է սահմանվում դատավորի աշխատավարձը: Եվ քանի որ բյուջեն նաեւ քաղաքական փաստաթուղթ է, պատգամավորների կարծիքով՝ այդպիսով կքաղաքականացվի նաեւ դատական համակարգը, ինչն անթույլատրելի է: «Բացի այդ, նույն դատական համակարգում տեղի է ունենում անհամաչափ գնահատում` Սահմանադրական դատարանի անդամները վարձատրվելու են նույն չափով, մինչդեռ դատավորների աշխատավարձը պիտի բարձրանա: Սա աբսուրդ է: Իմ գնահատմամբ՝ այստեղ կա նաեւ սահմանադրական նորմերի` իշխանությունների տարանջատման եւ հավասարակշռման սկզբունքի ուղղակի խախտում: Թե՛ Սահմանադրությունը, թե՛ օրենսդրությունը ասում են, որ դատական համակարգը քաղաքականությունից զերծ է անաչառ արդարադատություն իրականացնելու առումով: Իսկ եթե դատավորների աշխատավարձը բարձրացնում ենք, ոչ թե օրենքով, այլ բյուջեով, ստացվում է, որ այն կառուցվելու է քաղաքական ուժերի քննարկումների հիման վրա»,- ասում էր ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:

Հ.Գ.
Իհարկե, զուտ ինստիտուցիոնալ առումով բավական տգեղ է, թե ինչպես է կառավարությունը վարվում ընտրովի մարմնի` ԱԺ-ի հետ, սակայն հաշվի առնելով ներկայիս խորհրդարանի կազմը (հատուկենտ բացառություններով), պետք է ասել, որ երեկվա տեսարանը բավական զավեշտալի էր: Նույն այդ պատգամավորների մեծ մասը դակում է կառավարության ներկայացրած բոլոր նախագծերը, որոնք առնչվում են հազարավոր քաղաքացիների, առանց աչք թարթելու կողմ է քվեարկում իրենց գործընկերներին անձեռնմխելիությունից զրկելու Գլխավոր դատախազի միջնորդությանը….: Ու հիմա բողոքում են, որ իրենց հետ անարդարացի են վարվում: Ինչպես նկատեց գործընկերներիցս մեկը` նրանց հասնում է: