Երեկ հրավիրված ասուլիսում Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը հայտարարեց, թե նոյեմբերի 20-ին նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ կազմակերպված 50 կուսակցությունների հավաքին ինքը մասնակցել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի իմացությամբ:
Ըստ Դ. Հակոբյանի` այդ հավաքից մեկ օր անց ՀԱԿ ակտիվի հետ հանդիպման ժամանակ Լ. Տեր-Պետրոսյանն ասել է, որ նախապես տեղյակ է եղել Հակոբյանի մասնակցության մասին եւ նրան ազատ է թողել «մանեւրելու» համար, քանի որ իրենց պետք է եղել «ինֆորմացիա կ ռազմիշլենիյու»: «Ընդդիմության գաղափարական հրետանու ներկայությունը ուղղակի անհրաժեշտություն էր»,- ըստ Դ. Հակոբյանի՝ ասել է Լ. Տեր-Պետրոսյանը: «Մինչդեռ որոշ հիմարիկ ուղեղիկներ համարում են, որ ընդդիմությունը դա ռեւանշիստների համախումբ է»,- ասաց թիվ մեկ մարքսիստը` նկատի ունենալով բոլոր նրանց, ովքեր այդ հավաքից հետո իրեն մեղադրում էին իր մասնակցության համար:
Երեկ նա որոշ մանրամասներ պատմեց այդ հավաքից, որից, ի դեպ, շատ դրական տպավորություններով էր հեռացել: Դ. Հակոբյանի ասելով` հավաքի ժամանակ, հատկապես իր ելույթի ընթացքում, Սերժ Սարգսյանն իրեն պահել է «համեստ, խոհեմ, ցուցաբերել է մինչեւ վերջ լսելու ունակություն եւ քաղաքական բարձր կուլտուրա»: «Ես իմ ելույթի ողջ ընթացքում սպասում էի` ուր որ է հիմա կացինը կիջնի, բայց մարդը շատ բարձր կուլտուրայով լսեց ինձ»,- ասաց նա: Հարցին, թե ճի՞շտ էին մամուլի հրապարակումները, որ Ս. Սարգսյանն իրեն դիմել է «արայով», Դ. Հակոբյանը, ոչ ավել, ոչ պակաս, ասել է. «Նախագահն ամեն ինչի իրավունք ունի, քանի որ նա նախագահ է, վոժդ»: Փաստորեն դրանով հաստատելով, որ Ս. Սարգսյանը այնուամենայնիվ այդպես է խոսել: Սակայն ասուլիսի մեկ այլ հյուր՝ Տիգրան Կարապետովիչը, համաձայն չէր Դ. Հակոբյանի ասածների հետ` նշելով, թե նախագահն ու «վոժդը» տարբեր բաներ են, եւ, որ «ամեն նախագահ չէ, որ կարող է լինել «վոժդ», ու ամեն «վոժդ» չէ, որ կարող է լինել նախագահ»: Այնուհետեւ Տ. Կարապետիչն ասաց, որ այդ խորհրդակցության ժամանակ ինքն այդպես էլ չի ստացել իրեն հուզող հարցերի սպառիչ պատասխաններ (Կարապետիչին հարց տալու համար տրվել է 3 րոպե ժամանակ, իսկ մարքսիստ Դ. Հակոբյանին` 8 րոպե): «Առաջին հարցս, որ տվեցի պարոն նախագահին, այն էր, որ պետք է ադեկվատ լինել, չէ՞ որ Արցախի կարգավիճակը մեկ օրվա, մեկ տարվա լուծման հարց չի: Ի՞նչ պետք է անենք մենք այսօր, իրո՞ք ճիշտ է նոր քայլեր ձեռնարկելը: Երկրորդ հարցս վերաբերում էր նրան, թե ինչո՞ւ համանախագահները, երբ խոսում են փախստականների վերադարձի մասին, չեն նշում քանակը: Բայց այս հարցերիս պատասխան չստացա,- ասաց նա` հավելելով,- Գուցե վերջո՞ւմ էի նստած, դրա համար»:
Ի դեպ, Տիգրան Կարապետյանին այդ հավաքից դուր չի եկել այն, որ որոշ «նախկին ընդդիմադիրներ» փորձել են քծնել Ս. Սարգսյանին: Տ. Կարապետիչի ասելով` իր համար «անդուր» է եղել, երբ «որոշ նախկին ընդդիմադիրներ դարձել էին օճառի գործարանի տնօրեններ»: Հարցին, թե հատկապես ովքեր են «օճառի» մասնագետներ դարձել, Տ. Կարապետյանը պատասխանեց. «Խոսքը որոշների մասին է, որոնք նախկինում 450 հազար ձայն էին ստանում»: Բայց, ինչպես միշտ, ըստ Տ. Կարապետյանի` ինքը կարողացել է իրեն պահել «կենտրոնում», այն դեպքում, երբ, ըստ նրա` մասնակիցների «մի մասը հարձակվում էր Սերժ Սարգսյանի վրա, մյուս մասը՝ պաշտպանվում»: