Երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը բոլորին հորդորում էր խուճապի չմատնվել՝ համոզելով, որ տնտեսական ճգնաժամը Հայաստանի վրա չի ազդելու, մի տեսակ ներքին զգացողություն կար, որ երբ «համը դուրս գա»՝ այս խոսքերը մոռացվելու են, եւ որպես հայ ազգի բոլոր դժբախտությունների հիմնական պատճառ` իշխանությունները նշելու են հենց այդ ճգնաժամը։
Այդպես էլ եղավ։
Դա արտահայտվեց առաջին հերթին վարչապետի՝ ԱԺ ում ունեցած ելույթի ժամանակ, երբ նա հայտարարեց, որ կառավարության ջանքերի գնով Հայաստանը հաղթահարել է ճգնաժամի առաջին փուլը եւ այժմ քայլեր է անում երկրորդ ալիքին դիմագրավելու համար։ Իսկ երեկ արդեն կոնկրետ թվերով խոսում էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Ճյուղային եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Հայկ Միրզոյանը՝ ներկայացնելով նախարարության անցկացրած մոնիտորինգի արդյունքները։ Իսկ այդ արդյունքները ցույց են տալիս, որ 2008թ. հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում արդյունաբերական ձեռնարկություններում արտադրանքի ծավալը նվազել է 0.9 տոկոսով, իրացման ծավալը կազմել է 96,8 տոկոս, իսկ արտահանումը նվազել է 6.5 տոկոսով։ Անկում նկատվում է բոլոր ոլորտներում՝ հանքարդյունաբերության, հաստոցաշինության, թեթեւ արդյունաբերության եւ այլն։ Որոշակի աճ արձանագրել են մեքենաշինության եւ ակնագործության ու ոսկեգործության ոլորտները՝ ավելի քան 12 տոկոսով։ Սակայն դրանով մխիթարվել չի կարելի, քանի որ, ինչպես նշեց Հ. Միրզոյանը` «դեռեւս վաղ է ասել, թե այդ ճյուղերում նկատվող աճը կլինի կայուն, քանի որ այդ շուկայում էլ գների անկում է տեղի ունենում»։ Ինչեւէ, վերադառնանք այն ճյուղերին, որտեղ խնդիրներ կան։ Թեթեւ արդյունաբերության ոլորտում, ըստ Հ. Միրզոյանի, անկում նկատվում էր դեռ մինչեւ ճգնաժամի սկիզբը։ Ինչ վերաբերում է հաստոցաշինությանը, ապա, ըստ բանախոսի, անկման պատճառն այն է, որ այս ոլորտում հիմնական գործընկերներն ԱՊՀ երկրներն են, որոնք էլ, կրելով ճգնաժամի բացասական ազդեցությունները, պատվերների ծավալները նվազեցրել են: Դրսի պահանջարկի նվազմամբ է բացատրվում նաեւ քիմիական արդյունաբերության ծավալների անկումը, ինչն առաջին հերթին արտահայտվում է «Նաիրիտի» արտադրության ծավալների նվազմամբ։ Եվ, իհարկե, հանքարդյունաբերության ոլորտը։ Ըստ Հ. Միրզոյանի, միջազգային տնտեսական ճգնաժամը Հայաստանում հիմնականում ազդել է հենց այս ոլորտի վրա՝ կապված միջազգային շուկայում գունավոր մետաղների գների անկման հետ:
Փաստորեն՝ այն, ինչ պետք էր ապացուցել. արտադրության ոլորտի անկումը մերոնք բացատրում են համաշխարհային տնտեսական ճգնաժամով, որը մի դեպքում արտահայտվել է գների անկմամբ, մյուս դեպքում՝ պահանջարկի նվազմամբ։ Այս ամենի հետ չհամաձայնել, իհարկե, անհնար է։ Այստեղ կարելի է միայն արձանագրել, որ Հայաստանում արդյունաբերության ծավալները, եթե ոչ նվազում, ապա շա՜տ դանդաղ են աճել վերջին տարիներին։ Ու դա սկսվել է ոչ թե միջազգային ճգնաժամից, այլ այն պահից, երբ ազգային դրամը սկսեց արժեւորվել։
Հիմա գանք վարչապետի ելույթում հնչած մյուս դրույթներին՝ «ճգնաժամի երկրորդ ալիքին» դիմակայելու վերաբերյալ։ «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունները մեղմելու ուղղությամբ Հայաստանի կառավարությունն իրականացնում է մի քանի ծրագրեր, որոնց հիմնական նպատակը ճգնաժամի արդյունքում ծագած խնդիրների լուծումն է»,- ասաց Հայկ Միրզոյանը: Վերջինիս խոսքերով, վարչապետին կից ստեղծվելու է խորհուրդ, որի հիմնական նպատակը կառավարության հանձնարարականով մշակվող բիզնես-ծրագրերի հավաքագրումն ու քննարկումն է լինելու։ Այդ ծրագրերը բերվելու են գործարար-ծրագրերի ձեւաչափի եւ, ըստ անհրաժեշտության, սկսելու են կյանքի կոչվել: Յուրաքանչյուր մարզից արդեն ներկայացվել է 5 ծրագիր:
Կառավարությունը նաեւ փոքր եւ միջին ընկերություններին, ըստ անհրաժեշտության, տրամադրելու է պետական երաշխիքներ, որպեսզի վերջիններս գրավի խնդիր չունենան եւ կարողանան մատչելի վարկային միջոցներ ներգրավել։ Բացի այդ, Էկոնոմիկայի նախարարությունը ներկայումս մշակում է մի ծրագիր, որով պետությունն իրականացնելու է ընկերությունների կապիտալի ֆինանսավորում։ Այսինքն՝ պետությունը ներդրում է անելու ընկերությունների կանոնադրական կապիտալում՝ դառնալով բաժնետեր, հետագայում այդ բաժնեմասը նորից տնտեսվարողին վերադարձնելու պայմանով:
Կառավարությունը որոշել է փոքր եւ միջին ձեռներեցներին օգնել նաեւ «cash» փողով. 17 մլրդ դրամ գումար է տրամադրվելու՝ հայ-գերմանական հիմնադրամի միջոցով: Համաշխարհային բանկի կողմից ստացվելիք 250 միլիոն դոլարի մասին, սակայն, երեկ խոսք չգնաց, ըստ երեւույթին, բանակցությունները դեռ շարունակվում են։
Սրա հետ կապված՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը նշել էր, որ պարզ չէ, թե առաջնահերթությունը ո՛ր ոլորտներին է տրվելու, ինչպե՞ս են թիրախավորվելու փոքր եւ միջին ընկերությունները։ Այս հարցի պատասխանը լրագրողները երեկ փորձեցին ստանալ Հ. Միրզոյանից։ Վերջինս նշեց, որ պետությունը օգնություն տրամադրելու է այն գործարարներին, ովքեր կներկայացնեն նորմալ, հիմնավորված բիզնես-ծրագրեր, իսկ կոնկրետ ոլորտներ չեն առանձնացվել։
Եվ վերջապես, ինչպես նշեց Հ. Միրզոյանը` «Ճգնաժամի ազդեցությունը մեղմելու ուղղությամբ կառավարությունը նաեւ սկզբունքային որոշում է կայացրել՝ պետական գնումների համակարգում հավասար պայմանների դեպքում առաջնահերթությունը տալով տեղական արտադրողին»: Այս մասին իր հայտնի ելույթում նշել էր նաեւ վարչապետը։ Մնում է գուշակել, թե մինչեւ այդ «սկզբունքային որոշումը» պետական գնումների հարցում նախապատվությունն ո՞ւմ էր տրվում։ Երեւի սիրուն աչքեր ունեցողներին։