Վերջին շրջանում մեր իշխանավորները շատ են ասում, որ «մենք փոքր ազգ ենք»:
Երկու օր առաջ հինգ հայ տղամարդ ապացուցեցին, որ թեեւ մենք փոքրաթիվ ենք, սակայն փոքր ազգ չենք: Եվ օգտվելով առիթից, մենք էլ ենք ուզում շնորհավորել մեր շախմատիստներին՝ իրենց փառահեղ հաղթանակի առթիվ, եւ մաղթել նորանոր հաջողություններ: Սա այն հազվադեպ իրադարձություններից է, որոնցով ուրախանում են բոլոր հայերը` առանց բացառության: Այսօր Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանն ու Արտաշես Մինասյանն, առանց չափազանցության, ազգային հերոսներ են: Բայց նման հաղթանակները հենց այնպես չեն գալիս: Այս հաղթանակը սկսել են դեռ Տիգրան Պետրոսյանն ու Հենրիկ Կասպարյանը, Ռաֆայել Վահանյանն ու Արշակ Պետրոսյանը: Մարդիկ, որոնք դարձել են հայկական շախմատի դպրոցի հիմնադիրներ: Չեմ կարող ասել՝ պատահակա՞ն է, թե՞ ոչ, որ շախմատի մեր դպրոցը կարողացել է «չքանդվել», սակայն շատ ու շատ հայկական «դպրոցներ» աղետալի վիճակում են: Միայն այն փաստը, որ վերջին քսան տարիների ընթացքում չի նկարահանվել գոնե մեկ հայկական ֆիլմ, որը կկարողանա հիշել հանդիսատեսը, խոսում է այն մասին, որ հայկական կինոդպրոցը քայքայման եզրին է: Ավելի անմխիթար իրավիճակ է գիտության ոլորտում: Դե, իսկ ինժեներական դպրոցը, կարծում եմ, մենք անվերադարձ ենք կորցրել (բացառությամբ բարձր տեխնոլոգիաների «դպրոցից», որի հիմնադիրն էր Մերգելյանը): Ոլորտները կարելի է անվերջ թվարկել: Սակայն այս ամենը, կարծում եմ, ունի իր արմատները: Այս ամենը «դոմինոյի սկզբունքով» քանդվում է, քանզի քանդվում է ամենակարեւոր ոլորտը` պետական կառավարման եւ քաղաքական գործիչների դպրոցը: Ու թեեւ բոլշեւիկների առաջնորդ Վ. Լենինը պնդում էր, որ «գոսուդարստվոմ մոժետ ուպրավլյատ կաժդայա կուխարկա», այնուամենայնիվ, նույն այդ բոլշեւիկների օրոք` սկսած 40-ական թվականներից, պետական բարձրաստիճան պաշտոնյաները բավականին հարուստ եւ որակյալ «դպրոց էին» անցնում: Իսկ ահա արդի Հայաստանում գյուղապետից մինչեւ նախարարի պաշտոնում հայտնված պատահական մարդկանց քանակն անհամեմատ գերազանցում է «դպրոց» անցած կադրերին: Մի պահ պատկերացրեք, որ մեր շախմատային հավաքականի անդամ ընտրվեին ոչ մեր չեմպիոնները, այլ ինչ-որ մի օլիգարխի քենու տղան, կամ որեւէ պատահական չինովնիկի հարեւանի բաջանաղը: Երեւի թե այդպես չի ստացվել, որովհետեւ վերոնշյալ օլիգարխներն ու չինովնիկներն ու նրանց ժառանգներն իրենց ինտելեկտուալ հնարավորություններով այնքան հեռու են շախմատից, որքան եւ իրենց զբաղեցրած պաշտոններից: Երեկ դիտում էի այն կադրերը, որտեղ նախագահ Սերժ Սարգսյանն անկեղծ ուրախանում էր մեր հավաքականի հաջողությամբ: Համոզված եմ, ոչ այն պատճառով, որ ինքը Շախմատի ֆեդերացիայի նախագահն է կամ Հայաստանի Հանրապետության նախագահը: Նա ուրախանում էր ճիշտ այնպես եւ այնքան, ինչքան ուրախանում էր Հայաստանի յուրաքանչյուր շարքային քաղաքացի: Եվ չեմ կասկածում, որ Սերժ Սարգսյանը նույն կերպ կուրախանար, եթե որեւէ հայ ռեժիսոր արժանանար «Օսկար» մրցանակի, հայ գիտնականը՝ Նոբելյան մրցանակի: Ուրախ կլինի, եթե մեր պետությունը լինի տնտեսապես զարգացած եւ առաջատար երկիր: Եվ նման պարագայում առնվազն անհասկանալի է, թե ինչո՞ւ այդ դեպքում մնացած բնագավառներում նա չի ուզում ունենալ նման «գրոսմայստերներ», այլ փորձում է «յոլա գնալ այգիներում ու բեսեդկաներում խաղացող լյուբիտելներով»: Եվ ցավալին ոչ այնքան այն է, որ այսօր պետական համակարգում «լյուբիտելները» գերակշռում են, այլ այն, որ Հայաստանում արդեն ստեղծվել է «լյուբիտելների» դպրոց, որը քանդելը շատ դժվար է: Դիմադրությունը շատ մեծ կլինի, քանզի նրանք միշտ էլ մեծամասնություն են կազմում: Նրանք արդեն ողողել են, օրինակ, ողջ հեռուստատեսությունը: Այնպիսի տպավորություն է, որ մեր հեռուստատեսություններն այսօր մրցում են ընդամենը մեկ չափանիշի շրջանակներում` ով ավելի անորակ եւ անճաշակ կլինի: Մանկական «Եվրատեսիլում» մեր անհաջողության միակ պատճառը հեռուստատեսության այն աշխատակիցներն են, ովքեր ունենալով հայի քիթ, այնքան «քթածակ» չունեին` հասկանալու համար, որ նման մրցույթներում հաղթում է ոչ թե երգիչը, այլ երգը: Երաժշտությունից հեռու մարդ լինելով հանդերձ, հասկանում էի, որ Մոնիկա Մանուչարովան շատ լավ տվյալներ ունի: Սակայն, միեւնույն ժամանակ, հասկանալի էր նաեւ, որ նման երգը ոչ մի շանս չուներ որեւէ հաջողության արժանանալու այդ մրցույթում: Առավել եւս, որ երգը ոչ մանկական էր, ոչ էլ հիշվող: Ի դեպ, մեր «քթածակը» մեզ` հայերիս, շատ անգամ է դավաճանում: Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Երեւանում բացվել է քաղաքի ծանրաբեռնված հատվածը շրջանցող մի որակյալ ճանապարհ, որով, չգիտես ինչու` մեր վարորդները չեն երթեւեկում: Այդ ճանապարհին չկա ոչ մի լուսաֆոր եւ ոչ մի խաչմերուՍ: Քաղաքի կենտրոնից մինչեւ Կոմիտասի պողոտա եւ Դավթաշեն՝ ավտոմեքենան հասնում է 2-3 րոպեում: Սակայն մեր վարորդները գերադասում են ավելի շատ ժամանակ եւ վառելիք ծախսել, բայց երթեւեկել կենտրոնով: Համաձայնեք` «քթածակի» խնդիր հաստատ կա: