Իբրեւ նախաբան
Մենք հաճախ ենք ասում, որ հին ժողովուրդ ենք, որ երբ մենք այսպիսի ու այսպիսի բաներ ունեինք, մյուս ժողովուրդները (կամ կոնկրետ այս կամ այն ազգը) դեռ ծառերի վրա էին: Մյուս կողմից` ասում ենք. ի՞նչ եք ուզում մեզնից: Մենք դեռ նոր ենք պետականություն կառուցում, դեռ շատ բան չգիտենքգ Այս ամենը մի տեսակ իրար չի բռնում, այնպես չէ՞: Երրորդ կողմից` մենք բոլորս տեսնում ենք, որ գալիս ու մեզ սովորեցնում են ոչ այն, ինչ մենք ուզում ենք սովորել: Ընդ որում` սովորեցնում են, որպես կանոն, մեր չինովնիկներից շատ ավելի պակաս խելացիները: Եվ դժգոհ են բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր այդ գրանտներից օգտվում են: Ժողովուրդը գիտե, որ նրանք ձեւի համար են դժգոհում: Մյուս կողմից` մեզ բոլորիս անհրաժեշտ է սովորել: Ընդ որում` արագ եւ լավ, քանի որ ժամանակը սուղ է. առջեւում մեծ փորձություններ են սպասվում: Իսկ Հայաստանը պաշտպանության չափազանց ցածր դիմադրողականություն ունեցող երկիր է, թեեւ գոյատեւման մեծ իմունիտետ ունի: Սակայն սա՝ այն դեպքում, եթե մենք կրկին կորցնենք մեր պետականությունը:
Գլխավորի մասին
Պետական մեքենան ստեղծելուց առաջ մենք նախեւառաջ պետք է գոնե ընդհանուր գծերով ուսումնասիրեինք ժողովրդին, այն հասարակությունը, որը պետք է դառնա ապագա պետության հիմնաքարը: Պայմանականորեն ասած` մենք երեք խորհրդարան ենք ունեցել, ինչպես երեք նախագահ: Բոլոր երեք խորհրդարաններն էլ` օրենսդիր մարմինը, ամեն մեկը յուրովի չգիտեր եւ չէր հասկանում այն հասարակությանը, որի համար օրենքներ էր գրում: Այսպիսին են եղել եւ մնում նաեւ նախագահները: Ես հույսս դրել էի երրորդ նախագահի վրա, սակայն, ինչպես երեւում է, նա ոչ մի կերպ չի ուզում փոխել սելեկցիայի մեխանիզմը եւ իշխանության էությունը:
Մենք պետք է հաշվի առնենք պետության կառուցման աշխարհում եղած փորձը եւ վերլուծենք այն: Օրինակ` Օբաման իշխանության գլուխ եկավ աշխարհի տնտեսապես ամենահզոր երկրում: Երկիրը շատ բարդ խնդիրներ ունի, սակայն նրանք բաց են հասարակության եւ աշխարհի առջեւ: Նրանք դա չեն թաքցնում: Ավելին, այդ խնդիրները համակողմանի ուսումնասիրելուց հետո նրանք իշխանության իրենց ճկուն, հզոր մեխանիզմը հարմարեցնում են, որպեսզի լուծեն ծագած խնդիրները, որպեսզի հանգիստ եւ արժանավայել ապրեն: Այսօր ամենաէժան ապրանքը ԱՄՆ-ում է, ամենալավ առեւտուրը` նույնպես:
Բանն այն է, որ մենք երբեք չենք լսում բարի բառեր, խելացի մտքեր, քանզի չինովնիկական իշխանությունը սովոր է լսել միայն սեփական շողոքորթությունը, չկորցնել սեփական պաշտոնը, սովոր է, թե ինչպես կաշառք տալ կամ վերցնել եւ մնալ իր աթոռին: Մեր չինովնիկը այլ բանի չի կարող արձագանքել, քանի որ դա իսկապես այդպես է: Ինձ անգամ թվում է, որ բարձրաստիճան պաշտոնյաները որոշ իմաստով երկրորդ նախագահ են. նրանցից (եւ դա նրանք վառ կերպով ցուցադրում են) այս երկրում շատ բան է կախված: Ինչո՞վ բացատրել նախագահի այդքան սուր խոսակցությունը Հարկային ծառայության հետգ
Եվ այսպես, Օբաման եկել է իշխանության: Մենք` հայերս, ի դեմս մեր հայրենակիցների, քվեարկել ենք նրա օգտին, ասել է թե` ակնկալում ենք, որ մեզ հուզող որոշ կարեւոր հարցեր կարող են լուծում ստանալ: Սակայն նայե՛ք. առաջին նշանակումը Բայդենն է, որ հայամետ հայացքներ ունի, այնինչ Էմանուելը ճիշտ նրա հակապատկերն է` թուրքամետ է: «Սա ի՞նչ «թիմ» է,- կմտածեն Հայաստանում ապրող հայերը,- մի՞թե հնարավոր է այսպիսի բան, որ նախագահը մի բան մտածի, իսկ նրա թիմի բարձրաստիճան պաշտոնյան` մի այլ բան»: Լինում է, եւ այն էլ ինչպե՛ս: Նախագահը խնդիրներն ըմբռնելու հարցում հավասարակշռության համար ընտրում է մարդկանց` հասարակության տարբեր շերտերից, տարբեր ճամբարներից: Լսեցի՞ք Օբամայի խոսքերը. «Հանրապետականներին համագործակցության կոչ եմ անում»: Եվ սա ձեւական մոտեցում չէ. սա շահավետ եւ օգտակար է Ամերիկային, ասել է թե՝ եւ՛ Օբամային, եւ՛ յուրաքանչյուր ամերիկացու:
Մեր երկրում ամեն ինչ ձեւական բնույթ է կրում, ամեն ինչ այնքան չնչին է` կեղծավորությամբ ու ներքին չարությամբ: Սա ստրուկներին է հատուկ, որոնք հարմար պահի են սպասում, որ թիկունքից հարված հասցնեն:
Հանուն մեր երեխաների մենք պետք է ուղղվենք: Երեխաները մեղավոր չեն, որ մենք այնքան էլ խելացի չենք, այնքան էլ չենք սիրում այս հողը, եւ Հայրենիքից առավել Փողն ենք սիրում, ինչն ապացույցն է այն բանի, որ ագահությունը մեզ համար բարությունից ու արդարությունից վեր է: Այսպիսի զգացմունքներով տուն չես կառուցի: Այն չի դիմանա:
Եկեք ահա միասին մտածենք, թե ի՞նչ անենք, որ խելացիներն ու արդարամիտները դառնան նոր մեխանիզմի ստեղծողները, քանզի վաղ թե ուշ ամեն ինչ վերադառնալու է «ի շրջանս յուր», միայն թե շատ մեծ կորուստների գնով: Իսկ ինչպես հայտնի է, աղքատները կորցնելու բան չունեն` «իրենց շղթաներից բացի»: