Ընդդեմ «դավաճանական քայլի»

28/11/2008

Երեկ ժամը 13-ից Եռաբլուրում եռօրյա նախազգուշական հացադուլ են սկսել Ղարաբաղյան պատերազմի մի խումբ մասնակիցներ: Նրանց հիմնական պահանջները ձեւակերպված են Սուրբ Վարդանանց եկեղեցու պատին փակցված պաստառներում` «Արցախը ճանաչել ՀՀ-ի անբաժանելի մաս», «Պահանջում ենք չզիջել»: Հացադուլավորներից վանաձորցի Մերուժան Հարությունյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է, որ հացադուլի անհրաժեշտությունը պայմանավորված է «իշխանությունների դավաճանական քայլով». «Որ ազատագրված տարածքները ուզում են հետ հանձնել: Մեր պահանջներն են` չզիջել ոչ մի թիզ հող, եւ ԼՂ-ն անհապաղ ճանաչել ՀՀ-ի անբաժանելի մաս»,- ասել է նա: Նախկին հրամանատար, Տավուշի մարզից Վարդան Մալխասյանը հստակեցրել է, թե որ դեպքում կարող են ընդունելի համարվել քննարկումները տարածքների վերադարձի շուրջ: «Տարածքների թեկուզ մեկ դեցիմետրն էլ այսօր ես դեմ եմ փոխզիջմամբ տալու,- ասել է Մալխասյանը` ավելացնելով,- Հակառակը` ադրբեջանցին ինքը պետք է մեզ հետ նստի փոխզիջման, քանի որ մենք ունենք Շահումյան, Գետաշեն, Հյուսիսային Արցախ եւ Նախիջեւան, որոնք գերեվարված են առայսօր»: Նրանք այցելել են իրենց մարտական ընկերների շիրիմներին: «Կորցրել եմ բազմաթիվ մարտական ընկերներ: Այսօր միայն Եռաբլուրում 710 ազատամարտիկ է պառկած: Չէ՞ որ 90 տոկոսը, եթե ոչ ավելին, զոհվել են հենց այդ տարածքների համար: Չհաշված մյուս զոհերը, որը 5000-ից ավելի է կազմում»,- ասել է հացադուլավորներից մեկը: «Ես զոհվածների հանդեպ ինձ մեղավոր զգալով` ուխտ արի, որ պետք է նստեմ հացադուլի, պետք լինի, կգնամ մինչեւ ինքնահրկիզման` հանուն Արցախի»,- ասել է Վ. Մալխասյանը: