Ո՞վ է հրաման տվել

28/11/2008

Երեկ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կարգադրիչների սենյակում պատասխանել է լրագրողների հարցերին:

Ըստ «Ա1+»-ի, նա նախ` որպես իրավաբան, գնահատել է` «Մարտի 1-ի» գործը քաղաքական հետապնդո՞ւմ է, քաղաքական վենդետա՞, թե՞ լուրջ իրավաբանություն: «Վենդետա» բառը իմ մտքով չէր անցել, բայց քաղաքական հաշվեհարդար ձեւակերպումը մի քանի անգամ օգտագործել եմ: Վենդետան ավելի շատ բնորոշ է իտալական ժողովրդին: Մեզ մոտ՝ ատամ ընդ ատաման, ակն ընդ ական ինստիտուտը վերացվել է, բայց հիմա, երբ որ մենք հասել ենք այստեղ, 21-րդ դար, տեսնում ենք, որ, ըստ էության, քաղաքական հաշվեհարդարը, ոնց որ ասել է Համարբերգը` վենդետան, մեր իրականության մեջ գործում է: Գործում է նաեւ արյան վրեժի ինստիտուտը, բազմաթիվ դեպքերում էլ, երբ սպանություն կատարողներին չեն բացահայտում, չեն պատժում, հետո սպանվածի հարազատը կամ բարեկամը սպանում է այդ սպանություն կատարողին: Այսօր եթե օրենքը չի գործում, մարդիկ պետք է փորձեն իրենց հարցերը լուծել իրենց միջոցներով»,- ասել է Գագիկ Ջհանգիրյանը: Որպես քրեական իրավունքի մասնագետ՝ նա կարծում է, որ «Մարտի 1-ի» գործում քրեաիրավական առումով այդպիսի հանցակազմ գոյություն չունի, իշխանության յուրացում ընդդիմության եւ ոչ մի ներկայացուցիչ չի կատարել: Ըստ նրա` ցանկացած հանցագործություն իր մեջ ունի 4 տարր` օբյեկտ, օբյեկտի կողմ, սուբյեկտ, սուբյեկտի կողմ: Գագիկ Ջհանգիրյանի ներկայացմամբ` Քրօր. 300 հոդվածով առաջադրված մեղադրանքներում այս 4 հանցակազմերից ոչ մեկը չկա: «Որեւէ հատկանիշ չկա, հետեւաբար չկա նաեւ հանցանք: Ինչո՞ւ չկա, որովհետեւ օբյեկտի կողմը 300 հոդվածի հստակ նշում է` պետական իշխանությունը յուրացնելուն ուղղված, կամ բռնությամբ պահելուն ուղղված, կամ զավթելուն ուղղված բռնի գործողությունների կատարում»,- ասել է Գագիկ Ջհանգիրյանը, ապա մանրամասնելով, որ եթե նրանք մատնանշում են մարտի 1-ի եւ 2-ի դեպքերը, ապա այդ ժամանակ ժողովուրդը քաղաքապետարանի շենքը չի գրավել, որը 2005թ. Սահմանադրության փոփոխություններից հետո արդեն ոչ թե կառավարման մարմին է, այլ՝ ինքնակառավարման: «Այսինքն` նույնիսկ ինքնակառավարման մարմնի շենք չեն գրավել: Եթե նույնիսկ գրավեին համայնքապետարաններ, գյուղապետարաններ, դա իշխանության զավթում չէր, որովհետեւ պետք է զավթեին կառավարման մարմիններ, կառավարություն: Այդ մարդիկ իրենց բողոքի ակցիան են իրականացրել»,- բացատրել է նա: Իսկ ի՞նչ էր անում ժողովուրդը Ֆրանսիայի դեսպանատան մոտ ու հարակից շրջակայքում: «Ժողովրդին ապօրինի ծեծել, ջարդել, հրել, հանել էին հրապարակից հատուկ միջոցներով, վնասվածքներով, գազով, էլեկտրաշոկով եւ այլն, եւ հետապնդում էին ամբողջ քաղաքով մեկ: Արդյո՞ք քրեադատավարական մեր օրենսդրությունը այսպիսի զննության տեսակ է նախատեսում: Զննության այդպիսի տեսակ չկա: Եթե նրանք գալիս էին հրապարակ զննության, պիտի գային առնվազն 100 քննիչի հետ, պետք է բերեին առնվազն գործի երկու ընթերական, պետք է բերեին բազմաթիվ փորձագետներ, դատահետքաբաններ, դատաբժիշկներ եւ այլն»,- նկատել է գլխավոր դատախազի նախկին տեղակալը: Ի դեպ, Գագիկ Ջհանգիրյանը ոստիկաններից եւ ոչ մեկին պատասխանատվության չենթարկելու հանգամանքի վերաբերյալ սեփական տեսակետը ունի: Ըստ նրա` իշխանությունները չեն կարող անել դա, քանի որ կբացահայտվի, թե ով է հրաման տվել: «Ես 10 տարի զինվորական դատախազ եմ եղել, կանչեք ցանկացած գնդապետի եւ հարցրեք, թող այդ ամբողջ հրապարակում սխեման ներկայացնեն` որ փողոցում որ ստորաբաժանումն է կանգնել, ներքին զորքերի որ ստորաբաժանումն է կանգնել Կորյունի վրա, որը Լեոյի վրա եւ այլն, որ վաշտը որտեղ: Վաշտի հրամանատար, քեզ ո՞վ է հրաման տվել, ենթադրենք, արցունքաբեր գազ օգտագործես կամ կրակես, կամ ջարդես, նա ասելու է՝ գումարտակի հրամանատարը, գումարտակի հրամանատար, քեզ ո՞վ է այդպիսի հրաման տվել, նա պետք է ասի՝ գնդի հրամանատարը, գնդի հրամանատար, քեզ ո՞վ է տվել, հասանք Ոստիկանության զորքերի հրամանատարի կամ ոստիկանապետի կամ նրա որեւէ տեղակալի, նրան էլ որ հարցնես, պետք է ասի` ով է տվել` միայն նախագահը, ուրիշ ոչ մեկը: Ու վերջ: Ակնհայտը բոլորի համար կդառնա հանրահայտ: Թեկուզ հիմա էլ պարզ է, թե ինչ է տեղի ունեցել»,- ասել է նա: Գ. Ջհանգիրյանն անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: «Զիջումները պետք է լինեն այնպիսին, որ մեր արցախցի հայրենակիցներն ապահով, անվտանգ բոլոր վայրերում ապրելու հնարավորություն ունենան: Ես շատ մեծ մտավախություն ունեմ, որ ազատագրված տարածքները միանգամից հանձնելով` մենք 6 օր հետո ամբողջ Ղարաբաղի բնակչությունը կունենանք ՀՀ-ում: Եթե հայկական զորքը չպահեց այդ սահմանը, ոչ մի հայ որեւէ մի զորքի, օտարազգի զորամիավորման վրա հույս չի կարող ունենալ: Այդ խնդիրը մենք պետք է սառը եւ հստակ գիտակցենք»,- ասել է Գ. Ջհանգիրյանը: