Հետո, երբ իմացավ նրանց հայ լինելն, ուզում էր հյութերի փողը հետ տալ
կամ հյութ հյուրասիրել, բայց հանդիպելով դիմադրության, մյուս կողմից էլ՝
ինձ տեսնելով, սկսեց պատմել մի բան, որն առաջին հերթին նպատակ ուներ
ցուցադրելու տեղի հայերի դերն ու նշանակությունը։ «Այստեղ հայերու ձեռքն
ամեն բիզնեսներ կար, բայց հիմա բան մըն ալ չկա։ Հայերը, որ կային աստեղը,
ամենեն խելացի մարդիկներն էին։ Բռնած էին շուկաները, բռնած էին ահագին
բիզնեսները։ Շատ զարգացած մարդ կար մեր քովը»։ Պարոն Հակոբն ասում էր, թե
«ամեն «Ֆորդ»-երու եւ «Մերսեդես»-ներու շուկան հայերու ձեռքն է եղել»՝
չենթադրելով անգամ, որ դիմացը կանգնած ռուսաստանցի հայն էլ «Ֆոլկսվագենի»
համառուսաստանյան շուկայի տերն է։
Երբ Ռուսաստանցի հայ ընտանիքը մի քանի անգամ շնորհակալություն հայտնելով
հեռացավ, ես սկսեցի զրուցել պարոն Հակոբի հետ, բնականաբար, առաջին հերթին
հարցնելով՝ որտեղի՞ց եք եկել։ «Մենք հոս տեղը հին քաղաքացիներեն ենք,
տեղացի հայ։ Մեր պապերը հոս մեծցեր են, փառք Աստուծո»,- ասաց խանութպանը։
Նա ցեղասպանության ժամանակների գաղթականների ընտանիքից չէ, բայց եւ չի
հիշում՝ իր նախնիները ե՞րբ եւ ինչո՞ւ են եկել Երուսաղեմ։ Ասում է՝ երեք
հարյուր տարի առաջ են եկել, հետո ասում է, թե գուցե հինգ հարյուր տարի
այստեղ են, բայց դա նրա համար այնքան էլ կարեւոր չէ, որովհետեւ, ըստ պարոն
Հակոբի, «Հայերը հոս կային, անշուշտ երկու հազար տարի առաջ։ Առաջին
քրիստոնյաները հայերն էին…Հիսուսեն վերջ, իհարկե։ Հոս տեղը մենք հին
պատմություն ունեինք»։
Ժամանակակից Երուսաղեմի հայության մեծամասնությունը ցեղասպանությունից
փրկված ընտանիքների ժառանգներ են։ 1947 թվականին՝ անգլիացիների
կառավարչության վերջում եւ Իսրայելի պետության հռչակումից մեկ տարի առաջ
Երուսաղեմում եղել է 15 հազար հայ։ Այսօր հայերի թիվը հազիվ է գերազանցում
երկու հազարը։ Նրանց մոտ մեկ երրորդն ունի Իսրայելի քաղաքացիություն։
Մյուսներն անորոշ վիճակում են։ Հորդանանի տիրապետության շրջանում ստացել
են հորդանանյան անձնագրեր, իսկ 1967-ից հետո, երբ Իսրայելը կրկին գրավել է
Երուսաղեմը, մնացել են օդից կախված։ Հիմա նրանք դեռ պահում են իրենց
հորդանանյան անձնագրերը, բայց, ըստ էության, ոչմիտեղի քաղաքացիներ են։
Օդից կախված մեր հայրենակիցը կարոտով ու զայրույթով է հիշում անգլիացիների
կառավարչության շրջանը. «Բուն հանցավորը անգլիացիներն էին՝ մեզի
ձգեցին-գացին։ Մենք հոս տեղն առանց մամայի-պապայի կեցանք, այսօր ամեն
ժողովուրդին մաման-պապան իրեն կառավարությունն է»։
Իսրայելի պետության ստեղծումից հետո տեղի հայերը բազմաթիվ խնդիրներ են
ունեցել, որոնք էլ նպաստել են Երուսաղեմի հայաթափմանը։ Արաբ-իսրայելական
տասնամյակներ ձգվող հակամարտությունը բնականաբար անկարելի էր դարձրել
խաղաղ կյանքն ու զարգացումը. «Մեջտեղը մնացինք։ Մեր հայերու վիճակը կամ
մեր քրիստոնյաներու վիճակը լավ չէր։ Ամեն երիտասարդությունը ձգեց-փախավ,
ես երկու եղբայր, երեք քույր ունեի, դուրս գացին»։
Պարոն Հակոբն ասում է, որ ինքն էլ է ցանկացել հեռանալ Երուսաղեմից, սակայն
ընտանեկան ինչ-ինչ հանգամանքներ խանգարել են։ Ափսոսելով իր հարազատներից
հեռու լինելու համար՝ ասում է, թե «գացողներն էլ հիմա ամենը ուրախ չեն»։
Պարոն Հակոբը եւ ոչ միայն նա ընդգծված հարգանք ունեն արաբների նկատմամբ։
«Արաբները 1917-ին սրտերնին բաց հայերուն ընդունեցին, եւ հայերս մարդ
եղանք։ Ահագին լավ մարդիկ ունեինք հոս, շատ լավ մարդիկ ունեինք»։
Հորդանանյան տիրապետության շրջանի մասին շատ բան չի ուզում ասել, բայց
ակնարկում է, որ 1967-ից հետո կրկին մեծ խնդիրներ են ունեցել Իսրայելի
կառավարության հետ։ «Ահագին ձգեցին-գացին, աս ամեն շուկան հայերունն էր՝
պաշտոնյա, մենծ բանկաներու տնօրեններ, արվեստագետներ, արհեստավորներ,
տեսակ-տեսակ մարդիկներ»։ Պարոն Հակոբն ասում է, որ իրենք ապրում են «վանքի
տուներու» մեջ։ Նա գտնում է, որ վանքն ու աշխարհիկ մարդիկ միմյանցով են
պայմանավորված. «Մենք քաղաքացիներս չըլլայինք՝ վանքը միշտ ձախող էր։
Կալվածները բռնողները տեղացի հայերն էին, քաղաքացի հայերը, որ մենք էինք»։
Պարոն Հակոբի համար վանքն ու աշխարհիկները մի ընտանիք են, եւ նա շատ է
զարմացած, որ Հայոց պատրիարքը մի անգամ դժվարությամբ է ճանաչել իր որդուն։
Ի դեպ, իր որդիներով շատ հպարտ է պարոն Հակոբը։ Ասում է. «Քոչարյան եւ իմ
որդիս մի օթելի մեջը նստած են»։ Ե՞րբ, ի՞նչ առիթով՝ չեմ հարցնում։ Եվ
երուսաղեմցի խանութպանը շարունակում է. «Ամենայն Հայոց կաթողիկոսի քովն էլ
նստած է»։
– Կաթողիկոսի հոս գալը մեզի համար O.K. է, շատ կարեւոր է, որ մեզի չմոռնան։
Մոռացվելու վախը հասկացվում է, երբ անդրադառնալով նկատում ես, որ
հայությունն այստեղ ավելի քան յոթ անգամ պակասել է, իսկ տարիքն առած
խանութպանը, եթե նկատեցիք, ամեն ինչի մասին խոսում է անցյալ ժամանակով։