Ոչ ադեկվատ բյուջե

28/11/2008 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Այսօր Հայաստանի գիտությունը, ցավոք սրտի, հոգեվարքի մեջ է: Չկա որեւէ խթան, որը երիտասարդներին գրավի դեպի գիտություն: Գնալով գիտությունը ծերանում է: Եթե կան երիտասարդ գիտության թեկնածուներ, դրանց գերակշիռ մասը տղաներն են, ովքեր բանակից խուսափելու համար թեկնածուական ատենախոսություններ են պաշտպանում, որոնց մասին երբեմն գաղափար էլ չունեն: Հատկապես տնտեսագիտության մեջ մենք լավ տնտեսագետների կայացման շատ լուրջ խնդիր ունենք»:

Երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց տնտեսագիտության դոկտոր, ԱԺ նախկին պատգամավոր Թ. Մանասերյանը: «Ոչ միայն գիտության ֆինանսավորումն եմ անբավարար համարում, այն առումով, որ տեղեկատվական տեխնոլոգիաները գերակա ոլորտ են համարվում ՀՀ-ում, եւ այդ ոլորտը սնուցվում է հենց գիտությունից, այլեւ շատ խոսվում է գիտելիքահենք տնտեսությունից, ուրեմն՝ պետք է լինի գիտելիքահենք կառավարում եւ կառավարություն ընդհանրապես: Դատելով այն թվերից, որոնք ներկայացված են բյուջեում, ֆինանսավորումն անբավարար է, եւ չկա համալիր ծրագիր, թե ինչպես պետք է վերափոխվի եւ զարգանա գիտությունը»,- հավելեց Թ. Մանասերյանը: Նա նշեց եւս 2 խնդիր, որոնց լուծման ուղիները չեն արտացոլվել 2009թ. բյուջեում: Ըստ այդմ՝ նախագծում միջազգային ֆինանսական ճգնաժամի «ադեկվատ արտացոլումը չկա»: Մյուս մտահոգիչ հանգամանքը, ըստ նրա, մեր ներմուծման եւ արտահանման տարբերության տեմպերի կտրուկ աճն է: «Ոչ միայն ցավալի է, որ արդեն ունենք քառապատիկ շատ ներմուծում արտահանման համեմատ, այլեւ այն, որ այս տենդենցի շարունակման դեպքում այդ տարբերությունը կարող է հասնել տասնապատիկի»,- ասաց Թ. Մանասերյանը: Նա նպատակահարմար համարեց վերաֆինանսավորման տոկոսադրույքի, այսինքն՝ ԿԲ-ի կողմից առեւտրային բանկերին տրվող վարկի տոկոսադրույքի իջեցումը: «Աշխուժությունից վերելք թեւակոխելիս պետությունը միջամտում է եւ թույլ չի տալիս տնտեսության կտրուկ աճ, որպեսզի վերելքից ճգնաժամ փուլն էլ կտրուկ եւ ցավոտ չլինի: Դրա համար վերելքի փուլում բարձրացվում են տոկոսադրույքները, որպեսզի վարկերը եւ ներդրումները քիչ գրավիչ լինեն: Հիմա, երբ զարգացած երկրները ճգնաժամ են ապրում, վարկերի տոկոսադրույքներն իջեցնում են: Ճիշտ ժամանակն է, որ մենք էլ անցնենք էժան դրամի քաղաքականությանը»,- ասաց Թ. Մանասերյանը: Ըստ նրա՝ էժան փողի քաղաքականության հետեւանքով գների աճն այս պարագայում չի կարող մտահոգիչ լինել: «Ընդհանրապես գնաճն այդքան էլ վնասակար չէ, դա օգտակար է տնտեսության զարգացման համար՝ հատկապես ճգնաժամի փուլում: ԱՄՆ-ը ամբողջ աշխարհին միջազգային կառույցների՝ Արժույթի միրջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի միջոցով հորդորում է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը չբերի բարձր գնաճի: Սակայն իրենք վերջին տարիներին փող տպելով՝ ավելորդ էմիսիայի միջոցով ճիշտ հակառակն են իրականացրել»: Բացի այդ, ըստ Մանասերյանի, մենք այսօր չունենք արժեզրկման իրական պատկերն ու ցուցանիշները: «Գների ինդեքսը ներառում է 400-ից ավելի ապրանքատեսակներ, որոնց մի մասը մենք չենք սպառում: Ես բազմիցս առաջարկել եմ սպառողական զամբյուղի մեջ մտնող ապրանքների գների հաշվարկը ցույց տալ, որպեսզի պարզենք՝ որքանով են թանկացել այդ ապրանքները: Հակառակ դեպքում սպառողական գների ինդեքսը գնաճի իրական պատկերը ցույց չի տալիս»,- գտնում է Թ. Մանասերյանը: Նա նաեւ կարծում է, որ մենք ամբողջ աշխարհում նկատվող գների նվազումից կարող ենք որոշ չափով օգտվել: «Էժան գնով մենք կարող ենք ձեռք բերել ոչ միայն սպառողական ապրանքներ, այլեւ պետական ռեզերվներն ավելացնել նավթամթերքների մասով ու էժան տեխնոլոգիաներ, սարքավորումներ ներմուծել»,- ասաց Թ. Մանասերյանը: Իսկ ինչպե՞ս է նա գնահատում զանազան պետական կառույցների աշխատանքի արդյունավետությունն այն պարագայում, երբ համաշխարհային շուկայում գների իջեցումը ՀՀ-ում համարժեք ազդեցություն չի ունենում: Ըստ Թ. Մանասերյանի, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հետեւում է մրցակցությանը, բայց մեզ անհրաժեշտ է կառույց, որ լրջորեն զբաղվի հակամենաշնորհային քաղաքականությամբ: «Հակամենաշնորհային քաղաքականությունն է այն գործիքը, որով կարելի է հասնել ոչ միայն համաշխարհային շուկայում գների իջեցման ադեկվատ արտացոլման, այլեւ ՀՀ-ում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացման»,- նշեց նա: Թ. Մանասերյանն առաջընթաց է համարում նվազագույն աշխատավարձի բարձրացումն 25.000-30.000 դրամի, սակայն նշում է, որ դա անբավարար է: «Ե՛վ նվազագույն աշխատավարձի, եւ՛ կենսաթոշակի հիմքում պետք է դրվեր կենսապահովման նվազագույն զամբյուղը»: Հիշեցնենք, որ այն այսօր մոտ 40.000 դրամ է: