Հայ շախմատիստները վերադարձան Հայաստան

28/11/2008

Երեկ երեկոյան Դրեզդենից Հայաստան վերադարձավ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը: Օդանավակայանից նրանք անմիջապես գնացին Մարզահամերգային համալիր, որտեղ նրանց հաղթանակի համար կազմակերպվել էր համերգային միջոցառում:

«Մենք միանշանակ շատ լավ խաղացինք. ավելի ուժեղ, քան Թուրինում, եւ արժանի հաղթանակ տարանք: Երջանիկ ենք, որ այսպիսի ուրախություն պարգեւեցինք բոլորին, հաստատեցինք մեր շախմատի հեղինակությունը»,- երեկ «Զվարթնոց» օդանավակայանում ասել է գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Իսկ Գաբրիել Սարգսյանն ասել է. «Սա իրոք արժանի հաղթանակ էր, եւ բոլոր շախմատիստները նպաստեցին դրան»: Տիգրան Պետրոսյանը նույնպես անչափ ուրախ էր. «Ինձ համար սա առաջինն էր: Չեմ թաքցնում՝ շատ էի ցանկանում պահպանել մեր թիմի բարձր արդյունքը, եւ ուրախ եմ, որ կարողացա դա անել: Սա նաեւ հարգանքի տուրք է կյանքից վաղաժամ հեռացած մեր թիմակից Կարեն Ասրյանի հիշատակին, ում ես փոխարինեցի թիմում»: Իսկ միջոցառմանը ելույթ է ունեցել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. «Այսօր տոն է բոլորիս համար. ինձ համար սա եռակի տոն է: Ես ցանկանում եմ խոսել որպես ՀՀ նախագահ, որպես Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ եւ որպես պարզապես շախմատասեր, ով, բոլորի նման, սպասում էր մեր հավաքականի հաղթանակին: Ես համոզված եմ, որ հնարավորության դեպքում ողջ հայությունը Դրեզդենում կլիներ` մեր տղաներին զորակցելու համար: Թերեւս ազգային միասնականության այդ համատարած զգացումը մեր ամենամեծ հաղթանակն է: Չեմպիոնի կոչումը նվաճելը դժվար է, իսկ չեմպիոնական տիտղոս պաշտպանելը կրկնակի դժվար է։ Մենք 15 օր, շունչներս պահած, հետեւում էինք Դրեզդենում՝ խաղատախտակների վրա ծավալվող ճակատամարտերին։ Մեր աչքերի առջեւ գրվում էր հայկական շախմատի պատմության եւս մի անմոռանալի էջ։ Հայաստանի մարզիկներն իրենց հրաշալի խաղով, վարպետությամբ ու կամային որակներով՝ կրկին ապացուցեցին, որ մեր երկիրը շախմատային գերհզոր տերություն է»։ «Այսօր ես հիշում եմ այն խանդավառությունը, որով դուք դիմավորեցիք երկու տարի առաջ Թուրինի շախմատային օլիմպիադայի հաղթողներին, այն ոգեւորությունը, որ տիրում էր Օպերայի բակում: Հիշում եմ, ինչպես էին իրար խառնվել երկրպագուների ուրախությունն ու արցունքները, երբ հարթակ բարձրացան ոսկե հավաքականի հերոսները: Նրանց թվում էր նաեւ Կարեն Ասրյանը, ում տեղն այսօր, այս բեմում պետք է լիներ: Եվ այս հաղթանակը նաեւ Կարեն Ասրյանի հաղթանակն է: Այդ օրը մենք ձեզ խոստացանք նոր հաղթանակներ: Այդ խոստումը լիովին կատարվեց: Մենք վկան ենք նոր հաղթանակի, որն ապացուցեց, որ նախկին հաջողությունը օրինաչափ էր, ապացուցեց մեր շախմատի կայացած դպրոցի հիրավի ոսկե հարգը: Հայաստանի հավաքականը կարողացավ շախմատային հանճարով ու կամքով իրեն ենթարկել ավելի հզոր համարվող ու ավելի բարձր գործակիցներ ունեցող թիմերի: Բոլոր օտարերկրյա մեկնաբանները միաբերան ընդգծում էին մեր հավաքականի միասնական, թիմային ոգին։ Մեր ոսկե հավաքականի անդամներից յուրաքանչյուրը բացառիկ անհատականություն է, բայց բոլորը միասին թիմ են. մեկ կամք, մեկ նպատակ, մեկ դրոշ»,- իր ելույթում ասել է Ս. Սարգսյանը` հավելելով, թե` «մենք կարող ենք ու պետք է թիմային հաղթանակներ ունենանք»: Դիմելով շախմատիստներին, Ս. Սարգսյանն ասել է. «Դուք արդեն կատարել եք մեծ քայլ, դուք կոտրել եք այն կարծրատիպը, թե մենք իբր սոսկ անհատների ազգ ենք ու կարողանում ենք հաղթել միայն անհատապես: Դուք անգամ անհատական սպորտում կարողացաք թիմային հաղթանակ տանել: Միասնականության այդ հաղթական ուժին մենք պետք է ապավինենք մեր կյանքի բոլոր ոլորտներում: Երբ միասնական ենք, մեր առջեւ անհաղթահարելի արգելքներ չկան: Այդ իրողությունը փաստել է մեր դարավոր պատմությունը, իսկ այսօր էլ՝ մեր հավաքականի տղաները: Մենք կրկին միասնական ենք, միասնական մեր հաղթանակով ու մեր ուրախությամբ. հաղթանակ ու միասնականություն, սրանք երբեւէ չեն կարող արժեզրկվել: Մեծ սպորտում ոչ ոք ապահովագրված չէ վրիպումներից ու սխալներից։ Եղավ նաեւ ցավալի սայթաքում։ Բայց իսկական չեմպիոնները մնացած բոլոր թիմերից տարբերվում են հենց նրանով, որ անհրաժեշտ պահին իրենց մեջ ուժ են գտնում դրսեւորելու լավագույն որակները` սառնասրտություն, նպատակասլացություն ու անկոտրում հավատ վերջնական հաղթանակի նկատմամբ»։ «Հաղթելը միշտ էլ հաճելի է, սակայն կրկնակի պատվաբեր է հաղթել մարդկության ամենահին եւ ինտելեկտուալ խաղում: Սա սնապարծություն չէ, եւ մենք իրավամբ հպարտանալու բան ունենք»,- հայտարարել է Ս. Սարգսյանը:

Ի դեպ, երեկ Ս.Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Շախմատի համաշխարհային օլիմպիադայում ձեռք բերած փայլուն հաղթանակի, հայրենիքի մարզական պատիվը բարձր պահելու, միջազգային ասպարեզում Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնելու, ինչպես նաեւ Հայաստանում շախմատի զարգացումը խթանելու համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգեւատրելու մասին: Նրանք են` Արշակ Պետրոսյան` Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի մարզիչ, միջազգային գրոսմայստեր, Լեւոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Արտաշես Մինասյան, Տիգրան Պետրոսյան եւ Գաբրիել Սարգսյան: Ս. Սարգսյանի մեկ այլ հրամանագրով, ՀՀ-ում շախմատի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգեւատրվել են Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Լեւոն Յոլյանը, գործարար Արտակ Սարգսյանը, Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը եւ Շախմատի տան տնօրեն Հրաչյա Թավադյանը: