Օրենքը կա, իսկ կատարումը՝ ոչ

28/11/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Այն, թե որքանո՞վ է պետական այս կամ այն գերատեսչությունը կատարում օրենքով ամրագրված իր պարտավորությունները` հայտնի է բոլորին: Գրեթե ամեն օր խմբագրություն այցելող քաղաքացիներն իրենց օրինակներով ապացուցում են, որ կառավարության հայտարարություններն իրականության հետ որեւէ առնչություն չունեն:

Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների վերաբերյալ օրենքով սահմանված արտոնություններն ամրագրված են ՀՀ «Սոցիալական ապահովության եւ սոցիալական ապահովագրության մասին» օրենքի «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին» դրույթով: Ավելին` նույն օրենքի մեկ այլ կետով բացատրվում է, որ «Զինծառայողներին հավասարեցված անձինք են` ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 13,15,29 (երրորդ մաս), 37 (երրորդ մասի «ա» կետ), 38 (առաջին մաս), 39, 40 հոդվածներով նախատեսված դրույթները»: Օրենքի այս դրույթները մանրամասնելով կարելի է պատկերացնել, որ ՀՀ ազատամարտիկները պետության կողմից իրենց վերապահված արտոնությունների շնորհիվ ապրում են «արքայական» կյանքով: Ազատամարտիկներին վերապահված արտոնյալ դրույթներ արձանագրված են նաեւ ՀՀ Հողային օրենսգրքում: Մասնավորապես հոդված 64-ում` «Պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրել` հողի սեփականաշնորհում իրականացրած համայնքներում բնակվող` զոհված եւ հաշմանդամ դարձած ազատամարտիկներին, «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով սահմանված անձանց, չորս եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին, որոնք չեն օգտվել հողի սեփականաշնորհումից, նախկինում չեն ստացել (ձեռք բերել) տնամերձ կամ բնակելի տան շինարարության եւ դրա սպասարկման համար հողամաս»:

Գաղտնիք չէ, որ մայրաքաղաքի գրեթե բոլոր համայնքներում էլ պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը վաճառվում, հետեւաբար՝ սեփականության իրավունքով տրվում են մեր քաղաքացիներին: Մինչդեռ ՀՀ Հողային օրենսգրքով ազատամարտիկների ընտանիքներին վերապահված վերոնշյալ օրենքը հողատարածքները բախշելիս կարծես թե չի կիրառվում: Ղարաբաղյան պատերազմի մասնակից, 2-րդ խմբի հաշմանդամ, զինծառայող Գառնիկ Մխիթարյանը մեզ փոխանցեց Սոցիալական պաշտպանության վարչության պետ, գնդապետ Ս. Հարությունյանի տրամադրած այն տեղեկանքը, որտեղ նշված է` «Համաձայն «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի՝ ձեւակերպել սահմանված զեղչերն ու արտոնությունները»: Վերջինս 1994-ին Քելբաջարի շրջանում մարտական գործողությունների ժամանակ զոհված ազատամարտիկ Մարատ Մխիթարյանի հայրն է: Գ. Մխիթարյանը բնակվում է Ավան համայնքի Թումանյան թաղամասի 11 շենքի 20 բնակարանում: «Մեր ընտանիքը բազմանդամ է: Ինչպես նշեցի, մի տղաս զոհվել է պատերազմում, իսկ մյուս տղաս` երկու երեխաների, կնոջ հետ, ապրում է իմ, կնոջս եւ աղջկաս հետ: Այսինքն` յոթ հոգով ապրում ենք երկու սենյականոց շատ անհարմարավետ պայմաններ ունեցող բնակարանում»,- ասում է Գ. Մխիթարյանը` հավելելով, որ նոր բնակարան գնելն անհնար է, քանի որ ինքը հաշմանդամ, գործազուրկ մարդ է: Սկսած 2006թ. նա դիմում է պետական հնարավոր բոլոր օղակներին` խնդրելով ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն` իր բազմանդամ ընտանիքին Ավան համայնքում անհատույց հատկացնել հողակտոր` հետագայում բնակարան կառուցելու նպատակով: «Դիմել եմ ՀՀ վարչապետին, Ավանի թաղապետ Տարոն Մարգարյանին, Երեւանի քաղաքապետարան, իսկ Պաշտպանության նախարարությունից ինձ տեղեկացրին, որ անհատույց հողատարածքները միայն քաղաքապետարանն է հատկացնում: Նույնիսկ անձամբ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի ձեռքն եմ դիմումս տվել, բայց նա քաղաքապետարանին է հանձնարարել այս գործով զբաղվել, իսկ քաղաքապետարանը…»: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Գ. Մազմանյանի պատասխանը խիստ ստանդարտ է. մի դեպքում նա հաստատում է ազատամարտիկին հասանելիք հողատարածք տրամադրելու օրինականությունը, իսկ մյուս դեպքում` առանց պատճառաբանության, ասում է, որ Գ. Մխիթարյանի խնդրանքը ներկայումս բավարարել հնարավոր չէ: Վարչության պետի պատասխանը շարադրում ենք բառացիորեն. «Որպես հաշմանդամ ազատամարտիկի ընտանիքի, անհատույց սեփականության իրավունքով հողամաս տրամադրելու վերաբերյալ ՀՀ վարչապետին 05.05.2007թ. ուղղված եւ ՀՀ կառավարության աշխատակազմի գրությամբ Երեւանի քաղաքապետարան վերահասցեագրված դիմումի կապակցությամբ հայտնում եմ, որ համաձայն ՀՀ համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով կարող են տրամադրվել հողի սեփականաշնորհում իրականացրած համայնքներում բնակվող զոհված եւ հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքներին, որոնք չեն օգտվել հողի սեփականաշնորհումից, նախկինում չեն ստացել (ձեռք բերել) բնակելի տան կառուցման եւ սպասարկման համար հողամաս: Ելնելով վերոգրյալից Ձեր խնդրանքը ներկայումս բավարարել հնարավոր չէ»: Գ. Մխիթարյանը վստահեցնում է, որ պետական տարբեր օղակներին ուղղած իր բոլոր դիմումները վերահասցեագրվել են քաղաքապետարանի աշխատակազմի Անշարժ գույքի կառավարման վարչություն, որտեղից նա ստացել է նույնաբովանդակ պատասխաններ: Մեր ձեռքի տակ են գտնվում վարչության պետ Գ. Մազմանյանի բոլոր այն պատասխանները, որոնք անհիմն կերպով ոչ այն է՝ մերժում, ոչ այն է՝ հաստատում են Գ. Մխիթարյանին հողատարածք հատկացնելու հանգամանքը: Ի դեպ, Ավանի թաղապետ Տարոն Մարգարյանն իր ստորագրությամբ դիմում է ներկայացրել քաղաքապետի տեղակալ Կարեն Դավթյանին, որտեղ մասնավորապես նշում է` «Թաղապետարան է դիմել հաշմանդամ ազատամարտիկ Գառնիկ Մխիթարյանը` բնակելի տուն կառուցելու նպատակով հողամաս տրամադրելու խնդրանքով: Օրենքով սահմանված կարգով հարցին ընթացք տալու համար ներկայացնում ենք քաղ. Գ. Մխիթարյանի դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը»: Թաղապետի այս նախաձեռնությանը քաղաքապետարանը կրկին չի արձագանքել: «Այսինքն` իրենք հաստատում են, որ օրենքով սահմանված կարգով մեզ հողատարածք պետք է տրամադրվի, բայց, այնուամենայնիվ, չեն տրամադրում առանց պատճառաբանության»,- ասում է Գ. Մխիթարյանը, ում նաեւ ասել են` «ինչո՞ւ էն ժամանակ ապօրինի հողատարածք չեք վերցրել, հիմա էլ կսեփականաշնորհեիք»: «Բայց ես ո՞նց ինձ թույլ կտայի ապօրինի քայլ կատարել, ես օրինապաշտ մարդ եմ»,- ասում է Գ. Մխիթարյանը:

Նա, այնուամենայնիվ, հույսը չի կորցնում անհատույց հողատարածք ստանալու հարցում, հետեւաբար արդեն թակում է խմբագրությունների դռները: Վերջինս ընդամենը մեր բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ է անում կատարել ՀՀ կառավարության որոշումը: Իսկ թե ինչու Երեւանի քաղաքապետարանը չի ցանկանում կատարել կառավարության որոշումը` կարելի է բացատրել ընդամենը մեկ պատճառով. պետության եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքների մեկ քմ-ն ներկայումս վաճառվում է աստղաբաշխական թվերով, իսկ ազատամարտիկին «ձրի» հողատարածք տրամադրելն ախորժակի մեծ զոհաբերություն է ենթադրում: