Օսերը բռնություն են կիրառել

28/11/2008

«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը երեկ հրապարակել է զեկույց, համաձայն որի՝ օս զինյալները հարձակվել եւ բռնություններ են կիրառել Հարավային Օսիայում ապրող վրացիների նկատմամբ: «Human Rights Watch»-ը, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում, մեղադրում է Ռուսաստանին օս զինյալներին չվերահսկելու համար, որոնք ռուսական զորքերի սերտ դաշնակիցներն են: Զեկույցում նշվում է, որ զինյալները «վայրագ գործողություններ» են կատարել Ախալգորիի շրջանում: Վկայակոչելով փաստաթղթեր` «Human Rights Watch»-ը ցույց է տալիս, որ տեղաբնակ վրացիները երկու գրոհների հետեւանքով բռնությունների են ենթարկվել ու լքել իրենց բնակատեղին, բայց բռնությունների, վիրավորվածների ու մահվան որեւէ դեպք չի ուսումնասիրվել: Ախալգորի բնակավայրը մինչեւ օգոստոսյան պատերազմը գտնվում էր Վրաստանի իշխանությունների վերահսկողության տակ: «Human Rights Watch»-ի առաքելությունը անցած շաբաթ այցելել էր Ախալգորի, եւ զեկույցը կազմվել է այդ այցելության արդյունքներով: