Հին Ջուղայի հայկական հնագույն գերեզմանատուն այլեւս գոյություն չունի, այն վերածվել է ադրբեջանական ռազմակայանի, իսկ գերեզմանատան ոչնչացման վերաբերյալ հարցն այժմ գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Այդ մասին երեկ կայացած ասուլիսում ասել է պատմաբան, ճարտարագետ Սամվել Կարապետյանը: Ըստ նրա, արդեն երկու ամիս է, ինչ Եվրադատարանում ընթանում է այս հարցով դատական գործընթաց: Բացի Եվրոպական դատարանից, ադրբեջանցիների կողմից ոչնչացված հայկական խաչքարերի հարցը ներկայացված է նաեւ Ֆրանսիայում գրանցված Արեւմտյան Հայաստանի Հայերի ազգային խորհրդին: Հայկական գերեզմանատան վերացման հետ կապված փաստերն ու վավերագրերը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունը հավաքել եւ ներկայացրել է խորհրդին, որը ներառում է Ֆրանսիայում գործող հայկական մի քանի հասարակական կազմակերպություններ: Նշենք, որ Նախիջեւանում հայկական գերեզմանոցների ոչնչացումը ադրբեջանցիների կողմից սկսվել է 1998-ից, որոնք ընդմիջումներով շարունակվել են 2003-ին եւ 2005-ին: Երեկվա ասուլիսում Ս. Կարապետյանը անդրադարձել է նաեւ Վրաստանում գտնվող Նորաշենի եկեղեցու հայկական գերեզմանաքարերի պղծմանը: Նա ասել է, որ հանցագործությունը դադարեցնելու համար հարկավոր է պատժել հանցագործներին, հարցը ներկայացնել դատարանում, մանավանդ որ, կան հանցագործության իրականացումը հաստատող փաստեր: Ըստ նրա, դատարանում այս գործի քննության հարցը պետք է բարձրացնեն ՀՀ Արտաքին գործերի եւ Մշակույթի նախարարությունները, հատկապես, որ քաղաքակիրթ աշխարհը մշակել է բազմաթիվ օրենքներ, որոնք պաշտպանում են ազգային, մշակութային ու պատմական արժեքները, մարդու իրավունքները: Ս.Կարապետյանը հայտարարել է նաեւ, որ ունի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում՝ լուսանկարներ, ցուցակներ, փաստեր ու ապացույցներ, որոնք հաստատում են տվյալ ոճրագործությունը: Դրանք վկայում են վրացի հոգեւորական Տարիել Սիկինչելաշվիլիի նախաձեռնությամբ վրացական գյուղի գերեզմանատնից մի քանի տապանաքարեր Նորաշենի եկեղեցու տարածք տեղափոխելու մասին: Այստեղ տեղի մասնագետները դրանց վրա փորագրել էին վրաց եկեղեցու խորհրդանշանը: Իսկ էքսկավատորի միջոցով հայկական տապանաքարերը տեղաշարժվել են, իբրեւ թե դրանց շուրջ տարածքի մաքրման աշխատանքներ են կատարում: Ըստ էության, Նորաշենի եկեղեցու տարածքում աշխատանքներ են տարվում վրացական գերեզմանոց ստեղծելու ուղղությամբ: Ս.Կարապետյանը նշել է նաեւ, որ տարվում են աշխատանքներ հայկական եկեղեցու պատերին ու որմնանկարներին հայերեն տառերով գրվածքները ոչնչացնելու ուղղությամբ: Նորաշենի եկեղեցում դեռեւս 18-րդ դարից եղել են հայկական որմնանկարներ, որոնք 1990-ական թվականներին անհետացել են, իսկ կնքավազանի ու եկեղեցու պատերին հայտնվել են վրացերեն գրություններ: Պատմաբանը պարզաբանել է նաեւ, որ եկեղեցում ոչնչացվել է մկրտության ավազանը, որը փակցված էր եկեղեցու պատին, իսկ վրացական եկեղեցիներում մկրտության ավազանը շարժական է: «Հայկական տարածքներն ու եկեղեցիները «վրացականացվում» են, պետք է այդ ամենի դեմն առնել»,- ասել է նա: