Օրեր առաջ ծանոթացա «168 Ժամ» թերթում Մխիթարյան Միաբանության հայրերից Հայր Հարություն Պզտիկյանի հետ հրապարակված հարցազրույցին, որից թեեւ բավականին ժամանակ է անցել, բայցեւայնպես հարցազրույցում շոշափված թեմաների կարեւորությունը, կարծում ենք, ներելի կդարձնի դրանց վերաբերյալ արձագանքի ուշացումը:
Հայր Հարությունը հարցազրույցում անդրադառնում է վերջին շրջանի Հայաստանյան ներքաղաքական, կարելի է ասել` ներհասարակական իրավիճակին, մեր կյանքում մտավորականության ու եկեղեցու կոչմանը:
Նախ, ներքաղաքական կյանքի վերաբերյալ: Անշուշտ, հարցազրույցում չկա որեւէ նորություն հայաստանյան իրավիճակի վերաբերյալ: Ցաք ու ցրիվ կերպով, երբեմն խիստ մակերեսային դիրքերից թվարկվում են մեր երկրում ցավալիորեն տեղ գտած խոցելի կետերը, բացթողումները, թերացումները, անդրադարձ է կատարվում նաեւ Արցախի խնդրի կարգավորման գործընթացին, որոնց մասին շատ է խոսվել: Ներքաղաքական կյանքի վերլուծություն մենք չենք փորձում կատարել սույն փոքրիկ անդրադարձի մեջ, սակայն հստակ կերպով ուզում ենք նշել, որ արտահայտված տեսակետներում երեւում է սառցակտորի միայն երեւացող մասը, այն է` հետեւանքները եւ ոչ բացասական այս երեւույթները ծնող իրական պատճառները, որոնք վստահաբար եղել են ու կան: Թերեւս միայն մեկ պատճառ է առանձնացնում հեղինակը, այն է` մեր ժողովրդի քրոնիկ վախը «մենք միշտ ենք վախեցել, վախից մենք, ցեղասպանության ժամանակ, տասը տղամարդով չենք կարողացել պայքարել երկու կամ երեք ասկյարի դեմ»: (Առանց մեկնաբանության ենք թողնում ցեղասպանության վերաբերյալ պատմաբանի բնորոշումները, որոնց հետ, բնականաբար, համաձայն չենք: Այլապես ի՞նչ էին ինքնապաշտպանական, հերոսական կռիվները, որոնց ժամանակ, ընդհակառակը, երկու-երեք հայորդիներ կամ նույնիսկ հայուհիներ կռվում էին տասը եւ ավելի ասկյարի դեմ ու նահատակվում: Բայց սա այլ խնդիր է): Ըստ հեղինակի՝ վախենում են մտավորականները, վախենում են իշխանավորները, ժողովուրդը, մինչդեռ «վախին հնարավոր է հաղթել»: Համաձայն չենք, որ գլխավորապես հասարակության մեջ առկա վախի պատճառով են մեր կյանքում տեղ գտնում բացասական երեւույթները եւ, որ դրանց դեմ պայքարող չկա: Այստեղ պատճառներն, իհարկե, շատ ավելի խորն են, տասնյակ տարիների պատմություն ունեն եւ բավականին մանրազնին ուսումնասիրության կարիք ունեն հոգեբանական, սոցիալական, քաղաքական, պատմական եւ այլ առումներով: Այս կոնտեքստում համաձայն չենք նաեւ հոդվածում առկա մտավորական հասկացության եւ մտավորականության մեջ հեղինակի կողմից կատարվող բաժանումների հետ:
Տեսականորեն մտավորականը նա է, ով զբաղվում է մտավոր աշխատանքով, ստեղծագործում է իր մտքով: Բայց որեւէ կերպ չեմ տեսել այն բանաձեւը, որով վերջնականորեն սահմանվում է հեղինակի կողմից փնտրվող «ճշմարիտ մտավորականը»: Այո, մտավորականը պիտի լինի ժողովրդի առաջամարտիկը, առաջնորդողը, բայց նախեւառաջ իր ստեղծագործությամբ, քանզի նրա առաջին եւ գլխավոր չափանիշն իր կողմից արարվածն է, իր հոգու ծնունդը: Չի բացառվում, որ մտավորականը կարող է եւ աշխույժ հասարակական գործունեություն չիրականացնել, եւ հակառակը, այսպես կոչված` «պայքարող» ամեն անհատ, որ նաեւ ստեղծագործական աշխատանք է իրականացնում, տակավին լավ մտավորական չէ, քանզի իր ստեղծած արվեստն անարժեք է իբրեւ այդպիսին: Այսինքն` մտավորական հասկացությունը չի պայմանավորվում հասարակական կյանքում ունեցած աշխույժ կամ պասիվ դերակատարությամբ: «Մտավորականներն իրենց բարձունքի վրա չեն» բնորոշումը չափազանց խիստ է հնչում, եւ կարծում ենք՝ պատճառը «բարձունքի» ընկալման մեջ է: Մտավորականի պայքարը հավերժի պայքարն է, նրա պայքարի արդյունքը կարող է ի հայտ գալ նույնիսկ դարեր անց, եւ այս պայքարի զենքը նրա ստեղծածն է, ոչ խոսքերը, ինչպես, օրինակ, մեր վանքերում ճգնող լուսավոր հոգեւորականները պայքարել են ու շարունակում են պայքարել հանուն մեր ինքնության, մեր հավատի, մեր եկեղեցու, երկրի ու ժողովրդի:
Վերջում ցանկանում ենք անդրադառնալ հարցազրույցում արտահայտված անհասկանալի մի դատողությանը: Պզտիկյանը ներքաղաքական կյանքի վերաբերյալ իր ասածներում անդրադարձ է կատարում նաեւ եկեղեցու եւ եկեղեցականի առաքելությանը: Նա ասում է. «Եկեղեցին պետք է ժողովրդի պաշտպանը լինի Աստծու կողմից»: Համաձայն ենք վարդապետի ասածին: Սակայն կուզեինք հասկանալ` ի՞նչ է նշանակում՝ ժողովրդին պաշտպան լինել: Լինել պաշտպան արդյոք չի՞ նշանակում՝ անհանդուրժողության ու թշնամանքի գայթակղություններից զերծ պահել ժողովրդին, մերժել եղբայրատյացությունը, թե՞ պաշտպանել նշանակում է՝ մարդահաճության քնքուշ խոսքերով օրորել մարդկանց սրտերն ու մտքերը: Եկեղեցու մասին իր դատողություններում վարդապետը եզրափակում է դատավճռի նման. «Եթե ամբողջ լուսավորությունը սպասենք եկեղեցականից, խավարի մեջ կմնանք, քանի որ այնտեղ բավարար լույս չկա»: Հետաքրքիր է` ո՞ւմ նկատի ունի Պզտիկյանը: Եթե լույսի պակաս է զգում ինքը, ի՞նչ է արդյոք եթերներից ու մամուլով քարոզում, մի՞թե խավար: Իսկ եթե նկատի ունի այլ եկեղեցականի, վայե՞լ է արդյոք «վարդապետի մը» այդչափ ինքնավստահությամբ լույսի պակասի մեջ մեղադրել իր եղբորը, սեփական աչքը բարձիթողի` այլոց թարթիչների փոշիները դատապարտել: Ուզում ենք հավելել, որ մենք մեծ համարում ունենք Մխիթարյան Միաբանության հանդեպ, հակառակ Պզտիկյանի վարկածի, թե «պետք չէ եկեղեցուց ու եկեղեցականից լուսավորություն սպասել»: Մեր այս համարումը պայմանավորված է այն հոգեւորականներով, ովքեր դարեր շարունակ անշահախնդրորեն ծառայել ու նաեւ այսօր ծառայում են մեր ժողովրդին` արարելով հիշատակի ու մեծարանքի արժանի գործեր:
Անշուշտ, վերոհիշյալ թեմաները մեկ հոդվածով կամ հարցազրույցով հնարավոր չէ սպառել: Մեր կյանքը լեցուն է հին ու նոր մարտահրավերներով, որ պիտի ջանանք հաղթահարել տարբեր ճանապարհներով ու համազգային ուժերով: Բայց հստակ է, որ այս ու այն կողմ մեղավորներ փնտրելով ու իրար դատափետելով՝ լումա չես բերի երկրի շինության գանձանակի մեջ:
Խորեն քահանա ԿԻՐԱԿՈՍՅԱՆ