«Ուզում եմ, որ դրսում գտնվող բոլոր գործարարներն օգնեն իրենց գյուղերին»

28/11/2008 Անի ՀԱՐՈՅԱՆ

«Շատ եմ երազել մեր գյուղի մասին, երազում էի, որ ՀԷԿ եմ կառուցելու մեր գյուղում, որպեսզի ամբողջ շրջանին լույս տա: Ես ցավ եմ ապրում մեր Հայաստանի համար, գիտե՞ք ինչպես կարելի է ծաղկեցնել մեր երկիրը: Ես դեմագոգիայով չեմ զբաղվում: Ոչ մի երկրում հնարավոր չէ ծորակը բացել եւ ջուր խմել: Մեր սարերի կանաչով եւ մեր մաքուր ջրով հնարավոր է ապրել, այլ տեղերում նման բան չկա: Ես մեր գյուղում եմ հանգստանում: Ես որ գալիս եմ գյուղ, մենք մի քանի գեղեցիկ տեղեր ունենք, որտեղ ավանդաբար գնում ենք, բայց գյուղում ապրող մարդիկ կան, որ տարիներով այնտեղ չեն էլ լինում»,- ասում է վարդենիկցի (Մարտունու շրջան) Արթուր Այվազյանը, ով 1997 թվականից գտնվում է Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում: Նա այնտեղ զբաղվում է բիզնեսով, եւ պարբերաբար տարբեր ծրագրերով աջակցում է իր հայրենի գյուղին:

Ա. Այվազյանը ցանկանում է իր օրինակով ոգեւորել նաեւ մյուս գործարարներին, որպեսզի նրանք էլ, թեկուզ հեռվից` տեսնելով, թե ինչ աշխատանքներ է ինքը կատարում գյուղում, հետեւեն իրեն ու որոշեն մի բան անել իրենց գյուղերի համար, եւ ոչ թե «նախանձեն ու բամբասեն»: «Ես 2004 թվականին տարվա լավագույն մարդ եմ ճանաչվել Չելյաբինսկում, բայց ես կուզեի` ինձ գյուղում ճանաչեին ու հարգեին ինձ»,- մեզ հետ զրույցում ասաց Ա. Այվազյանը: Ըստ նրա` կարեւոր է, որ բոլորն ունենան այն մտայնությունը, որ պետք է մեր երկրի համար մի բան անել: «Ժամանակն էլ իր հերթին է օտարացնում մարդկանց: Իհարկե, շատ լավ է, որ դրսում աշխատող հայ գյուղացիները հաջողությունների են հասել, բայց մի տեսակ հեռացել են իրենց ծննդավայրից, իրենց երկրից, մանավանդ, որ վատ ժամանակներում են գնացել»,- ասում է նա: Ըստ նրա` դրսում շատ բաներ են արվում, որպեսզի Հայաստանը ճանաչվի, բայց շատ ավելին պետք է արվի մեր երկիրը զարգացնելու համար, եւ դրա համար պետք է կարողանալ օգտագործել նաեւ դրսի ուժը: «Երբ մենք առաջին անգամ գումար էինք հավաքում գյուղի համար, գործարարներ կային, ովքեր փոքր գումարներ էին ներդնում, սակայն, երբ ես միանգամից մեծ գումար առաջարկեցի, նրանք էլ փոխեցին իրենց առաջարկած գումարների թիվը: Ես ուզում եմ, որ մեր գործարարների միջեւ մրցակցություն լինի հօգուտ ժողովրդի»,- ասում է Ա. Այվազյանը: Ի դեպ, Ա. Այվազյանը նշեց, որ Չելյաբինսկում հատուկ Վարդենիկ գյուղին աջակցություն ցուցաբերելու համար հիմնադրամ կա բացված եւ ամսական 1000 ռուբլի ամեն մի վարդենիկցի փոխանցում է այնտեղ: Այս պահին, ըստ նրա` արդեն 150.000 դոլարի գումար կա հավաքված: «Այդ գումարը բերվելու է գյուղ, հավաքելու ենք գյուղի մեծերին, ովքեր շատ ավելի լավ գիտեն գյուղի խնդիրները, եւ փորձելու ենք այդկերպ լուծել բոլոր հրատապ խնդիրները: Ես մեր մեծերին ասում եմ` մեզանից պահանջեք, որ գործ անենք գյուղում: Մեզ մոտ իրականացվող այդ բոլոր «Փարոս» եւ այլ ծրագրերը մի տեսակ ստրկացրել են մեր ժողովրդին: Ես նեղվում եմ, երբ մեր գյուղի հասակավոր մարդիկ ինձ խեղճացած են բարեւում: Ես կուզեի, որ ինձ ռիսկով բարեւեն, հետո՞ ինչ, որ ես եմ իրենց փող տվողը: Մարդկանց հոգեբանությունը շատ է փոխվել»,- ասում է նա:

Ա. Այվազյանը շնորհակալություն է հայտնում Վարդենիկ գյուղի գյուղապետին` Հովիկ Հովեյանին, ով, ըստ նրա` հոգատար ղեկավար է գյուղի համար: Ա. Այվազյանի ասելով, հենց գյուղապետի աշխատանքի շնորհիվ է, որ գյուղի փողոցների մեծ մասը վերջին երեք տարիների ընթացքում ասֆալտապատվել են, եւ գյուղն ամբողջությամբ` նույնիսկ երկրորդական փողոցները, լուսավորված են: Ա. Այվազյանի համոզմամբ, գյուղապետի կատարած այդ աշխատանքներն էլ մեծ աշխուժություն առաջացրին շրջանի գործարարների մեջ: Ըստ նրա` Վարդենիկ գյուղն իր անցումային ծանր շրջանն արդեն հաղթահարել է: «Խորին շնորհակալություն եմ հայտնում նաեւ գյուղի բժիշկ Սամվել Ղազարյանին, ով անշահախնդրորեն օգնում է համագյուղացիներին, բացի դրանից՝ նա գյուղում իրականացվող բոլոր աշխատանքներն անձամբ է ղեկավարում: Նույնը կարող եմ ասել նաեւ Տյումենի հայ համայնքի նախագահ, վարդենիկցի Համլետ Փաշայանին, ով իր ամենօրյա աշխատանքով օրինակ է ծառայում յուրաքանչյուրիս համար: Հ. Փաշայանը սատարում եւ օգնում է ցանկացած վարդենիկցու, ով խնդիր ունի, անկախ նրա գտնվելու վայրից»,- ասաց Ա. Այվազյանը: Նրա հավաստմամբ` Չելյաբինսկում հայերի մասին «մեծ կարծիք ունեն, քանի որ այնտեղ շատ լավ հայ, մասնավորապես՝ վարդենիկցի հաջողակ գործարարներ կան, օրինակ, համագյուղացի Հրայր Մխիթարյանը, ով նաեւ Չելյաբինսկի օրենսդիր մարմնի ղեկավարի օգնականն է»:

Այժմ բարերար Արթուր Այվազյանի ջանքերով մեծ աշխատանքներ են կատարվում գյուղի գերեզմանոցում, որի ճանապարհները դժվար անցանելի են: Այժմ սալապատվում են գերեզմանոց տանող բոլոր ճանապարհները, աստիճաններ են կառուցվել ճանապարհը հնարավորինս հեշտացնելու նպատակով, ինչպես նաեւ՝ նա մի քանի ցայտաղբյուր է տեղադրում այնտեղ: Նա վերակառուցում է նաեւ գյուղի Իշխանավանք կոչվող սրբավայրի ճանապարհը, գյուղի ջրագծերը: Բայց, նրա ասելով, ճիշտ է` այնտեղ ավելի քան 10.000 դոլարի աշխատանքներ են կատարվել, սակայն դեռ էլի խնդիրներ կան: «Պայմանավորվածություն կար, որ ջուրը գերեզմանոց բերվելու է հարեւան Ծովինար գյուղից, սակայն աշխատանքները կատարելուց հետո գյուղն ուղղակի հրաժարվում է մեզ ջուր տրամադրել: Պարզապես առանց պատճառի հրաժարվում են մեզ ջուր տալ, այն դեպքում, երբ իրենք իրենց ոռոգման ջրի մեծ մասը ստանում են մեր գյուղից: Գյուղերը կպած են, դարավոր հարեւանություն-բարեկամություն է եղել այդ երկուսի միջեւ: Հիմա որոշել եմ լրացուցիչ մի քանի հազար դոլար ծախսել, որպեսզի մոտ 5 կմ հեռավորությունից ջուրը բերենք-հասցնենք գերեզմանոց»,- ասում է Ա. Այվազյանը` հավելելով, որ գյուղի գերեզմանատանն այժմ աշխատողներ կան, որոնք ձմռանն ապահովելու են ճանապարհների մաքրությունը: Նա վստահեցնում է, որ եթե նույնիսկ այլ գործարարներ չմիանան իրեն` գյուղի խնդիրները լուծելու համար, միեւնույն է` ինքն անելու է: Սակայն, ըստ նրա` եթե միանան նաեւ մյուսները, ապա հնարավոր կլինի ավելի շատ բան անել գյուղի համար: Նա խոստանում է գարնանը մեծ ծառատունկ կազմակերպել եւ կանաչապատել գյուղ տանող ճամփեզրերն ու գյուղը: «Ես այս ամենը չեմ անում էժան հեղինակություն ունենալու համար, ես գյուղից շահ ունենալ չեմ ուզում, ինձ համար այն սրբավայր է: Ես ուզում եմ մեր գյուղը մի քանի տարուց տեսնել կանաչապատված, գեղեցիկ եւ կառուցապատված: Շատ պլաններ կան գյուղի հետ կապված: Հիմա չեմ խոստանում, կանենք, մարդիկ կտեսնեն, ժողովրդին խաբել հնարավոր չէ»,- ասում է Ա. Այվազյանը` հավելելով, թե գյուղում ավելի քան հարյուր ընտանիքի օգնել է աշխատանք գտնելու հարցում: «Երբ ինձ մոտ գալիս են աշխատելու, ես տան, տրանսպորտի բոլոր խնդիրները լուծում եմ իրենց համար, որպեսզի բարեխղճորեն աշխատեն: Այսինքն` ոչ թե ձուկ եմ տալիս, այլ կարթն եմ տալիս, որ ձուկ բռնեն»,- ասում է նա: Ի դեպ, գյուղացիներն արդեն սովորել են Ա. Այվազյանի կողմից արվող անակնկալներին, ու դրանք հաճախ դարձնում են նաեւ «ավանդույթ»:

Ա. Այվազյանը չնայած չի սիրում քաղաքականությամբ զբաղվել, սակայն շատ դեպքերում անտարբեր մնալ չի կարող: Նա նշում է, որ մեծ աշխատանքներ են կատարվում երկրում, փոփոխություններն ակնհայտ են, բայց կարելի է շատ ավելին անել: Նա գտնում է, որ մի շարք ոլորտներում անհրաժեշտ է ցուցաբերել պետական հովանավորչություն, որպեսզի դրսում ապրող մեծահարուստները կարողանան վստահորեն ներդրումներ կատարել մեր երկրում: Վերջինիս համոզմամբ, իսկական «ցեղասպանություն» էր, երբ մեր «խելոք ուղեղները» հեռացան հայրենիքից: Ռուսաստանը, ըստ նրա, ճիշտ քաղաքականություն է վարում, բոլոր խելացի, խելոք մարդկանց միանգամից բնակության թույլտվություն տալով: «Այդ ուղեղները վաղն այդ ազգին մեծ բան են տալու»,- վստահ է նա: Ի դեպ, Ա. Այվազյանն ավարտել է Մոսկվայում կառավարությանը կից Պետական ծառայության ակադեմիան: Նա 30 տարեկան է եղել, երբ գյուղից գնացել է Ռուսաստան` աշխատելու: «Որոշեցի ու գնացի, չգիտեի` ուր էի գնում, ինձ ոչ ոք չէր սպասում, քարտեզը նայեցի ու գնացի այնտեղ, որտեղ ընդհանրապես ոչ մի ծանոթ բարեկամ չունեի: Մեկուկես տարուց ավելի ընդհանրապես չէի կարողանում ռուսերեն խոսել: Առաջին կես տարվա ընթացքում այնքան էի քայլում աշխատանք փնտրելիս, որ ոտքերս վնասվել էին ամբողջովին: Մենք լավ ազգ ենք, բայց միմյանց շատ ենք խանգարում, որտեղ մտնում էի, ինձ հայերն ասում էին` այստեղ ես եմ, հեռու մնա: Ի վերջո, հեռակառավարման վահանակով աշխատող դարպասներ «հնարեցի», հենց այդ «գյուտի» միջոցով էլ կյանքս փոխվեց ամբողջությամբ: Իհարկե, բուն գյուտի հեղինակը ես չէի, արդեն կային դրանց գերմանական, իտալական տարբերակները, որոնք ռուսական ցրտին չէին դիմանում, իսկ իմ ստեղծածներն ավելի ցրտադիմացկուն էին, բացի դրանից, իմ ստեղծածները երկաթից էին եւ ոչ թե բարակ թիթեղից: Երկար ժամանակ աշխատանք փնտրելուց հետո՝ նստած էի ծանոթներիս հետ, ովքեր խոսում էին ինչ-որ քոթեջներից եւ հեռակառավարման վահանակով աշխատող դարպասներից: Ես էլ, որպեսզի մասնակցեմ խոսակցությանը, հետաքրքրվեցի, պարզվեց, որ մեկ հատն արժե մոտ 2000 դոլար: Ես պարզապես առաջարկեցի, որ արժեքի կես գումարով ես ինքս երկու ամսից իրենց կտամ այդ նույն դարպասներից: Ինձ տվեցին 1000 դոլար, ու ես պետք է երկու ամսից նրանց հանձնեի դարպասները, հակառակ դեպքում լուրջ խնդիրներ կունենայի: Սկսեցի ուսումնասիրել, փնտրել, ու այդ դարպասները սարքեցի 25 օրում: Այդ ամենը պատրաստել եմ քրջի շուկայից ձեռք բերած մասերով: Դրանից հետո միանգամից քաղաքում տարածվեց այդ դարպասների լուրը, ինձ մոտ եկան ամբողջ թատերական բեմերի միակ գործարանից եւ առաջարկեցին կամ համատեղ աշխատել, կամ այդ «գյուտը» պարզապես վաճառել: Դրանից հետո արդեն սկսեցի բարձր խավի հետ շփվել, այն ժամանակվա քաղաքագլուխ Ելիսեեւ Եվգենի Ալեքսանդրովիչն ինձ շատ ընդառաջեց: Նա հիմա Չելյաբինսկի շրջկենտրոնի սենատորն է: Հետո արդեն նրա հետ միասին արդեն որպես դիտորդ էի գալիս Հայաստանի ընտրություններին: Հետագայում մտերմացա Ե. Ալեքսանդրովիչի հետ, եւ հիմա նրա օգնականն եմ ազգամիջյան հարցերով»,- ասում է նա: Այժմ Ա. Այվազյանը զբաղվում է ճանապարհաշինության աշխատանքներով, նա 2002թ. ստեղծել է «Ուրալմաստեր» կենտրոնը, որն այժմ արդեն մեծ ճանաչում ունի ՌԴ-ում:

Հարցին, թե ո՞ր բիզնեսով խորհուրդ կտաք զբաղվել հայ երիտասարդներին, Ա. Այվազյանը պատասխանեց. «Ինձ շատ են դիմում, որ գան աշխատեն, բայց ես համաձայնում եմ միայն այն պայմանով, որ հետո չմնան օտար հողում ու անպայման հետ գան Հայաստան: Երբ գյուղ եմ գնում, անպայման բարձրանում եմ սարերը ու ցավով եմ նկատում, որ խոտերի 90%-ը չեն էլ քաղում: Գյուղատնտեսությունը զարգացնել է պետք: Իսկ ճիշտ բիզնեսի միակ գրավականը ռիսկն է, թեկուզեւ չհաջողվի: Պետք չէ վախենալ, ով վախենում է, նա բիզնեսմեն երբեք չի դառնա եւ ավելի լավ կանի նստի տանը: Ես շատ կիրթ, գրագետ մարդիկ գիտեմ, որ վախենում են ռիսկի դիմել, իսկ հաջողված գործարարների մեջ մարդիկ կան, որոնք բացարձակ անգրագետ են, մատներով են հաշվում իրենց եկամուտները, սակայն հենց ռիսկի շնորհիվ մեծ հաջողությունների են հասել: Այսօր Հայաստանում ցանկացած ոլորտում հնարավոր է բիզնես ծավալել, սխալ է, որ ասում են` անհնարին է, եւ փակ են ճանապարհները: Եթե տեսնեն քո ռիսկը եւ խելքը, իրենց մոտ աշխատանքի կվերցնեն հենց այդ նույն ճանապարհ փակողները: Ես դարպասներ վաճառելու համար մտնում էի բակերը ու տեսնում, թե ինչքան շատ են թմրամոլները, եւ դրանից հետո ես որոշեցի սպորտի զարգացման ծրագիր իրականացնել: Նախագծեցի տարբեր սպորտային հրապարակներ եւ փոստով ուղարկեցի քաղաքապետին: Հաջորդ օրն ինձ կանչեց իր մոտ, եւ իրականացրին իմ բոլոր նախագծերը: Մեկ ամիս հետո Լուժկովը եկավ Չելյաբինսկ, ինչպես նաեւ՝ ամբողջ ՌԴ քաղաքագլուխները, եւ քաղաքը ներկայացնելիս իմ աշխատանքներն էին ցուցադրվում: Ի դեպ, հենց Մ. Լուժկովն ինձ ռուսական Սբ. Արխանգել Միխայելի անվան Հոգու արիության շքանշան է հանձնել»: