Վրացակա՞ն սադրանք

28/11/2008

«Վրաստանում Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու ավտոմոբիլի մոտ հրաձգության հետ կապված կիրակնօրյա միջադեպը վրացիներն իրենք էին սարքել»,- այդ մասին ասված է լեհական Հատուկ ծառայության՝ Ներքին անվտանգության գործակալության պատրաստած զեկույցում: Փաստաթղթի բովանդակությունը հրապարակել է լեհական «Ձեննիկ» թերթը` հղում անելով իր լավատեղյակ աղբյուրներին: Ըստ «Ձեննիկի», երեկ Հատուկ ծառայության ղեկավար Կշիստոֆ Բոնդարիկը այդ փաստաթուղթն ուղարկել է Լեհաստանի 16 հիմնական քաղաքական գործիչներին: Զեկույցում նշվում է, որ երկու նախագահների ավտոշարասյան մերձակայքում տեղի ունեցած առաջին կրակահերթից հետո վրացի թիկնապահները ոչ մի կերպ չեն հակազդել, իսկ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ինքը ժպտացել է: Ներքին անվտանգության գործակալության վերլուծաբանների համար կասկածելի է թվացել նաեւ այն փաստը, որ վրացական իշխանությունները թույլ էին տվել, որ ավտոշարասյան առջեւից ընթանա մամուլի ներկայացուցիչներին փոխադրող ավտոբուսը, որպեսզի լրագրողներն առաջինը հայտնվեին միջադեպի վայրում: