Վերլուծաբանների կարծիքով` 2007թ. նոյեմբերին տեղի ունեցած ցույցերի դաժան ճնշման տարելիցին նվիրված բողոքի ակցիային մարդկանց ցուցաբերած ցածր մասնակցությունը վկայում է այն մասին, որ ընդդիմությունն այդպես էլ չկարողացավ առաջարկել «հստակ այլընտրանքային երկարաժամկետ ռազմավարություն»:
Անցյալ շաբաթ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ռեժիմի ընդդիմադիրները ցույց էին կազմակերպել` նվիրված անցյալ տարի մայրաքաղաքում ցույցերի ժամանակ իշխանությունների իրականացրած դաժան հաշվեհարդարի տարելիցին: Այդ օրը՝ 2008թ. նոյեմբերի 7-ին, եղանակը փոփոխական էր. մեկ արեւոտ էր, մեկ` ամպամած:
Ընդդիմության տրամադրությունները նույնպես խիստ փոփոխական էին: Այսպես, նոյեմբերի 7-ին կազմակերպած բողոքի ցույցին մասնակցում էին հիմնականում ծայրահեղական ընդդիմության ներկայացուցիչները: Սակայն գոյություն ունի ընդդիմադիրների մեկ այլ խումբ, որը չմիացավ ցույցին, քանի որ ավելի երկարաժամկետ պլաններ ունի:
2007թ. նոյեմբերի 7-ին Ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցները ռետինե մահակների եւ արցունքաբեր գազի միջոցով ցրեցին ընդդիմության ցույցը: Տասնյակ մարդիկ վիրավորվեցին, արտակարգ դրություն հայտարարվեց, իսկ կառավարությունը ենթարկվեց միջազգային հանրության խիստ քննադատությանը: Այս իրադարձությունների տարելիցին, ողջ Թբիլիսիով, խաղաղ բարեփոխումներ խորհրդանշող վրացական դրոշներով ու սպիտակ ժապավեններով զարդարված մեքենաների երթ էր կազմակերպվել:
Իսկ հարյուրավոր ցուցանակների վրա երեւում էր հետեւյալ կարգախոսը` «Կանգնեցնենք Ռուսաստանին, կանգնեցնենք Միշային»: Ռուսթավելիի անվան պողոտան՝ Թբիլիսիի ամենամարդաշատ փողոցներից մեկը, լի էր ցուցարարներով:
Անցյալ տարի այս ժամանակ ցուցարարների թիվն անհամեմատ շատ էր. մոտավորապես 10-15.000 մարդ էր մասնակցում ցույցին, իսկ սա վրացական չափորոշիչներով այնքան էլ մեծ թիվ չէ. բողոքի մասսայական ակցիաներն արդեն մի քանի տարի հանդիսանում են այս երկրի քաղաքական անցուդարձի անբաժան մասը: Ցույցի ժամանակ ընդդիմության այս թեւի հետագա ծրագրերը ներկայացնող բրոշյուրներ բաժանվեցին: Ընդդիմադիրների այս անզիջում խումբը, որն անցյալ տարվա մայիսի խորհրդարանական ընտրություններին հաղթանակ տարավ, հրաժարվում է մասնակցել խորհրդարանի աշխատանքներին եւ ներկայիս իշխանությունների հետ ոչ կոմպրոմիսի չի պատրաստվում գնալ: Բրոշյուրներում մասնավորապես նշվում է, որ նոյեմբերի 7-ին «բողոքի ակցիաների նոր ալիք է սկսվում», որի նպատակն է խաղաղ կերպով հեռացնել Սահակաշվիլիին:
Ընդդիմադիրները պահանջում են. անցկացնել օգոստոսին տեղի ունեցած հարավ-օսական հակամարտության անկախ հետաքննություն, ապահովել խոսքի ազատությունը, ազատել քաղաքական բանտարկյալներին, ինչպես նաեւ ընդունել Ընտրական նոր օրենսգիրք:
Նոյեմբերին ընդդիմության այս թեւը ծրագրում է շուրջօրյա բողոքի ցույց կազմակերպել փետրվարին մահացած մեծահարուստ Բադրի Պատարկացիշվիլիի սեփականությունը հանդիսացած «Իմեդի» հեռուստաընկերության շենքի մոտ: Ընդդիմադիրները պահանջելու են, որպեսզի հեռուստաընկերությունը, որը պաշտպանում էր ընդդիմությանն անցյալ տարի, վերադարձվի իր նախկին սեփականատիրոջ ժառանգներին:
Դեկտեմբերին նրանք ծրագրում են կազմակերպել ինչպես խորհրդարանական ընդդիմության, այնպես էլ` իշխանությանը հակադիր այլ ուժերի համագումար:
Բրոշյուրում նշվում է, որ «Ստեղծվելու է միասնական քաղաքական կառույց, որի մեջ կընդգրկվեն բոլոր կուսակցությունները, քաղաքական առաջնորդները, հասարակական գործիչները, ինչպես նաեւ՝ ոչ կառավարական կազմակերպությունները: Նոր կառույցը մինչեւ 2009թ. գարուն անցկացնելու է բողոքի շարունակական ակցիաներ ու հասնելու է Վրաստանում ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը»:
Հաջորդ ցույցի ժամանակ, որը նախատեսվում է հունվարի 25-ին` Վարդերի հրապարակում, ընդդիմությունը պահանջելու է անվավեր համարել վերջին նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները` առաջարկելով նոր ընտրություններ կազմակերպել 2009թ. գարնանը: «Եթե ընդդիմության այս պահանջներն անտեսվեն իշխանությունների կողմից, 2009-ի ապրիլի 9-ին Թբիլիսիում եւ Վրաստանի այլ քաղաքներում կսկսվեն շուրջօրյա… անընդհատ բողոքի ցույցեր, իսկ հետո ազգային անհնազանդության ակցիա կհայտարարվի: Ակցիան կշարունակվի, մինչեւ Միխայիլ Սահակաշվիլիի եւ նրա կառավարության անվերապահ հրաժարականը»:
«Ամեն տարի գարնանը ընտրություններ են: Ինչ է, ձնծաղիկնե՞ր են, որ ամեն գարնանն ընտրություն անենք: Այս մարդուն (Սահակաշվիլուն) հեռացնենք, հետո էլ որոշում կընդունենք՝ երբ կազմակերպել ընտրություններ»,- ասում է ցուցարարներից մեկը` 62-ամյա Գեորգին, որը, ցույցի բոլոր մասնակիցների նման, ավելի վճռական էր տրամադրված, քան ընդդիմության առաջնորդները:
Անցյալ նոյեմբերից մինչ այսօր ընդդիմության կոալիցիան քանդվել է, ու այժմ առանձին-առանձին է հանդես գալիս: Ընդամենը 5 կուսակցություն է մասնակցել փողոցային ցույցերին: Խորհրդարանական ընդդիմությունը լռում է, լռում է նաեւ «Հանրապետական» կուսակցությունը, որ մայիսյան ընտրություններին քիչ ձայներ հավաքելու պատճառով դուրս մնաց խորհրդարանից:
Շատ ընդդիմադիրներ հավատացած են, որ խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն, որը Սահակաշվիլիի հետ միասին հանդիսանում է 2003թ. «վարդերի հեղափոխության» առաջնորդներից մեկը, կարող է նախագահի համար հակակշիռ հանդիսանալ:
Նոյեմբերյան տարելիցին նվիրված ցույցից մի քանի օր առաջ Բուրջանաձեն ելույթ ունեցավ ու ափսոսանք հայտնեց, որ չի կարողացել ժամանակին պաշտպանել նրանց, ովքեր տուժեցին 2007թ. նոյեմբերի 7-ի բախման հետեւանքով: Ու չնայած այս հայտարարությանը, նա այդպես էլ չմասնակցեց տարելիցին նվիրված ցույցին:
Զուրաբ Նողաիդելին` Վրաստանի նախկին վարչապետը, որը վերջերս անցել է ընդդիմության շարքերը, նույնպես չմասնակցեց բողոքի ցույցին: Վրաց վերլուծաբանների կարծիքով` ընդդիմությունն այդպես էլ չկարողացավ ճիշտ օգտվել հասարակությունում առկա քննադատական տրամադրություններից: Այնուամենայնիվ, դեռ վաղ է խոսել ապագա հաջողությունների կամ անհաջողությունների մասին, գտնում են վերլուծաբանները:
«Չի բացառվում, որ հետագայում մեծամասշտաբ ցույցեր սկսվեն, բայց ընդդիմությանն անհրաժեշտ է նաեւառաջ ակտիվացնել հասարակական կարծիքը. դրան կարելի է հասնել միայն լրատվամիջոցների ազատության դեպքում»,- նշում է քաղաքական վերլուծաբան Արչիլ Գեգեշիձեն: Նրա կարծիքով` ընդդիմությունը պետք է պայքարի խոսքի ազատության համար, նախքան վաղաժամկետ ընտրություններ պահանջելը: «Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ ներկայիս իշխանությունները որոշակի ազատություն կտան լրատվամիջոցներին. դա հնարավոր կլինի միայն ներքին եւ արտաքին ճնշումների դեպքում»,- ասում է Գեգեշիձեն:
Վերլուծաբանի կարծիքով` երկրում իրական քաղաքական փոփոխություններ կարող են լինել, եթե ընդդիմությունը միասնականորեն աջակցի մեկ առաջնորդի, օրինակ` Բուրջանաձեին: Սակայն նման կարգի միաբանություն դժվար թե երբեւէ լինի:
Մեկնաբան Թորնիկե Շարաշենիձեն նշում է, որ նոյեմբերի 7-ին տեղի ունեցած ցույցի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության ցածր մակարդակը վկայում է այն մասին, որ քաղաքական առաջնորդներին բողոքի ակցիաների միջոցով հեռացնելու ժամանակը վաղուց անցել է, իսկ ընդդիմությունը ձախողել է այլընտրանքային երկարաժամկետ ռազմավարության մշակումը:
«Եթե կառավարությունը լուրջ սխալներ չանի, ընդդիմության համար շատ դժվար կլինի բողոքների նոր ալիք բարձրացնել. Չեմ կարծում, որ իշխանությունները կհամաձայնեն վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնել»,- ասում է մեկնաբանը:
Մեկ այլ փորձագետի` Ռամազ Սակվարելիձեի կարծիքով, վաղաժամկետ ընտրությունների կոչն ընդդիմության կողմից ընտրված սխալ ռազմավարություն է: «Ենթադրենք` իշխանությունները շատ խորամանկ են եւ համաձայնում են նոր ընտրություններ անցկացնել: Արդյո՞ք ընդդիմությունը իրատեսորեն է մոտենում իր հնարավորություններին. այսօր կառավարությունը շատ ավելի մեծ ժողովրդականություն է վայելում: Ուստի, ընդդիմությանն անհրաժեշտ է իրական այլընտրանքային տարբերակ ներկայացնել ծայրահեղական տրամադրություններով տոգորված հասարակական շերտերին, այլապես բողոքի ցույցերը ոչ մի արդյունքի չեն բերի»:
Նանա ԿՈՒՐԱՇՎԻԼԻ
Թբիլիսի
Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (www.iwpr.net) «Կովկասյան լրատու» CRS պարբերականից: