Ճարտարապետ, դիզայներ Միքայել Մկրտչյանը շատ հետաքրքիր ուղի է գծել իր համար: Նա չի շտապում, հռետորական լոզունգներով չի ուղղորդվում, այլ` նախագծում է այն փոքր տարածքը, որտեղ ինքը, իր հարազատները, ընկերներն ու իր աշակերտներն են ապրում: Նա նաեւ չի դադարում երազել` լավ հասկանալով, որ օրերից մի օր հասարակության մեջ կուտակված բողոքը դուրս է ժայթքելու եւ գեղեցիկ ու հարմարավետ շենքերի ու խաղաղ միջավայրի տեսք է ստանալու: Նման միջավայր նա արդեն ստեղծել է Արարատյան դաշտավայրում գտնվող մի փոքր թաղամասում, որտեղ արվեստի դպրոց է հիմնել ու մոտակա գյուղերի երեխաներին ու պատանիներին փոխանցում է արվեստի ու արհեստի շունչն ու հմտությունները: Միքայել Մկրտչյանը բնավ էլ սենտիմենտալ ու երազկոտ մարդ չէ, ընդհակառակը` նա սթափ ու «փշոտ» է: Գերադասում է լինել ընդհատակում, քանի որ միայն այդպես կարող է իր նպատակին հասնել: Նա ձեռք է բերել այդ նպատակի գիտակցումը: Իսկ դա ամենաթանկ բանն է մեր այսօրվա կյանքում, որտեղ արվեստով զբաղվող մարդիկ կամ ամպագոռգոռ խոսում են, կամ էլ ջայլամի նման փորձում են իրենց զատել արդի խնդիրներից` մտածելով, որ ոչինչ փոխել չեն կարող, այդ պատճառով էլ` ոչինչ չեն ձեռնարկում:
– Դուք ճարտարապետ եք, բայց հիմա ինտերիերի դիզայնով եք զբաղվումգ
– Ճարտարապետությունը մի մասնագիտություն է, որը շատ ուշ է հասունանում։ Ես հասկացել եմ, որ կա ընդհանուր մի շղթա, որը սկսում է իրից, ինտերիերից, հետո դառնում է բուն ճարտարապետություն եւ վերջապես վերածվում է միջավայրի։ Եվ եթե այդ շղթան խախտվում է, սկսում են հում գաղափարներ ի հայտ գալ։ Եվ զարմանալի չէ, որ մենք հիմա մեր քաղաքում լիքը հում բաներ ունենք, որոնք, չգիտես ինչո՞ւ` անվանում ենք ճարտարապետություն։
– Կարելի՞ է նախագծել միջավայրը։
– Իհարկե, դա նշանակում է՝ տրամադրություն ստեղծել։ Մարդը միշտ միանգամից զգում է, թե ինքն ինչ միջավայր է ընկել, արդյո՞ք այն խաղաղ ու բարի է, կամ ընդհակառակը՝ դինամիկ ու փոփոխական է։ Միշտ հարկավոր է հասկանալ՝ ի՞նչ խնդիր է դրված այս կամ այն բանը նախագծելիս։ «Նախագծել» նշանակում է՝ անել նախնական գործ, որը հետագայում իր գիծը կստանա։ Օրինակ, յուրաքանչյուր միջնադարյան եկեղեցի հիմա էլ` հազարամյակներ անց, իր միջավայրն ունի, քանի որ միջավայրի ստեղծումն ի սկզբանե դրված է եղել նախագծի մեջ։ Իսկ հիմա նման խնդիր չի դրվում, այդ պատճառով էլ «ոտքից գլուխ» ներդաշնակ շենք չկա: Վերջերս ես մի հետաքրքիր նախագիծ տեսա բարձր տեխնոլոգիաների զարգացմամբ զբաղվող ինստիտուտում։ Ահռելի սպիտակ սրահ էր ստեղծվել, որտեղ ժամանակ առ ժամանակ հայտնվում էին հին փայտե գրասեղաններ, եւ ազատ տարածքն էլ լցված էր բույսերով ու ծառերով։ Այսինքն` ստեղծվել էր անհասկանալի մի վիճակ, որն անկասկած նպաստում է ստեղծագործական պրոցեսին, եւ որտեղ մարդը ոչ թե ռոբոտ է, այլ՝ բավականին սենտիմենտալ տրամադրություն առաջացնող միջավայրի մի մասնիկը։ Բարձր տեխնոլոգիաներով զբաղվող մարդու ուղեղն առանց այդ էլ պարզ ու մաքուր գծերով է զբաղված, եւ նրան ավելի լավ զգալու համար փոքր-ինչ ավելի փափուկ տարածություն է հարկավոր։ Ինտերիերն ընդհանրապես պետք է չհոգնեցնող ու խաղաղ լինի, այլ ոչ թե՝ լարի ու վախեցնի մարդուն։ Երբ, օրինակ, մտնում ես այսօրվա մեր ռեստորանները, շատ հաճախ քեզ թվում է` մտել ես վատ ճաշակով արված ինչ-որ մի նկարի մեջ ու քեզ անհարմարավետ ես զգում: Դա էլ է միջավայր:
– Ինձ միշտ հետաքրքրել է, թե, ասենք, ասելով` «vip», «էքսկլյուզիվ» կամ էլ «շքեղ», ռեստորանների կամ տաքսի սերվիսների տերերն ի՞նչ են նկատի ունեցել: Արդյոք այդ բառերը կշիռ ունե՞ն, եւ ի՞նչն է շքեղը:
– Շքեղն իրականում շատ հետաքրքիր է արտահայտվում մեզանում, կարծես դա դիզայնով զբաղված մարդկանց թելադրանքն է, ավելի շուտ մոդա է։ Կիրթ եվրոպացու, ասենք՝ 700 տարվա ազնվական տոհմից սերող կոմսի համար շքեղությունը մի բան է նշանակում, իսկ մեր «նուվորիշի» համար բոլորովին այլ բան է նշանակում։ Եվրոպացու շքեղությունը շատերի համար այստեղ անհասկանալի է, իսկ մեր շքեղությունը եվրոպացու համար ուղղակի ծիծաղելի է։ Իրականում ես կարծում եմ, որ մեզ շատ է պակասում քայլ անելու, ռիսկի գնալու պատրաստ լինելը։ Մեր կյանքում շատ ստերեոտիպեր կան, որոնք պետք է համարձակվել փշրել։
– Հիմա աշխարհը շատ «բաց» է, կարելի է յուրաքանչյուր ինֆորմացիա ստանալ ու յուրացնել այն։ Զարմանալի է, թե ինչո՞ւ ենք «նորի» անվան տակ արդեն իսկ ժամկետանց նախագծեր իրականացնում ու մեծ գումարներ ծախսում։ Օրինակ, Հյուսիսային պողոտայում։
– Այո, աշխարհը բաց է, բայց մարդկանց ուղեղներն են սահմանափակվել։ Միայն հո նայելո՞վ չէ, պետք է կարողանալ նաեւ պատրաստ լինել տեսնել։ Կարեւորը մարդու խնդիրն է, կարեւոր է հասկանալ՝ ո՞վ է այդ նայողը եւ ինչպե՞ս նա հետագայում կվարվի իր տեսածի հետ։ Իսկ Հյուսիսային պողոտան ես միշտ համեմատում եմ մի վայրի հետ, որտեղ մշտական գործողություն ունեցող նեյտրոնային ռումբ են գցել։ Այսինքն, թվում է, որ այնտեղ ամեն ինչ կա, բայց մարդ չկա։ Մարդն այնտեղ պարզապես չի տեղավորվում։
– Գուցե այդ պատճառով էլ այնտեղ հավաքվում են ներքուստ բողոք կրող մարդիկ։
– Այո, եւ դա զարմանալի չէ։ Իսկ եթե մասնագիտական առումով խոսենք, պարզ կերեւա, որ այնտեղ դասական ճարտարապետության հոտն անգամ չկա։ Երբ ասում ենք՝ քարե Երեւան, հասկանում ենք, որ այն իր քարե ճարտարապետությունն ուներ։ Իսկ հետո կրկնելով քարե ճարտարապետությունը` սկսեցինք կառուցել երեսապատում ունեցող Երեւանը: Իսկ դա ոչ այլ ինչ է, քան իմիտացիա։ Մեր կյանքում այնքան շատ են իմիտացիաները, որ հիմա դրանք արդեն մեր միջավայր են տեղափոխվել։ Իմիտացիոն միջավայր ստեղծում են, ասենք, Հոլիվուդում, որտեղ ֆիլմ է նկարահանվելու, այդ պատճառով էլ ոչ թե «կենդանի» պատեր, այլ՝ դեկորացիաներ են կառուցում։ Մենք շենքերի պատուհանները պլաստմասսայից ենք անում, բայց ներկում ենք, որպեսզի դրանք փայտի իմիտացիա ստեղծեն։ Եվ դա շատ զզվելի է, ուզում ես ասել՝ եղբայր, ո՞ւմ եք խաբում։ Իհարկե, անպայման չէ պատուհանները փայտից անել, բայց ընտրված նյութը պետք է հարիր ներկայացվի։ Պետք է երեւա, որ նյութը հենց դա է, այլ ոչ թե՝ մեկ այլ բան։ Չի կարելի ամեն սխալ բան բացատրել միայն մարդու քմահաճույքով: Ոչ, ամեն բան պետք է հիմնավորված, ապրած ու մտածված լինի, իր խնդիրն ունենա։
– Մենք շատ հանձնաժողովներ ունենք, որոնք պատասխանատու են շենքերի, հուշարձանների, նաեւ՝ միջավայրի համար։ Եվ նման հանձնաժողովների կազմում, իրոք, խելացի մարդիկ կան։ Ինչո՞ւ չի ստացվում ճիշտ նախագծման փուլ կատարել։
– Բոլորս գիտենք, որ այդ խելացի մարդիկ պայմանավորվածություններ ունեն այն մարդկանց հետ, ում համար միջավայրի կառուցումը դատարկ բան է։
– Ուրեմն հենց միջավայրն է մեզ ֆորմա թելադրում, ու մենք արժանի ենք մեր տձեւ դարձող քաղաքին։
– Ամեն դարաշրջան ունի իր գաղափարախոսությունը. Ստալինյան, Խրուշչովյան կամ Բրեժնեւյան Երեւանն իրենց «զգեստներն» ունեին։ Իսկ այսօրվա Երեւանը չունի իր գաղափարախոսությունը, քաղաքի կենտրոնն, օրինակ, բացի տագնապից, այլ ապրում առաջացնել չի կարող։
– Միգուցե հենց տագնա՞պն է իշխող գաղափարը։
– Ես հասկանում եմ, որ Եղեռնի թանգարանում կարող է տագնապի խնդիր դրվել, որպեսզի սարսափելի ինտերակտիվ ինֆորմացիան կարողանա մտնել թանգարան մտնող մարդու յուրաքանչյուր բջիջի մեջ։ Բայց նույն խնդիրը չի կարող դրվել քաղաքի դաուն-թաունում, որտեղ մարդիկ են զբոսնելու։ Կամ էլ, նույնիսկ, եթե նման խնդիր է դրվել, թող ասվի այդ մասին։ Հիմա ամեն ինչ գրոտեսկի ու աբսուրդի է հասցվել, եկեք հասկանանք՝ մենք դա՞ էինք ուզում։ Մինչդեռ կարելի էր քաղաքի կենտրոնի միջուկը մաքրել ու դարձնել շշմելու տարածք։ Հիմա բոլորն աջ ու ձախ գոռում են, թե ուզում են մեր երկրում տուրիզմը զարգացնել, բայց միեւնույն ժամանակ ամենասիրուն տուրիստական տարածքն արդեն ոչնչացրել ու «կերել» են։ Վատ կլինե՞ր, եթե գալերեաներով, փոքր ռեստորաններով, պուրակներով ու թատրոններով լեցուն միջուկ ունենայինք: Արդեն իսկ շատ բան ավերել ենք, կարելի էր գոնե փոքր օազիս ստեղծել, եւ այդ մեկ քառորդ «թոքով» մեր քաղաքն ավելի ազատ կշնչեր:
– Դուք թողել եք Երեւանն ու տեղափոխվել եք գյուղ: Ինչո՞ւ:
– Ես հիմա երջանիկ եմ, որ քաղաքից հեռու եմ ապրում։ Բաղրամյան շրջանում, քարքարոտ անապատային մի տարածքում ամառանոցային թաղամաս կա, որտեղ ապրում եմ: Ճիշտն ասած, միշտ եմ երազել այդ մասին: Երազում էի նաեւ ստեղծել մի արվեստանոց, որտեղ ցանկացած գործիք ու նյութ կլինի։ Եվ, փաստորեն, այդ երազանքը կատարվեց, դրան գումարվեց նաեւ երեխաների հետ շփվելու, կիսվելու, ընկերություն անելու, գործի շուրջը նրանց հետ խորհրդակցելու հնարավորությունը։
– Իսկ ինչպե՞ս ծնվեց արվեստի դպրոց հիմնելու գաղափարը:
– Մի շատ գեղեցիկ ավանդույթ կա սփյուռքում. երբ որեւէ մարդ է մահանում, նրա հիշատակը հավերժացնելու համար նրա հարազատները որեւէ բարի գործ են անում։ Անգլիայում ապրող Գալաչյան ընտանիքն իրենց որդու՝ դիզայներ Լեւոն Գալաչյանի անունը կրող դպրոց կառուցեց։ Պարզապես նրանք նպատակ էին դրել այդ դպրոցը քաղաքից դուրս ստեղծել, քանի որ Երեւանն, ի տարբերություն մարզերի, շատ հագեցած է նման ծրագրերով։ Ընդ որում՝ այդ թաղամասում շատ են հիշատակի սիմվոլները։ Ջրազուրկ գյուղում, օրինակ, մի անգլիական հիմնադրամ ջրատար խողովակ անցկացրեց, եւ բնակիչներն էլ թաղամասն անվանեցին այդ բարերարի անունով՝ Մովսեսաշեն։
– Շա՞տ երեխաներ կարող են այդտեղ սովորել:
– Նրանք դպրոց են ընդունվում` որոշակի փորձաշրջան անցնելուց հետո միայն, քանի որ «Լեւոն Գալաչյան» արվեստի դպրոցում կարեւորը ոչ թե քանակն է, այլ՝ արդյունքը։ Դպրոցը նպատակ ունի որակյալ արհեստագործներ պատրաստել։ Մեզ մոտ 15 երեխա է սովորում: Ես դեմ եմ պլան կատարելու համար շատ երեխաներ հավաքելու սկզբունքին, քանի որ երեխաները չեն կարողանում լիարժեք սովորել, եւ ուսուցչի ու աշակերտի միջեւ կոնտակտ չի ստեղծվում։ Իսկ գեղարվեստական արհեստների դեպքում դա շատ կարեւոր է։ Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր դպրոց մի կենդանի օրգանիզմ է, որն ինքն իրեն ստեղծում է։ Մեր դպրոցն էլ վարպետներն ու աշակերտներն են ստեղծում։
Երեխաները մեզ մոտ աշխատում են մետաղի, քարի, կավի հետ, հիմա փորձում ենք փոքր դարբնոց կառուցել, հավատում եմ, որ օրերից մի օր ձուլարան էլ կունենանք։
– Դա շատ կոնկրետ օգնություն է մարզերի երիտասարդ բնակիչների համար, քանի որ դա նրանց ապագայում «փեշակ» է տալու:
– Ես հազար անգամ պատմել եմ իմ երեխաներին ու նրանց ծնողներին «Անահիտ» հանճարեղ հեքիաթը։ Այն մեզ համար բավականին լուրջ ծրագրային բնույթ է կրում։ Երեխաները մեր դպրոցն ավարտելով, կոպիտ ասած՝ լավ արհեստավոր-կատարողներ են դառնալու, եւ ոչինչ, որ միայն քչերից արվեստագետ-հորինող դուրս կգա (նրանք միշտ էլ քիչ են լինում)։
– «Կատարող» բառի մեջ իրականում շատ մեծ կշիռ կա, թեեւ շատերը չեն ուզում դա խոստովանել` ցանկանալով ընդգծել իրենց ստեղծագործական դերը:
– Քրիստոնեական տեսանկյունից` «կատարողը» լավ բան է, քանի որ կատարումը խոնարհում է ենթադրում։ Այսինքն՝ հավակնություններն են քիչ լինում, եւ բացառվում է արվեստի այն մութ կողմը, որը նեւրոտիկ լարախաղացության է նման:
– Իսկ ինչո՞ւ մենք ոչ մի կերպ չենք կարողանում լավ ֆիլմեր, լավ ներկայացումներ, կամ ընդհանրապես` արվեստի վառ իրադարձություններ ստեղծել:
– Մշակույթի ոլորտում մենք լիքը խնդիրներ ունենք: Հիմա ժամանակն է գոռալ, որ թագավորը մերկ է: Ես ինքս էլ ժամանակ առ ժամանակ ուզում եմ այդ գոռացողներին միանալ: Երբ տեսնում ես, որ որեւէ դատարկ բան մի օրում ֆետիշացվել է, իսկ մի շատ տաղանդավոր բան անտեսվում է՝ ուզում ես գոռալ այդ մասին, ուզում ես ասել, որ այդ սարքած թագավորն իրականում թագավոր չէ, իսկ իսկական թագավորն անդերգրաունդում է: Բոլոր լուսավոր մարդիկ անդերգրաունդում` ընդհատակում են: Միշտ էլ այդպես է եղել, քանի որ այդ մարդկանց մեջ չկա գրավելու, «իրենցով» անելու մղումը: Նրանք պարզապես իրենց գործն են անում, այլ ոչ թե՝ սեփական կարիերան կառուցելով են զբաղվում: Նորմալ երկրներում նրանց կողքին անպայման մարդիկ են բուսնում, որոնք ասում են` ես կզբաղվեմ քո կարիերայով, իսկ դու աշխատիր: Իսկ հիմա արվեստի ոլորտում շատ են մարդիկ, որոնք իրենց ամբողջ էներգիան դնում են կարիերա սարքելու վրա, առավոտից մինչեւ իրիկուն մտածում են` ո՞ւմ պետք է քծնեն, որ պատվեր «կպցնեն»: Իհարկե, կոմպրոմիսն անխուսափելի է, բայց մարդն ամեն դեպքում իր արած գործից պետք է հաճույք ստանա: Կարելի է տոննաներով փող ունենալ, բայց հաճույք չստանալ: Ամեն դեպքում, մտավոր գործունեությամբ զբաղվող մարդը պետք է կարողանա հակակշիռ դառնալ այն երեւույթներին, որոնք չափն անցնում են:
– Արվեստում բողոքի ինչպիսի՞ ֆորմաների կարիք ունենք:
– Օրինակ, ժամանակին բողոքի ֆունկցիան կատարեց ռոք երաժշտությունը, բայց հիմա, երբ նայում ես շուրջդ, տեսնում ես, որ ռոքը ոչնչով չի տարբերվում «պոպսայից»: Մարկուզեն մի լավ միտք ունի, ասում է` ժխտեք, որքան կարող եք եւ որտեղ կարող եք, եւ դրանից կարող է մի բան դուրս գալ: Ոչ մի ժխտում կոնկրետ ծրագիր չունի: Բայց պետք է ընդունենք, որ ժխտումների շղթան մի օր կարող է փոխել իրավիճակը: Ու եթե ներսում զետեղված բողոք կա, այն անպայման մի օր դուրս է գալու եւ իր ֆորման է ընդունելու: Արվեստում միշտ այդպես է, չգիտես` որտեղի՞ց է այդ բողոքը դուրս գալու: Բայց հիմա մի անհասկանալի խաղաղ վիճակ է, բոլորը կարծես ինչ-որ նոր բանի գալստյանն են սպասում: Եկեք մի բան հիշենք` պարտադիր չէ, որ մեր ցանկություններն անմիջապես իրենց արդյունքը տան: Ասենք, մի տարի է՝ բողոքում ենք մեր թատրոնների վիճակից, հետո մտածում ենք` դե, ոչ մեկին մեր բողոքը պետք չէ, քանի որ ոչինչ չի փոխվում: Մինչդեռ կարող է հենց մեր բողոքների շարժման արդյունքում թատրոնը յոթ տարի հետո փոխվել: Փոփոխության ժամանակը լիմիտավորված չէ:
– Այսինքն` հավատա ու կհասնե՞ս:
– Ամեն դեպքում «դոնկիխոտությունն»՝ անուղղակի, բայց կարող է արդյունք տալ: Եթե մարդը շատ ցանկանա, իր երազանքները կատարված կտեսնի: Բայց եթե շտապի, իրար խառնվի, արագ հիասթափվի, կկորցնի իր երազանքը: Օրինակ, արվեստանոց ունենալու մասին ես երազել եմ իմ ողջ կյանքի ընթացքում: Եվ վերջերս իմ երազանքը շատ տարօրինակ կերպով իրականացավ, հայտնվեցին մարդիկ, որոնք ասացին` բարեւ ձեզ, մենք եկանք օգնելու: Երազածդ անպայման գալու է: Եվ ամեն մարդ այն է, ինչի մասին երազում է: Ես իսկապես կարծում եմ, որ մեր հիմնական պրոբլեմը հենց նման երազողների պակասն է: Իսկ հասարակության ակտիվ մասնիկները սովորաբար միայն շատ պրոզաիկ երազանքներ են ունենում: Հետաքրքիր է, որ նրանք հասնում են իրենց երազանքներին, «յուղոտում» են, իսկ հասարակությունը տեղում դոփում է: Խելացի մարդիկ էլ ընդհատակում են հայտնվում:
– Իսկ արդյոք հաճելի չէ՞ քաղաքում ապրող մարդու համար՝ իրեն հսկա մեխանիզմի ընդամենը մի փոքր «վինտիկ» զգալ ու այդպես բավարարել իր հավակնությունները։ Միգուցե այդպե՞ս է ձեւավորվում հասարակական հոգեբանությունը։
– Հասարակության մասնիկ զգալը կախված է անհատի դրդապատճառներից: Հիմա Երեւանում մարդկային մի նոր տեսակ է հայտնվել, որը չի հեռանում քաղաքից, բայց փորձում է իր սոցիալական տարածքը նվազագույնի հասցնել, ստեղծում է իր միկրոաշխարհն ու մեջն է ապրում։ Ընդ որում՝ նկատել եմ, որ քաղաքից հեռանալու միտումը շատ է սրվել։ Հետաքրքիր է, որ «քաղաքի տղա» ասելով` հասկանում ենք, որ այդ տղան բոլորին ճանաչում է, բոլորն էլ նրան են ճանաչում։ Այսինքն, նա շփվում է, ժպտում է, հանդիպում է, մի խոսքով՝ նա «դեմք» է։ Այդ իրավիճակը կարելի է անվանել քաղաքային ֆաշիզմ։ Պետք չէ մոռանալ, որ պրովինցիայից եկած մարդիկ միշտ ավելի մեծ արդյունքի են հասնում իրենց մասնագիտության մեջ, քանի որ նրանք ավելի «ծարավ» են, աչքածակ են ու սպունգի նման ամեն նոր բան կլանում են։ Նրանք զարմանում են եւ ուզում են զարմացնել։ Իսկ զարմանալու հատկությունը շատ թանկ բան է։
– Իսկ մարդկային էներգիան ակումուլացվելով կարո՞ղ է, ի հեճուկս որոշ մարդկանց, ավելի կայուն ու խաղաղ միջավայր ստեղծել։
– Էներգիան անկանխատեսելի բան է։ Բարու ծիլն, իհարկե, միշտ կա։ Այն կամ անտեսվում է, կամ ինքն է թաքնվում՝ սպասելով այն պահին, երբ կարող է ընդհատակից դուրս գալ, նույնիսկ այն ժամանակ, երբ լուրջ ճիգեր են գործադրվում նրան սպանելու համար։