Սահակյանը՝ ԱՄՆ-ում

28/11/2008

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել գործարար, «Հայ-ռուսական հեռուստատեսային ցանց» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգլախչյանի հետ: Ըստ ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչության՝ հանդիպման ժամանակ քննարկվել են տեղեկատվական դաշտում Արցախի եւ Սփյուռքի միջեւ փոխգործակցության վերաբերյալ հարցեր: Տեղեկատվական դաշտը որակելով որպես ռազմավարական կարեւորագույն նշանակություն ունեցող ոլորտ` ԼՂՀ նախագահն ընդգծել է այս բնագավառում համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Նույն օրը Բակո Սահակյանը հանդիպել է ամերիկահայ բարերարներ Հարի եւ Աիդա Շաքարյանների հետ եւ քննարկել ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարների հետ կապված մի շարք հարցեր:

ԼՂՀ նախագահն այցելել է նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան եւ հանդիպել թեմի Ազգային խորհրդի անդամների ու հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Բակո Սահակյանը ներկաներին ծանոթացրել է ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Նա բարձր է գնահատել Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսության դերը Սփյուռքում հայապահպանության եւ հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում: Նոյեմբերի 25-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել միացյալ հայկական հիմնադրամի նախագահ, «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանի հետ: Քննարկվել են ԼՂՀ-ում հիմնադրամի կողմից իրականացվող, ինչպես նաեւ՝ հեռանկարային ծրագրերին վերաբերող հարցեր: