«Առանց տեսլականի մարդիկ մեռնում են»

28/11/2008 Հերմինե ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Առակաց գրքից է. «Առակ 29» կրթական-մշակութային բարեգործական կազմակերպության առաջնորդողը: Մի քանի սփյուռքահայերի հիմնած կազմակերպություն է, որի նպատակն է՝ նպաստել ազգային վերածննդին, մշակութային վերականգնմանը, ստեղծագործական զարթոնքին եւ Հայաստանը զարգացնել աշխարհի գլոբալ մրցակցություններին համապատասխան:

Մեզանում շատ են «Մեկ ազգ, մեկ մշակույթ» միջոցառումները, որոնք, սակայն, առանց իրական քայլեր դառնալու՝ միջոցառմամբ էլ վերջանում են: Ու որեւէ հետք չեն թողնում, որեւէ ուղի չեն բացում դեպի մեր բոլորիս տեսլական հայրենիքը: Իրականում` Հայաստանի արեւելյան մասը ռուսական տիրապետության ժամանակ կրել է թե՛ մշակութային, թե՛ հասարակական բազմաթիվ փոփոխություններ: Արեւմտյան մասի բնակիչները` ցրվելով աշխարհում` իրենց մեջ ունեն հայկական ժառանգություն, որը, սակայն, մաշվել է աշխարհի փողոցներում: Երկու կոտորակված մասերը ընդհանուր հայտարարի գալու խնդիր ունեն: Նույն արմատներից ծագած ու այժմ հեռացած մասերը նույն հիմքին պիտի դառնան: Ու դեպի այդ հիմքը գալու մեկ քայլն ավելին է, շատ անգամ ավելին, քան հազարավոր պատերազմներ մեր պատմության ընթացքում` հաղթած կամ տանուլ տված: Կազմակերպությունը այդ քայլերն է իրականացնում: Կազմակերպում է գիտաժողովներ, նպաստում իրավական ռեֆորմին, իրականացնում Հայաստանի ու սփյուռքի տնտեսական համագործակցությունը: Բազմաթիվ են նրա օժանդակությամբ գործող ծրագրերը` «Դեպի Հայք», «Հայ կամավորների միություն», «Մանանա երիտասարդ լրագրողների ծրագիր», «Տնտեսություն եւ արժեքներ», «Ոսկե միջին», «Մաքուր երեւան»:

«Դեպի Հայքը» սփյուռքահայ երիտասարդների ծրագիր է: Սփյուռքից հայ երիտասարդները գալիս, ծանոթանում են Հայաստանին, ապրում ու աշխատում այստեղ: Հիմնականում նրանք աշխարհի տարբեր երկրներում կայացած մասնագետներ են, որ իրենց աշխատանքով ու կարողություններով նպաստում են հայրենիքում տարբեր բնագավառների առաջընթացին: «Հայ կամավորական շարժումը» սփյուռքահայ երիտասարդների շարժում է, որի նպատակներից է՝ վերականգնել մշակութային արժեքները: Հայաստանում եւ Արցախում վերականգնում են ավերված եկեղեցիները, կառուցում դպրոցներ, հիվանդանոցներ: «Մանանա երիտասարդ լրագրողների ծրագրի» նպատակն է՝ աջակցել դպրոցականներին` իրենց առաջին քայլերն անելու լրագրության բնագավառում: «Տնտեսություն եւ արժեքներ» ծրագրի նպատակն է՝ օժանդակել Հայաստանի տնտեսության զարգացմանը: Կատարվում են վերլուծություններ Հայաստանի ու Սփյուռքի հնարավորությունների վերաբերյալ, իրականացվում ներդրումներ: «Ոսկե միջինը» կազմակերպության կենտրոններից մեկն է: Այն նպատակ ունի այստեղ եւ արտասահմանում բնակվող հայերին համախմբել Հայաստանի ապագա զարգացման շուրջ: Լինելով բոլոր հայերի համար հյուրընկալ տուն` այն ամրապնդում է պատասխանատվության զգացումը եւ քաջալերում Հայաստանը մեր հնամյա մշակույթին ու ժառանգությանն արժանի, օրինակելի երկիր դարձնելու համար ձեռնարկվող քայլերը: «Ոսկե միջինը» ազատ խոսելու, գիտելիք կիսելու, ներշնչանք ստանալու, բոլորի մտքերը հստակեցնելու, հնարավոր տարբերակներն ավելի լավ հասկանալու վայր է: Այստեղ համոզված են, որ «Տեսլականն առանց գործողության երազ է, գործողությունն առանց տեսլականի` մղձավանջ: «Ոսկե միջինի» նպատակը տեսլական ունեցող գործողությունն է, ամրացնել տեսլականը, որպեսզի գործողությունները իրականացնեն մեր երազանքները»: Քննարկումները, զրույցները, հանդիպումները, որ լինում են «Ոսկե միջին» կենտրոնում, այս ամենի իրականացումն են: Այստեղից բոլորը գնում են ոտքերի տակ հայրենիքի ամուր հողի զգացողությամբ: «Դարձի՛ր այն փոփոխությունը, որը կցանկանայիր տեսնել աշխարհում», «Մեծ սիրտը, բարի խոսքը, այլոց ծառայող կյանքն ու կարեկցանքն են վերափոխում մարդկությանը», «Հիշե՛ք, որ մենք բոլորս նույն նավի մեջ ենք», «Միասնական լինելը մի խմբի մաս կազմելն է, խումբ, որ ամբողջական է» ասույթները կենտրոնի առաջնորդողներից են:

Կազմակերպության կարեւոր առաքելություններից է հայ իրականության մեջ ոսկե միջինը գտնելուն ուղղված քայլերը: Այդ ճանապարհին բոլոր հայերին հասկանալի մեկ լեզվով խոսելու խնդիրն է, կամ, թերեւս, մեկ լեզվով գրելու: Պարզվում է, այն այնքան էլ լուրջ խնդիր չէ, որքան ներկայացնում են դրա շուրջ տարիներ շարունակ անարդյունք վիճաբանող լեզվաբանները, եւ հնարավոր է ցանկացած հայերենով գրված տեքստ մի քանի վայրկյանում փոխել դասական ուղղագրության: Այն համակարգչային ծրագիր է` ինտերնետում գործող «Առակ 29» կազմակերպության կայքի( www.arak29.am ) մի մասը: Հեղինակը հայագետ, իրավաբանության եւ փիլիսոփայության դոկտոր Թոմ Սամուելյանն է: Այդ կայքում կան թե՛ հայերենի բոլոր ճյուղերին ծանոթացնող, թե՛ սովորեցնող բաժիններ: Մի ինքնուսույց-ուղեցույց է, որով մի քանի դասից հետո կարելի է մոռանալ բոլոր վիճաբանությունները ուղղագրության շուրջ: Նարեկացու մատյանի թարգմանիչ, գրաբարին ու արեւմտահայերենին խորագետ հեղինակի կարծիքով` եթե ամբողջովին չենք ընդունելու դասական ուղղագրությունը, ապա իզուր է որեւէ փոփոխություն: «Ամբողջ վիճաբանությունը մի քանի կանոնների իմացության ու մի քանի բառի ճիշտ գրության մեջ է»,- ասում է նա: Մնացածն արդեն արված է ինտերնետային կայքում եւ հասանելի է գրաճանաչ բոլոր հայերին Հայաստանում եւ սփյուռքում:

Լեզվից բացի, կայքում կան այլ բաժիններ եւս. շրջակա միջավայր, տնտեսություն, իրավաբանություն, գրականություն, պատմություն, մշակույթ, եկեղեցի: Հասարակարգերի վերելքներից ու վայրէջքներից մինչեւ կյանքի ու մահվան թվաբանություն, եկեղեցուց մինչեւ քրիստոնեություն, իրավաբանությունից մինչեւ փիլիսոփայություն ու աստվածաբանություն, Պլատոնից մինչեւ Նարեկացի ու Սարոյան` այստեղ ամեն ինչ կարելի է կարդալ: Կարելի է շարական լսել ու պատարագ, կարելի է հայերեն սովորել ու անգլերեն, ժամանակակից լեզուներից մինչեւ նրանց խոր հնդեվրոպական արմատներին հասնել: Ամեն բաժին ունի այնքան ենթաբաժիններ ու այնքան օգտակար տեղեկություններ, որ այն ամեն հայի համար մի հանրագիտարան է: Գործող ու ապագա ծրագրերը հիմնված են համակողմանի վերլուծությունների, Հայաստանի ու սփյուռքի ունեցած ներուժի ու համագործակցության հնարավորությունների իմացության, աշխարհի տարբեր երկրների ու հասարակարգերի փորձի ուսումնասիրության վրա:

Միջազգային իրավունքի գիտակ դոկտորն ասում է. «70 տարի ռուսական օրենքներին էր Հայաստանը ենթակա, անկախությունից ի վեր խորհրդականներ են հրավիրվում տարբեր երկրներից, որոնք բոլորն իրենց երկրների օրենքներն են թելադրում մեզ: Բայց մարդը միայն իր ստեղծած, իր ավանդույթներին համապատասխան օրենքները հարգելով կարող է ապրել իր երկրում: Դա է ազատությունը»: