«Եվրամիությունը չի անտեսի Թուրքիայի կողմից բարեփոխումների դանդաղեցումը` որպես տարանցիկ ճանապարհ այդ երկրի ռազմավարական կարեւորության եւ տարածաշրջանում աճող դիվանագիտական ազդեցության պատճառով»,- նման հայտարարություն է արել երկօրյա փաստահավաք առաքելությամբ Անկարայում գտնվող Եվրախորհրդարանի պատվիրակությունը: «Թուրքիան դրական դեր է խաղում արտաքին քաղաքական հարցերում եւ տարածաշրջանում առկա հակամարտությունների նկատմամբ իր մոտեցմամբ, սակայն դա արդարացում չէ քաղաքական օրակարգով չզբաղվելու համար»,- «Ռոյթերզ» գործակալությանն ասել է Եվրախորհրդարանի հոլանդացի պատգամավոր Ռիա Օոմեն Ռուիյտենը: Ռուիյտենը, ով Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ Եվրախորհրդարանի Արտաքին գործերի հանձնաժողովի զեկույցի նախագծի հեղինակն է, կարծիք է հայտնել, որ կա՛մ Թուրքիան պետք է արագացնի բարեփոխումները, կա՛մ կվտանգվի Եվրամիությանը այդ երկրի անդամակցության հեռանկարը: «Մենք լճացում ենք տեսնում բարեփոխումների գործընթացի քաղաքական չափանիշի առումով: Բարեփոխումների գործընթացի սիրտը քաղաքական բարեփոխումներն են»,- հայտարարել է Օոմեն Ռուիյտենը: «Ռոյթերզի» տեղեկություններով` Եվրախորհրդարանը հաջորդ շաբաթ հրապարակելիք զեկույցում ողջունելու է Թուրքիային իր արտաքին քաղաքականության եւ հատկապես Հայաստանի հետ մերձեցմանն ուղղված քայլերի համար, սակայն վերահաստատելու է մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի բարելավման, արդարադատության համակարգի բարեփոխման եւ զինվորականության ազդեցության նվազեցման կոչերը: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, Եվրախորհրդարանի մեկ այլ պատգամավոր` Յոոստ Լագենդիյկը հայտարարել է, թե իրեն հատկապես մտահոգում է դանդաղ առաջընթացը խոսքի ազատության եւ քրդերի իրավունքների հետ կապված հարցերում: «Տպավորություն կա, թե քանի որ Թուրքիան ռազմավարական նման կարեւորություն ունի, կառավարությունում ոմանք հավատում են, որ բարեփոխումները կարող են սպասել, եւ կառավարությունը կարող է անել ինչ ուզում է»,- ասել է Լագենդիյկը: Այսպիսով, Հայաստանի համար դեռեւս որեւէ իրական արդյունք կամ նույնիսկ հեռանկար չտված հայ-թուրքական հարաբերությունների «ջերմացումը» կարող է օգնել Թուրքիային ԵՄ-ի հետ հարաբերություններում: Այսինքն` այն կանխատեսումները, որ հայ-թուրքական «ֆուտբոլային հարաբերություններից» շահելու է միայն Թուրքիան, հաջորդ շաբաթ կոնկրետ արտահայտություն են ստանալու: