Վարդան Այգեկցի

28/11/2008 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

«Եթե նույնիսկ պարզվի,- գրում է Նիկողայոս Մառը,- որեւէ անհայտ քարոզիչ առակը կիրառել է ուսուցման ժամանակ, Վարդանի նշանակությունը դրանով չի նսեմանա: Վարդանը, որ ստեղծողն էր առակախառն նոր տեսակի, ստացավ տաղանդավոր քարոզչի եզակի համբավ, հիմք դնելով առակների լայն օգտագործման` բարոյախոսական նպատակով: Որքան էլ պարզ լինեն ձեւերը, որոնցով առասպելները եւ հեքիաթները դառնում են առակներ, հայ գրականության մեջ այդ ձեւերն իբրեւ կիրառող՝ առայժմ մենք ճանաչում ենք Վարդանին, եւ հենց նրա այլաբանությունները կարող են համարվել գրական այդ սեռի լավագույն օրինակները: Հետեւաբար, առակները, որոնք Վարդանի ժողովածուների հիմնական շերտն են կազմում, ամբողջովին եւ հավիտյան կմնան կապված Վարդանի անվան հետ, թեկուզ եւ նրանցից մեկի կամ երկուսի վրա ուրիշ, ավելի հին հեղինակներ ունենան որեւէ իրավունք»:

Ինչպես ժամանակին նշում էր Ակսել Բակունցը, մեզ այստեղ չի զբաղեցնում այն խնդիրը, թե Վարդանին վերագրված մոտ չորս հարյուր առակներից եւ մանրավեպերից քանիսն են Վարդանի բուն գործը եւ քանիսը հավելված են հետագայում:

Միտս եկավ մի գեղեցիկ ավանդապատում, որը մի տեղ հիշատակում է Ինգմար Բերգմանը.

Երբ Շարտրի տաճարը կայծակնահար է լինում եւ մինչեւ հիմը այրվում, ապա հրդեհավայր են ժամանում բյուրավոր մարդիկ, եւ նորիցնոր նույն տեղում կառուցում են տաճարը:

Հնում արվեստագետը, անկախ այն բանից՝ հայտնի՞ էր, թե՞ ոչ, մնում էր անհայտ, նույնիսկ ինքն իրեն, քանզի ստեղծագործում էր ի փառս Աստծո: «Հավերժական արժեքները», «անմահությունը», «գլուխգործոցը»` բոլոր այդ եզրերն անհարիր էին նրան: Ստեղծագործելու ընդունակությունն ի վերուստ էր տրվում, ինչի նմուշներն են նաեւ Մեծն Վարդանի անպաճույճ քարոզներն ու առակները, ով անշուշտ իրեն զգում էր՝ որպես սոսկ տաճարը կառուցողներից մեկը:

ՏԱՍԸ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՑՈՒՑԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ

Եվ արդ ահա վաճառականները հավաքվեցին մի տեղ եւ մեկնեցին իրենց վաճառականական գործերով, եւ մի ողջ տարի գնում էին մեծ տառապանքներ կրելով, հասան հեռավոր մի աշխարհ եւ մտան մի անծանոթ գավառ: Եվ նրանց ետեւից ձգվեց մինչեւ երկինք մի հրեղեն պարիսպ, այնպես, որ անհնար էր դարձը նրանց, ուստի շարունակեցին գնալ: Եվ ծածկված էր գավառն այն թանձրամած խավարով ու լցված էր չար կարիճներով եւ մահաթույն վիշապներով եւ գիշակեր գազաններով, եւ կերակուրը բնավ անհետացել էր գավառից այդ: Եվ տագնապած ժողովվեցին նրանք եւ չգիտեին, թե ինչ անեն, քանզի ճանապարհից շեղվելու եւ կամ ետ դառնալու հնար չկար: Ակամա սկսեցին շարունակել ճամփան: Եվ ահա ճանապարհին հառնեց նրանց առաջ ութ որոգայթ, մեկը մյուսից ահարկու եւ սոսկալի, չարատեսիլ եւ դառնագույն: Թռչունն անգամ չէր կարող հաղթահարել որոգայթներն այդ: Եվ ելան նրանք բարձրագույն մի տեղ եւ նայելով տեսան բոլոր կորստական որոգայթները, որոնք հեռու էին միմյանցից մեկ ասպարեզ:

Ով զավակներս, այժմ ուշք դարձրեք առակներին իմ չար եւ դառը մեղքերի մասին, եւ ողբանք մեզ եւ Ադամի բոլոր որդիներին, թե ինչպիսի եղկելի ու ողորմելի կյանքով ենք բնակվում չար եւ կորստական մեղքերի մեջ, որ ծնեց Բելիար վիշապօձն անիծյալ՝ հայրն ամենայն մեղքերի:

Ա. Եվ ահա վաճառականները հասան առաջին որոգայթին: Եվ ահա ամպ մի սեւ, չարադեմ եւ սոսկալի, որ ահարկու որոտում էր եւ ճայթմամբ կայծեր արձակում, ամպի տակ լեռներից գետ էր հոսում ներքեւ՝ խավարամած եւ սաստկահորձան, որ հափշտակած բերում էր ահավոր որոտմամբ քարերը բլրաձեւ լեռներից, եւ ամպերից այն անջատվեց մի ծվեն եւ կամեցավ ելնել երկնքից էլ վեր: Եվ գետից ու ամպից հայտնվեց խավարային հրախառն մի ճառագայթ, որ բազում ընտիր մրգաբեր ծառերի արմատներ էր խլում, հօդս ցնդացնում եւ ժայռերին խփելով մանրում էր դրանք եւ հրո ճարակ էր դարձնում:

Ով քահանաներ եւ Աստծո ժողովուրդ, սա գոռոզությունն է, որ զգեցավ չար գազան Սադայելը եւ որոտալով կամեցավ ելանել երկինք եւ դնել աթոռն իր Բարձրյալի գահին հավասար, եւ այդ պատճառով էլ կորավ ինքը եւ կորցրեց ու կորցնում է մարդկանց անդադար:

Բ. Ահա առյուծները, վագրերը, ինձերը եւ մարդկանց անհայտ այլ չարադեմ գազաններ, պատառոտող եւ արյունարբու գիշակերներ, որ ահարկու գոչմամբ լեռնակերպ վեմերն էին շարժում եւ գեղեցիկ մրգաբեր ծառերը արմատից խլում:

Ով զավակներս, ոխակալությունն է սա, որ պահում է բանսարկուն իր սրտում ընդդեմ Աստծո եւ մարդկանց:

Գ. Ահա վիշապները մեծամեծ եւ մահաշունչ եւ թունաբեր, եւ ժանիքները նրանց՝ նիզակներ սայրասուր, եւ լեզուները նրանց երկճյուղ եւ երկսայրի սրեր կարծրամուխ եւ հատող, եւ ձգում էին իրենց լեզուները երկար եւ վերին եթերն էին ապականում եւ միգախառն հոտ էր հոսում նրանց շուրթերից եւ կիզում էր անդաստանները գեղեցիկ եւ դաշտերը վայելուչ:

Ով եղբայրներ եւ հայրեր, լեզվանությունն է սա, որով կորցրեց եւ կորցնում է չար սատանան ազգը մարդկային:

Դ. Ահա ծովը հրեղեն՝ ծծմբախառն եւ խավարամած, զազրատեսակ, ժահահոտ եւ դառնագույն. եռեփվում է նա, անդնդախոր եւ միգախառն բոց է ցոլանում նրանից ահավոր գոչյունով, եւ ծովն այդ անխնա կիզում է երկրի երեսի ամենայն բույսերն ու դալարիքը:

Ով սուրբ ավազանի ծնունդներ, որովայնամոլությունն է սա, որով կործանեց Եվային Աբադդոն վիշապօձը եւ շատերին է դեռեւս կործանում:

Ե. Ահա ծովը ջրեղեն, եւ ալիքները նրա ահագին որոտմամբ բարձրանում են երկինք, քանզի հողմն անդնդային ներքեւից վերեւ խռովում է նրան, որից փախել են իմաստուն նավավարներն իրենց նավերով. աշխարհի բոլոր գետերը լցվում են նրա մեջ, բայց նա չի լցվում եւ «բավ է» չի ասում, այլ վարձակներ եւ պատգամաբերներ է առաքում տիեզերքով մեկ, զի ուր որ ջրի կաթիլ գտնեն՝ լեռներում թե խորաձորերում, առ ինքը ժողվեն, այսպես ցամաքեցնում է նա աշխարհն ամենայն եւ ինքը չի հագենում:

Ո՛վ Աստծո անարատ ձեռքի ստեղծվածներ, սա զրկանքն է, որ արարել եւ ուսուցանել է մարդկային ցեղին Իշխանը՝ աշխարհի ստրուկը խավարասեր, որ ծնում է մեղքերի շարավը եւ չի հագենում:

Զ. Ահա գետը հրեղեն՝ ղարանախառն ու արյունակերպ, զազրահոտ եւ փրփրատեսակ: Հոսում է նա բարձունքներից վար եւ հանապազ սաստկանալով գալիս է դառնահորձանք վտակներով եւ ապականում է դաշտերի վաստակը, զի չարադեմ ամպ կա նրա գլխին եւ չար անձրեւներով է հորդացնում միշտ վտակները նրա, եւ ծծմբահոտ կպրատեսակ բոց է արձակվում նրանից, եւ բնավ չի խնայում բույսերը ցանկալի, բարունակները վայելուչ եւ խունկերը գեղեցիկ, աջ եւ ահյակ կիզում եւ տոչորում է ամեն ինչ եւ ողորմելի դարձնում:

Ո՛վ զավակներ իմ, դա շնությունն է, որով մաշեց մարդկային ազգը իժն անիծյալ եւ դառնաթույն քարբը՝ թշնամին մեր կենաց, եւ շարունակում է մաշել մինչեւ վերջ:

Է. Ահա ճեղքվածք մի խորագույն եւ վիհ անդնդային մինչեւ ներքին սանդարամետը եւ ահարկու եւ սոսկալի էր տեսնողների համար, եւ խորքից նրա ծածկաբար ու գաղտագողի ցոլանում էր բոցը խավարային, եւ տեսնողները կարծում էին, թե դա բարի լույս է, եւ նա բազում մրգաբեր ծառեր էր արմատներից խլում եւ տանում իջեցնում էր անդունդները եւ առ վիհը կորստյան:

Ով Քրիստոսի անապական արյամբ գնվածներ, կախարդությունն է սա, որ գարշելի դեւերը ուսուցանեցին մարդկանց, որով շատերին կործանեցին:

* Ահա լեռը բարձրագույն մինչ երկինք հասնող՝ չորատեսիլ վիմափուլ եւ մացառուտ: Եվ ծածկված էր նա թանձրագույն սառուցյալ ձյունով եւ թանձրամած խավարն է բազմել նրա վրա, եւ արեգակի ջերմ շողը չծագեց նրա վրա, եւ հարավի քաղցրաշունչ օդը չի փչել նրա երեսին, եւ հյուսիսական դառնաշունչ օդն է հանապազ գալիս նրանից, եւ ցամաքեցնելով գոսացնում է բոլոր տունկերը կանաչասաղարթ եւ ծաղկավետ, սառեցնում է, տոչորելով չորացնում է նրանց եւ հրո ճարակ դարձնում:

Ահա նոր Սիոնի որդիներ՝ մեր հոգեւոր եւ մեծախորհուրդ մոր անզղջությունն է սա, որ իր սրտում կրեց եւ պահեց դեւերի իշխան Բեհեղզեբուղը, դրանով նա կորստյան մատնեց եւ կորցնում է մարդկանցից շատերին:

Տասը վաճառականների մեկնությունը

Եվ արդ, ո՛վ իմ եղբայրներ, տասը վաճառականներն ամենայն ծնունդներն ենք Ադամի՝ սկզբից մինչեւ լրումն աշխարհի. որ զրկվեցինք դրախտի ցանկալի կյանքից եւ եկանք բնակվեցինք օտար աշխարհում՝ մահվան եւ անեծքի խավարամած Երկրում: Եվ ծածկված է երկիրն այդ մեղքերի եւ ցավերի ապականության թանձրամած խավարով, եւ լցված է չարաշունչ դեւերով, որոնք նեղում են մեզ եւ կորստյան մատնում ու պատառում են հօգիները մեր: Եվ լցված է սա հոգեվեր եւ մարմնավոր ամենայն ցավերով՝ չար դեւերով եւ սաստիկ հոգեւոր սովով. զի նվազեց ամենայն բարեգործությունը եւ մեղքը պարիսպ եղավ մեր եւ Աստծո միջեւ, այդ պատճառով էլ չկարողացանք վերադառնալ հայրենի գավառը՝ դրախտը, ուստի եւ կործանվեցինք: Եվ մենք հնար չունենք մնալու այնտեղ, զի մեղքերի մահը տիրեց մեր վրա եւ կուլ տվեց մեզ: Եվ ահա հինգ վաճառականները, որ սատակեցին որոգայթներից այն. նրանք են ամենայն դասերը մեղավորների, որ մնացին մեղքերի մեջ անհույս անօրինությամբ լցված՝ անզեղջ եւ անապաշխար, հեռացան այս աշխարհից:

Իսկ մնացյալ հինգը, որ ջերմագույն արտասուքներով եւ բազում հառաչանքներով աղաչեցին Աստծուն իրենց անձանց փրկության համար, որպեսզի չկորչեն, ինչպես իրենց ընկերները, նրանք են ամենայն բարեգործ արդարների եւ զղջացող ապաշխարողների դասերը: Եվ մի թեւը, որ բուսցրեց նրանց՝ հավատքն է եւ գիտությունը, իսկ երկրորդը՝ որ չարչարանքներով եւ ճգնությամբ կազմեցին՝ բարեգործությունն է եւ սրբերի չարչարանքը եւ զղջացող մեղավորների ապաշխարանքը: Եվ մեծ արծիվն է բնական հոգին, որ պատկերն է Աստծո, որ սուրբ առաքյալ Անդրեասը թագավորական արծիվ է կոչում: Եվ այն, որ ահ ու դողով թռան եւ ցնծացին, քանզի բարձրացան որոգայթներից վեր, այն է, որ դողում են սրբերը Աստծո փառքի ահից եւ չեն մեղանչում, այլ սպանում են մարմնական ցանկությունը: Նույնպես եւ մեղավորները, որ դիմում են առ Աստված, զարհուրում են դժոխքի սպառնալիքներից, եւ ապաշխարությամբ խաչում են իրենց անձերը: Եվ հեզիկ հնչմամբ օրհնեցին Աստծուն: Զի առանց մեղքերի ելան այս աշխարհից եւ թռան մեղքի ամենայն որոգայթներից վեր: Իսկ լուսեղեն գավառը, ուր մտան եւ հանգրվանեցին, արքայությունն է եւ մշտնջենավոր հանգիստը, որ խոստացավ անսուտ բերանն Աստծո:

Իսկ գեղեցիկ եւ պատվական ապրանքները, որ գտան, Սրբերի զանազան եւ բազմաբնույթ չարչարանքն ու բարեգործությունն է եւ մեղավորների հառաչալի ապաշխարությունն է: Եվ թագավորն այն գավառի Քրիստոսն է եւ Տերը փառաց, որ երանի է տալիս աջակողմյան դասին եւ գովում է նրանց տիեզերական հրապարակում՝ երկնավորների եւ երկրավորների առջեւ, ասելով նրանց՝ եթե օրհնյալ եք իմ հորից եւ իշխանություն ունեք տասը քաղաքի վրա. այսինքն՝ ողջ հայրական արքայության վրա, եւ մտել եք առագաստը լուսեղեն, ապա հանգչեք անվախճան կենդանությամբ ի փառս համագո սուրբ երրորդության, որն օրհնված է ամենայն բերանից: Եվ արդ՝ միտ առեք եւ իմացեք բանն այս, ով Աստծո հավատացյալ ժողովուրդ, եւ մի ապավինեք միայն հավատքին, քանզի հավատքն ու գիտությունը մի թեւն է, իսկ բարեգործությունը՝ երկրորդ թեւը: Եվ քաջ գիտեք, որ միաթեւ արծիվը չի կարող սլանալ դեպի բարձունք: Քրիստոսի առաքյալն էլ է վկայում, ասելով՝ թե հավատքն առանց գործերի մեռյալ է: Դեւերը եւս հավատում են ու նաեւ սարսում են: Քրիստոս պնդելով հրամայում է, թե ոչ թե նա կմտնի արքայությունը, որ ասում է ինձ Տե՛ր, Տե՛ր, այլ որ կատարում է կամքն իմ Հոր, եւ այս էլ մանկությունից քաջ գիտեք, թե որը կամ ինչն է երկնավոր Հոր կամքը, քանզի Աստված կամենում եւ սիրում եւ մեզանից խնդրում է, որ մեր հալածիչին օրհնենք եւ մեր թշնամիներին բարի գործենք, աղքատին, տնանկին եւ օտարին իբրեւ Աստծո առաքյալ ընդունենք, զի նրանք են ջուրը հստակ, որ լվանում եւ մաքրում է շարավը ձեր հոգաց, եւ ուրախությամբ կրեք ընկերների եւ տկարների հոգեկան եւ մարմնական կարիքները եւ պատվեցեք քահանային իբրեւ Աստծո հրեշտակ, զի Աստված նրանով է ձեր մեղքերը քավում. եւ մի եղեք ձեր առաջնորդների քննողներն ու դատողները, զի կա նրանց ատյանն ու դատավորը, եւ եպիսկոպոսին առաքելակերպ ընդունեք եւ փառավորեցեք, տրտմությունն ատողների լացեք աղոթելով եւ աղաչեք նրան դառնալ առ Քրիստոս հույսը մեր, եւ ձեզ բոլոր մարդկանցից անպիտան եւ ցած համարեցեք: Աղոթքն ու պահքը արիությամբ պահեցեք եւ մի եղեք գանձապահը սատանայի, այլ անդադար խոստովանությամբ փոխեցեք ձեր մեղքերը երեսնիվայր՝ առ ոտքերը քահանայի: Ահարկու դատաստանն Աստծո եւ մեծ ամոթն ու սոսկալի տանջանքները դժոխքի մի մոռացեք, եւ անճառելի արքայության հանգիստը միշտ մեր մտքում պահենք, ամենայն ժամ արթուն լինենք, որպեսզի կորստական որոգայթներում, որ դրել է մեր առջեւ նենգավոր փոքր աղվես Սադայելը, չբռնվենք, որպեսզի կարող լինենք բարի գործերով ժամանել առ Քրիստոս թագավորը փառաց: Եվ քանզի պարզ եւ հայտնի խոսքով պատմեցինք խորհուրդը տասը վաճառականների եւ ութ առակավոր որոգայթների ձեռքին մեղքերի ութ տեսակներին ծանոթացրինք ձեզ:

Ով աստվածազարդ քահանաներ եւ քրիստոսասեր ժողովուրդներ, դարձյալ ժամն է, եւ պարտական ենք կարգով ձեր առաջ դնել ութ մեղքերը եւ ցուցանել ձեզ ամենայն մեղքերը եւ ամենայն բարեգործությունները եւ մեկ առ մեկ դրանք քննել: Ինչպես մայրը որդեսեր, որ պինդ կերակուրը մանրում է ատամներով, եւ ապա մատներով վերցնելով գցում է տղայի բերանը, եւ տղան փափուկ կլլում է մանրյալ կերակուրը եւ անվնաս է մնում: Նույնպես վերցնում եմ ես այս ութ մեղքերը եւ կերակրում եմ ձեր հոգին Աստծո օրենքների կաթով: Եվ այս են ութ մեղքերը. ոխակալությունը, գոռոզությունը, լեզվանությունը, որովայնամոլությունը, զրկանքը, շնությունը, կախարդությունը, անզղջությունը:

Եվ արդ՝ ամենայն սրբերի բարեխոսությամբ, Աստծո առատապարգեւ հոգին ծագեցնում է խոսքն իմաստության՝ մեղքերից խավարած միտքն իմ խոսել առ ձեզ Աստծո կամքին հաճո: Եվ հայրը երկնավոր՝ լսողներից բարեմտությամբ շնորհում է լսել, եւ Աստծո միածին Որդին ձեզ Աստծո օրինաց հրամաններով եւ սիրով գործելու զորություն է տալիս:

ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐԻ ԱՆՑՈՒՄԸ

Եվ տասը վաճառականները ակամա սկսեցին անցնել առաջին որոգայթները, եւ նրանցից մեկին կորցրին ամպն ու գետը, մյուսին՝ գազանները պատառեցին եւ երրորդին կլլեցին վիշապօձերը, եւ մնացին յոթը տարակուսած եւ իրենցից երկուսին ընտրեցին որպես զորավոր այրեր, որ ճամփա ընկան ուղի հարթելու, որպեսզի իմանան այլ որոգայթների մասին, թե կկարողանան անցնել թե ոչ. եւ մեկը ընկղմվեց շարավախառն գետը հրեղեն, իսկ ընկերը նրա ընկավ ճեղքվածքն ու գնաց անդունդը: Երբ տեսան այս մնացյալ հինգը, սկսեցին դառը հառաչանքներով լալ անձերն իրենց եւ ջերմ արտասուքներով աղաչեցին Աստծուն իրենց փրկության հնար ցուցանել, որպեսզի չկորչեն, ինչպես ընկերներն իրենց: Եվ գթաց Աստված, որ ստեղծել էր նրանց եւ յուրաքանչյուրին բուսցրեց մի մեծ արծվի թեւ, իսկ նրանք տառապանքով ճգնելով, ահ ու դողով եւ բազում նեղությամբ կազմեցին այլ մի թեւ եւ թռան ցնծալով ու զվարճացած՝ հեզ հրճմամբ օրհնեցին Աստծուն եւ ամենայն որոգայթներից վեր խոյանալով՝ անցան այն կողմ: Եվ ահա մի գավառ հայտնվեց նրանց առջեւ՝ լուսեղեն եւ անուշահոտ եւ ամենայն բարիքներով լեցուն, եւ նրանք իջան այդ գավառը ցանկալի ու գտան այնտեղ ապրանքները հույժ պիտանի, որ փնտրում էին մեծ փափագով, պատվական ակներն ու մեծագին մարգարիտը, Սոփերի ոսկին եւ արծաթն ընտիր, բեհեզը ցանկալի եւ ոսկեթել ծիրանին, որը զգեստն է թագավորի, զանազան խունկերն անուշահոտ եւ մանյակը ոսկի, կամարն ականակապ, պատմուճանը ոսկեհուռ եւ թագը մարգարտաշար: Եվ սկսեցին բերկրել եւ խայտալով ծափահարել սրտանց ուրախացած: Եվ թագավորը գավառի իմացավ ընտիր եւ իմաստուն վաճառականների գալստյան մասին, եւ հրավիրելով իր մոտ՝ գովաբանեց նրանց մեծամեծների ու զորքի առաջ. «Երանելի եք եւ գովելի, զի հնարը գտաք իմաստությամբ փրկվելու դառն ու խաբուսիկ որոգայթներից, որ կային ձեր առջեւ, եւ դուք վայելեցիք որքան որ կամենաք, քանզի այսուհետ ահ եւ երկյուղ չունեք որոգայթներից այն եւ կամ այլ չար պատահարներից»:

ՄՐՋՆԱՌՅՈՒԾԸ

Մի ամայի եւ հեռավոր անապատում ապրում էր զարմանահրաշ մի մրջյուն, որ ոչխարի մեծություն ուներ: Առյուծը խառնակվեց նրան, եւ մրջյունը մի ձագ ծնեց, որ կես մարմնով առյուծ էր, իսկ մյուս կեսով` մրջյուն: Եվ մարդիկ նրան մրջնառյուծ կոչեցին:

Մրջնառյուծը գնում էր մոր մոտ սնվելու, սակայն չէր կարողանում ուտել. քանզի հատիկ էր մոր կերածը, իսկ ինքը կես մարմնով առյուծ էր: Հետո գնում է հոր մոտ, բայց նրա կերակրից էլ չի կարողանում ուտել, քանզի միս էր, իսկ նա կես մարմնով մրջյուն է:

Եվ այդպես տեղից տեղ շրջելով մրջնառյուծը սովամահ է լինում:

ՆԱՊԱՍՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՈՐՏԵՐԸ

Նապաստակները հավաքվեցին եւ այսպես ասացին. «Եկեք գնանք ու մեզ ծովը գցենք, եւ բոլորս մեկտեղ մեռնենք, զի անկարն ենք եւ ամենեւին անզեն: Բոլոր կենդանիները հալածում են մեզ»:

Դեպի ծով տանող ճանապարհին տեսան, որ մի խումբ գորտեր նապաստակների ահից իրենք իրենց ջուրը նետեցին: Եվ սրանք ահա մխիթարվեցին ու գոհություն տվեցին Աստծուն, որ իրենցից տկար արարածներ էլ կան, եւ դարձան տուն:

ԷՇԸ ԵՎ ԹՐԻՔԸ

Մի էշ գետը գայթեց եւ քիչ էր մնում խեղդվի: Ահից ջրի մեջ թրքեց, եւ թրիքը ջրի երես ելավ եւ ավելի առաջ ընկավ: Եվ էշն ասեց. «Այ դու նողկալի եւ զազրելի, չէ՞ որ դու նոր ելար որովայնիցս, այդ որտե՞ղ ուսանեցիր լողալ»:

ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԳՈՐՏԵՐԸ

Գարնանը մի սակավաջուր ցեխաջրում գորտեր ծնվեցին եւ այնտեղ էլ մեծացան: Կարճ ժամանակ անց ջուրը նվազեց, եւ գետում ապրող գորտերն եկան եւ հորդորեցին, որ իրենց հետ ապրեն.

«Եկեք մեր անմահական ջրերը,- ասացին,- խղճացեք ձեզ, քանզի ձեր ցեխաջրերը արեւի տապից ցամաքել են»:

Եվ նրանք պատասխանեցին.

«Ոչ, անհնար է, որ մենք լքենք մեր հայրենիքը»:

Շատ ժամանակ չանցած ջուրն ամենեւին գոլորշիացավ, եւ գորտերն այնտեղ կնքեցին իրենց մահկանացուն:

ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ

Արդարեւ բազում մարդիկ բարբաջելով ազգի բարգավաճման եւ բարօրության մասին, եւ բարի հորդորներին ականջալուր չլինելով, սմքեցնում են ամենայն ակունք, որ սնում է իրենց:

Գրաբարից աշխարհաբարի վերածեց
Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆԸ