Վերջին վերջնաժամկետը

27/11/2008

«Պատժամիջոցների հնարավոր տարբերակներից մեկը կարող է լինել Հայաստանի պատվիրակությանը ձայնից զրկելը»,- շաբաթ օրը Հայաստան կատարած երկօրյա այցի արդյունքներն ամփոփելով՝ հայտարարել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը` անդրադառնալով մարտի 1-2-ի իրադարձությունների հետեւանքով ազատությունից զրկված անձանց վիճակին եւ այդ դեպքերի կապակցությամբ իրականացվող հետաքննությանը: Իսկ հունվարին կայանալիք ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանում քննարկվելու է Հայաստանի հարցը` կապված մարտյան իրադարձություններին վերաբերող 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջների կատարման հետ: «Եվ ՀՀ նախագահին ու կառավարության անդամներին ես արդեն ասել եմ, որ անվարան քննադատական դիրքորոշում կորդեգրեմ, երբ բանը հասնի այս ամենի մասին ԵԽ-ի դիրքորոշումը ձեւավորելուն»,- հայտարարել է Համարբերգը: Նա, սակայն, նաեւ ասել է. «Վերջնաժամկետն այսօր չէ, որոշ ժամանակ դեռ կա, եւ ժամանակը կբավարարի, որ իշխանություններն այստեղ որոշակի շարժ ապահովեն: Դա ավելի կհեշտացնի ԽՎ-ի որոշման ընդունումը»: Բնականաբար, «որոշակի շարժ» ասելով՝ ԵԽ ՄԻ հանձնակատարը նկատի ունի քաղբանտարկյալների ազատ արձակումը: Այսինքն` նա ըստ էության իշխանություններին վերջին վերջնաժամկետն է տվել` մինչեւ հունվար այդ հարցը լուծելու համար: Խնդիրը, սակայն, այն է, որ համաներման միջոցով քաղբանտարկյալներին ազատ արձակելու տարբերակին (ինչի մասին հայ պաշտոնյաների հետ հանդիպումներում ասում էր Համարբերգը) իշխանությունները չեն դիմում, քանի որ քաղբանտարկյալների մեծամասնությունը հրապարակավ հայտարարել է, որ չի ընդունելու դա: Այս իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը արագացված կարգով դատական նիստերի միջոցով քաղբանտարկյալների արդարացման վճիռներ կայացնելն է: Ու դրա տակից դուրս գալը: