Երուսաղեմի Քրիստոսի Հարության տաճարում նոյեմբերի 9-ին հայ եւ հույն հոգեւորականների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով՝ Իսրայելի Ոստիկանությունը հայ հոգեւորականներին արգելել է այսուհետ Գյուտ խաչի տոնը նշելիս մտնել տաճար, եթե դա չեն թույլատրում հույն հոգեւորականները: Այս մասին երեկ հայտարարել են դեպքերի ականատես հայ հոգեւորականներն ու ուխտագնացները: Արարատյան հայրապետական թեմի քահանա Մխիթար Ալոյանը հուսով է, որ ՀՀ ԱԳՆ-ն եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը կմիջամտեն այս խնդրի հանգուցալուծմանը. «Մեր ԱԳ նախարարությունն Իսրայելի ԱԳ նախարարության հետ պետք է խոսի, որպեսզի իրենց կառավարությունը ինչ-որ ձեւով ազդի Ոստիկանության վրա, որովհետեւ ոստիկանները կողմնապահ են: Ամենայն Հայոց կաթողիկոսն էլ Հունաց տիեզերական պատրիարքի հետ պետք է խոսի: Հակառակ այն բանի, որ Երուսաղեմի պատրիարքությունն անկախ է, Տիեզերական պատրիարքը կարող է ազդել, եւ այս կռիվները կվերանան, որովհետեւ, բնականորեն, տհաճ է Քրիստոսի գերեզմանի վրա հոգեւորականների կռիվ անելը»: