Նոյեմբերի 23-ին Երեւան-Սեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել, ինչի հետեւանքով Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղի գյուղապետ, 1974 թ. ծնված Արամայիս Վարդանյանը տեղում զոհվել է, իսկ 1958 թ. ծնված Հրաչիկ Խանզադյանը եւ 1968 թ. ծնված Կարեն Ղուկասյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Սեւանի հիվանդանոց: Նոյեմբերի 23-ին` ժամը 17։10-ին, ահազանգ է ստացվել, որ Փամբակ գետի գույնը ստացել է կարմրավուն երանգ: Ժամը 18։25-ին դեպքի վայր են մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ ՀՀ Բնապահպանության նախարարության մարզային բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները: Գետից վերցվել են փորձանմուշներ եւ ուղարկվել հետազոտության: