Արդեն սովորական է դարձել, որ քննարկումներ անցկացնելու համար իշխանությունների վերահսկողության տակ չգտնվող կազմակերպություններին չեն տրամադրվում դահլիճներ, շատ հաճախ նաեւ՝ առանց որեւէ պատճառաբանության:
Երբեմն, սակայն, պատահում են որոշ «համարձակներ», որոնք հանդգնում են պայմանավորվել ընդդիմադիր հայացքներ ունեցողների հետ եւ փորձում դահլիճ տրամադրել: Այդպիսի հանդգնողներից էր «Թեքեյան» մշակութային կենտրոնի ղեկավարությունը, որը երեկ երկու ժամով պետք է դահլիճ տրամադրեր Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեին: Այնուամենայնիվ, վերջին պահին կոմիտեին տեղեկացվել էր, որ դահլիճը չի տրամադրվելու, քանի որ «ինչ-որ խողովակներ են պայթել»: Կոմիտեի համակարգող, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը կենտրոնի դիմաց հավաքվածներին պատմեց, թե ինչպես էր ձեռք բերվել եւ չեղյալ հայտարարվել դահլիճը տրամադրելու համաձայնությունը: «Մենք դիմել ենք Հայաստանում եղած հնարավոր բոլոր այն կառույցներին, որոնք ունեն դահլիճներ: Դիմել ենք Ամերիկյան բիզնես կենտրոնին, «Կոնգրես» ու «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցներին, միակ կազմակերպությունը, որ մեզ չէր մերժել՝ «Թեքեյան» մշակութային կենտրոնն էր: Սրանից մի տասը օր առաջ զրուցել ենք «Թեքեյան» կենտրոնի ադմինիստրատորի հետ, համաձայնություն ենք ստացել, որ թողնեն անցկացնենք այս միջոցառումը: Չբավարարվելով բանավոր խոսակցությամբ՝ բերել ենք նրանց գրավոր նամակ: Նամակը ստանալուց հետո նույնպես տեղեկացրել են, որ պատրաստ են տրամադրել դահլիճը: Պայմանավորվել են նաեւ դահլիճի կահավորման հետ կապված: Բայց այսօր առավոտյան մեզ տեղեկացրել են, որ դահլիճը չեն տրամադրելու: Նրանք մեզ ասացին, որ ինչ-որ խողովակներ են տրաքել. բայց մենք բարձրացել ենք, դահլիճը չոր եւ տաք էր, միայն կահավորած սեղաններն էին շուռ տված»,- նշեց Վ. Հարությունյանը: Նա ասաց, որ ադմինիստրացիայի աշխատողներից խոսել են Լեւոն Թադեւոսյանի հետ, որն էլ իրենց տեղեկացրել է, որ նոյեմբերի 24-ին, մեկից երեքը կարող են դահլիճը տրամադրել: «Ես կարծում եմ՝ այդ մարդուն ուղղակի արգելել են, երեւի նրան նույնիսկ դիտողություն անեն, հանդիմանեն, որ համարձակվել էր թույլ տալ»,- նշեց Վ. Հարությունյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ միջոցառմանը զեկույցով պետք է հանդես գար փաստաբան Հովիկ Արսենյանը՝ «Յոթի գործի» վերաբերյալ, իսկ ընդհանրապես պետք է քննարկվեր բոլոր քաղբանտարկյալների եւ քաղաքական հալածանքների ենթարկվողների թեման: Վ. Հարությունյանի ասելով՝ իրենք նամակի մեջ հստակ նշել էին, թե ինչի համար են դահլիճ խնդրում: «Ցանկացել ենք, որ նրանք մինչեւ վերջ հասկանան՝ ինչ ենք ուզում անել, որ մերժեն միանգամից: Այնուամենայնիվ, նրանք մեզ չեն մերժել»,- շարունակեց իրավապաշտպանը: Իսկ «Թեքեյան» կենտրոնի ադմինիստրացիային ուղղված նամակի բովանդակությունը հետեւյալն էր. «ՀՀ Նախագահի ընտրություններից հետո ստեղծված քաղաքական իրավիճակի հետեւանքով Հայաստանում արդեն առկա հինգ քաղբանտարկյալներին ավելացան եւս մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ եւ հարյուրավոր քաղաքական հալածյալներ: Այսօր հայաստանյան բանտերում անօրինական կերպով ազատազրկված են 7 տասնյակից ավելի մարդիկ, որոնց խնդիրների հետ կապված՝ ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն նպատակ ունի սույն թվականի նոյեմբերի 20-30-ը կազմակերպել կլոր սեղան, որին կհրավիրվեն ՀՀ-ում գործող հասարակական-քաղաքական գործիչներ եւ դիվանագետներ, ինչի համար խնդրում ենք 2 ժամով տրամադրել ձեր կենտրոնի դահլիճը: Ձեր համաձայնության դեպքում խնդրում ենք կլոր սեղանի օրն ու ժամը որոշելու համար կապվել կոմիտեի համակարգող Վարդան Հարությունյանի հետ»: Նշենք, որ «Թեքեյան» մշակութային կենտրոնի մուտքի մոտ հավաքվածների թվում էին «Միացում» շարժման ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանն ու Տիգրան Խզմալյանը, ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը, Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը եւ այլք: Վերջինս նշեց, որ Գյումրիում նման քննարկումների համար մոտ տասը վայր կա:
Կոմիտեի համակարգող Վարդան Հարությունյանն էլ ասաց, որ կարելի է նման միջոցառում անցկացնել նաեւ կուսակցություններից մեկի, ասենք՝ ՀԺԿ գրասենյակում, սակայն այդ դեպքում դիվանագետներն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները չեն մասնակցի: «Թող չկարծեն, թե նման ձեւերով կարելի է մոռացության տալ տասը զոհերին, քաղաքական հալածանքների ենթարկվողներին: Հիմար են այն մարդիկ, ովքեր կարծում են, թե ազատ քաղաքացիների գլխին սարքված այս այլանդակությունների շարանը կարող է մոռացվել»,- ասաց Լ. Բարսեղյանը: