«Ես չեմ ուզում այդ մասին խոսել»

27/11/2008 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Դավիթ Հարությունյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի` Հայաստանում արած կոշտ հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու մեր խնդրանքին:

Դ. Հարությունյանի նման պատասխանը երկու բան կարող է նշանակել. կամ իշխանությունների համար ամենեւին էլ կարեւոր չէ, թե ինչպիսի զարգացումներ են սպասվում Հայաստանին մեկուկես ամիս հետո ԵԽ ԽՎ-ում, կամ իրավիճակն այնքան վատ է, որ ասելիք չունեն:

Իսկ ԵԽ ԽՎ հունվարյան նստաշրջանի ժամանակ Հայաստանի նկատմամբ այդ կառույցի դիրքորոշումը բավական խիստ է լինելու, ինչի մասին առանց ավելորդ դիվանագիտական ձեւակերպումների ասել է նաեւ Թ. Համարբերգը անցած շաբաթ Հայաստան կատարած այցից հետո: Նա չի բացառել, որ հունվարին ԵԽ ԽՎ նստաշրջանում բարձրացվի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին հարցը: Բայց, պարզվում է` նույնիսկ այս դեպքում Հայաստանի պատվիրակության ղեկավարն ասելիք չունի: «Եթե ասելիք ունենամ, բոլորին կհրավիրեմ` կասեմ»,- ասաց Դ. Հարությունյանը: ԱԺ բազմաթիվ պատգամավորների հավաստմամբ, սակայն, շաբաթ օրը նույն Դավիթ Հարությունյանը խորհրդարանում իրեն հանդիպած բոլոր պատգամավորների մոտ դժգոհել է, թե «Հայաստանը ձեռքից գնում է, վիճակն ահավոր է, եւ եթե հանկարծ համաներում չհայտարարվի՝ հունվարին ԵԽ ԽՎ-ից Հայաստանը միանշանակ դուրս է թռնելու»: Ավելին, ըստ որոշ լուրերի, Համարբերգի շաբաթ օրվա ասուլիսից հետո, նեղ շրջապատում Դ. Հարությունյանն ասել է, թե ինքը լիովին համաձայն է Համարբերգի բոլոր գնահատականների հետ։ ԵԽ ԽՎ պատվիրակության կազմում ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նույնպես պատասխան չուներ Թ. Համարբերգի տված գնահատականներին, քանի որ, ինչպես նա մեզ հետ զրույցում նշեց` չէր հասցրել ծանոթանալ նրա հայտարարություններին(՞): «Խրված եմ Ղարաբաղի հարցով»,- իր զբաղվածությունն այսպես պատճառաբանեց Ա. Ռուստամյանը: Այնուհետեւ նա հետաքրքրվեց, թե ի՞նչ է ասել ԵԽ հանձնակատարը: Իսկ երբ նրան փոխանցեցինք Համարբերգի զգուշացումը, թե իր զեկույցից հետո հնարավոր է Հայաստանը զրկվի ԵԽ ԽՎ-ում ձայնի իրավունքից, Ա. Ռուստամյանն ասաց. «Հա՞, նման բան է հայտարարե՞լ», ու խոստացավ Համարբերգի ասուլիսի մանրամասներին ծանոթանալուց հետո պատասխանել: Ինչ վերաբերում է ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ԲՀԿ-ական անդամ Ավետ Ադոնցին ու «Ժառանգության» ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա նրանք ընդհանրապես Հայաստանում չեն. հերթական «կարեւոր» գործուղումների մեջ են: Այնպես որ` ապարդյուն էին բոլոր ջանքերը` պատվիրակության անդամներից որեւէ մեկից Համարբերգի գնահատականների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու հարցում:

Իսկ ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության փոխարինող կազմի անդամ Նաիրա Զոհրաբյանն՝ ի պատասխան մեր հարցին` ինչպե՞ս է վերաբերվում պատվիրակության ղեկավարի եւ մյուս հիմնական անդամների «անտեղյակությանն» ու «անլուրջ» վերաբերմունքին Հայաստանի համար նման կարեւորություն ներկայացնող խնդրի վերաբերյալ, ասաց. «Չգիտեմ, թե ինչո՞ւ են իմ գործընկերները խուսափել հարցին պատասխանելուց. միգուցե իսկապես ասուլիսում հնչած ողջ նյութին չեն տիրապետել։ Ինձ համար էլ շատ հարցեր հաճելի չեն, բայց, եթե հնչել են հրապարակային գնահատականներ, դրանց պետք է արձագանքել։ Ի վերջո, դրանք գնահատականներ են, որոնք հնչել են ԵԽ հանձնակատարի կողմից, եւ այն գործիչները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են գործին, պիտի պատրաստ լինեն պատասխանելու նաեւ ոչ հաճելի հարցադրումների»:

Հարցին` արդյոք ԵԽ հանձնակատարի հայտարարությունը, թե իր կողմից ներկայացվելիք զեկույցում միակ դրական առաջընթացը վերաբերելու է փաստահավաք խմբի ձեւավորմանը, չի՞ հերքում Հայաստանի իշխանությունների կողմից ամիսներ շարունակ արվող պնդումները, թե Հայաստանը հիմնականում կատարել է ԵԽ բանաձեւերի պահանջները, Ն. Զոհրաբյանը պատասխանեց. «Ո՛չ, չի հերքում: Պետք է հասկանալ, որ բանաձեւի որոշ դրույթների կատարման համար մեզ ժամանակ է անհրաժեշտ, եւ հնարավոր չէ արհեստականորեն արագացնել, ասենք, դատավարությունների ընթացքը, այս կամ այն գործի քննությունը։ Հանձնակատարի հիմնական վերապահումներն ուղղված էին «7-ի» գործի քննությանը, որի կոնտեքստում վերջինիս կողմից հնչել են որոշ կոշտ գնահատականներ, բայց քանի դեռ գործը չի մտել դատարան, ես ձեռնպահ կմնամ մեկնաբանություններից։ Այսինքն` սրանք այն հարցերն են, որոնք պահանջում են լուրջ քննություն եւ ըստ իս` ժամկետներ սահմանելն այս հարցերում ճիշտ մոտեցում չէ: Կարծում եմ, ճիշտ կլիներ, որ Թոմաս Համարբերգին տեղեկացնեին, որ «7-ի» գործի դանդաղումը որոշակիորեն կապված է այն հանգամանքի հետ, որ մեղադրյալների փաստաբաններն իրենք են ժամանակ խնդրել` գործի նյութերին մանրամասն ծանոթանալու համար, քանզի նյութերը բազմահատոր են: Ուստի, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի, ըստ իս, որոշ կանխակալ գնահատականներ տարբեր սուբյեկտիվ ազդակների արդյունք կարող էին լինել։ Այդուհանդերձ, հնչեցրած մի քանի եզրահանգում իսկապես մտահոգիչ են, բայց ես կրկին անգամ ուզում եմ հիշեցնել, որ ԵԽ-ին անդամակցելն ու արժեքային այդ համակարգը որդեգրելը մեր երկրի որոշումն է եղել, եւ վստահ եմ, որ գործող իշխանությունն ունի անհրաժեշտ քաղաքական կամք` ճիշտ գնահատելու այդ կառույցի առջեւ ստանձնած մեր պարտավորությունները»: Մեր դիտարկմանը, որ Թ. Համարբերգը հայտարարել էր, թե ինքը լուրջ կասկածներ ունի, որ անգամ «7-ի» գործով «բավարար ապացույցներ չկան դատավարությունը սկսելու համար», Ն. Զոհրաբյանը հակադարձեց. «Մեղադրող կողմն էլ պնդում է, որ ապացույցներն ավելի քան բավարար են: Այնպես որ` մինչեւ նման եզրահանգումներ անելը՝ ճիշտ կլիներ իսկապես սպասել դատավարությանը: Ի դեպ, Համարբերգն ինքն էր ասել, թե` կսպասի մինչեւ «7-ի» գործի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը հրապարակվի: Ուստի, ինձ թույլ եմ տալիս, այո, ասելու, որ նրա գնահատականների մեջ իսկապես որոշակի կանխակալություն կար, ինչն, իհարկե, չի նշանակում, թե իշխանության տարբեր թեւեր եւ պատասխանատուներ անելիքներ չունեն այս հարցում»: