Աշխարհի խոշորագույն լրատվական գործակալություններից մեկը` Associated Press-ը, եկող տարվանից աշխատակազմի թվաքանակը կկրճատի 10 տոկոսով, որպեսզի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում նվազեցնի ծախսերը: Այդ մասին ասված է գործակալության օրերս տարածված հաղորդագրության մեջ: Վերակազմման ծրագրի համաձայն` տարվա ընթացքում ընկերության հաստիքակազմը, որն այժմ բաղկացած է ամբողջ աշխարհում աշխատող 4100 աշխատակիցներից, կնվազի ավելի քան 400 մարդով: Ղեկավարությունը հուսով է, որ կրճատումը կհաջողվի իրականացնել հիմնականում անձնակազմի «բնական նվազման» հաշվին (կենսաթոշակի անցնելու կամ աշխատողի կողմից աշխատանքային հարաբերությունների դադարեցման արդյունքում), եւ արձակումների թիվը կլինի նվազագույնը: Ծրագրվում է, որ կրճատումները կվերաբերեն գործակալության բոլոր ստորաբաժանումներին, որի հաստիքակազմը 75 տոկոսով բաղկացած է լրագրողներից: Ծրագիրը Associated Press-ին թույլ կտա տարեկան տնտեսել մինչեւ 25 միլիոն դոլար:
Չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, Associated Press-ն առայժմ շահութաբեր ընկերություն է մնում: Սակայն, ըստ տնտեսագետների կանխատեսումների, դրամական միջոցների ներհոսքն ընթացիկ տարվա 95 միլիոն դոլարից եկող տարի կկրճատվի մինչեւ 66 միլիոն դոլար, ինչը պայմանավորված է հիմնականում տպագիր հրատարակությունների կողմից գործակալության լրատվական նյութերի օգտագործումից եկամուտների նվազմամբ: