Միջազգային ֆինանսական ճգնաժամի հետեւանքով մեր երկրի համար առաջացել են լուրջ մարտահրավերներ, սակայն Հայաստանի կառավարությունը կոնկրետ դեղատոմսեր, մեխանիզմներ չի առաջարկում՝ դրանք հաղթահարելու համար։ Երեկ հրավիրված ասուլիսում նման կարծիք արտահայտեց ԱԺ պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանը։
Պատգամավորը ցավով արձանագրեց, որ մեր պետական այրերը երկար ժամանակ չէին ընդունում, որ ճգնաժամն ազդելու է մեր երկրի տնտեսության վրա։ Այսօր էլ, երբ Հայաստանի տնտեսությունն արդեն զգում է այդ ազդեցությունը, մեզանում խորությամբ չեն ընկալում ճգնաժամի եւ նրա առաջ բերած մարտահրավերների խորությունը։ Ա. Մինասյանն այդ մարտահրավերներից առանձնացրեց երեքը՝ զանգվածային գործազրկությունը, խոցելի մրցակցության պայմաններում մենաշնորհների խորացումը եւ ֆինանսական հոսքերը, որոնք ուղղվելու են ավելի կայուն եւ քիչ ռիսկային տնտեսություններ։ Մեր տնտեսությունն, ըստ պատգամավորի, այդպիսին չէ։ «Դրսի փռշտոցը մեզ մոտ գրիպային վիրուսներ է առաջացնում»,- ասում է Ա. Մինասյանը՝ անիրատեսական համարելով այն տեսակետը, որ արտերկրի ներդրողները ֆինանսական ճգնաժամի արդյունքում իրենց միջոցները կուղղեն Հայաստան։ «Միայն բարձր տոկոսադրույքների համար ոչ մի լուրջ ներդրող Հայաստան չի գա»,- կարծում է պատգամավորը։
Միակ դրական հետեւանքը, որ ճգնաժամը կարող է Հայաստանի համար ունենալ, դա տնտեսությունը դիվերսիֆիկացնելու հնարավորությունն է։ Ըստ Ա. Մինասյանի, այսօր մեր տնտեսության դիմադրողականությունը ցածր է՝ նաեւ այն պատճառով, որ այն դիվերսիֆիկացված չէ. տնտեսության մեջ առյուծի բաժին կազմում են ծառայությունների եւ շինարարության ոլորտները։ Արծվիկ Մինասյանը գտնում է, որ կառավարությունն այս պայմաններում ոչ թե պետք է գոյատեւման քաղաքականություն իրականացնի, այլ ելնի այն մոտեցումից, թե 2012թ.՝ երբ ճգնաժամն աշխարհում վերջնականապես հաղթահարված կլինի, Հայաստանի տնտեսությունն ինչպիսի՞ն է լինելու՝ ավելի թուլացա՞ծ, թե՞ դիվերսիֆիկացված։ Ընդունել ենք, այսպես կոչված, «Կայուն զարգացման ռազմավարություն», մինչդեռ, ըստ Ա. Մինասյանի, մեր Էկոնոմիկայի նախարարը չի կարող ասել, թե անգամ 2009-ին մեր տնտեսությունն ինչ կառուցվածք է ունենալու։ Իսկ ներկայիս կառուցվածքը, երբ շեշտը դրվում է ծառայությունների ոլորտի վրա, պատգամավորը ճիշտ չի համարում, քանի որ «մենք ծառայություններ մատուցող ազգ չենք»։ Հայաստանի կառավարությունը, գաղտնիք չէ, որ իր տնտեսական քաղաքականությունը համաձայնեցնում է Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի եւ միջազգային այլ կառույցների հետ, որոնք Հայաստանը չեն դիտում որպես արտադրող երկիր։ Արծվիկ Մինասյանը անընդունելի է համարում այս կառույցների խորհուրդներին կուրորեն հետեւելը՝ խոստովանելով, որ որպես Հայաստանի քաղաքացի՝ իրեն վիրավորված է զգում, երբ իր եւ այլ տնտեսագետների կարծիքները հաճախ հաշվի չեն առնում, սակայն, ասենք, ԱՄՀ-ի մի երրորդ կարգի չինովնիկի խոսքերը հալած յուղի տեղ են ընդունում։ Նա միջազգային ֆինանսական կառույցների վատ ազդեցություն է համարում նաեւ այն մոտեցումը, երբ կառավարությունը ձգտում է որքան հնարավոր է փոքր պահել բյուջեի դեֆիցիտը։ Հայաստանի տնտեսությունը, ըստ բանախոսի, գտնվում է ցիկլային զարգացման մի փուլում, երբ զարգացման պիկից սկսում է իջնել ներքեւ։ Այս պայմաններում պետք է ուշադրություն դարձնել պահանջարկի խթանմանը, բյուջեի ծախսային մասին, աշխատավարձի քաղաքականությանը։ Մինչդեռ, ինչպես նշում է Ա. Մինասյանը, մեզանում ուշադրություն դարձնում են միայն առաջարկի խթանմանը։ Դա նկատվում էր վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ԱԺ-ում բյուջեի ներկայացման կապակցությամբ ունեցած ելույթում։ Բյուջեն, ըստ պատգամավորի, չի արտացոլում միջազգային ճգնաժամի արդյունքում առաջացած մարտահրավերները։ Պատճառներից մեկն, իհարկե, այն է, որ այն կազմվել է ավելի շուտ, քան ճգնաժամի լիարժեք դրսեւորումը, սակայն այդ խնդիրներն ու հետեւանքներն այսօր էլ ամբողջ խորությամբ չեն ընկալվում։ Խոսելով բյուջեի մասին, Ա. Մինասյանը դժգոհություն հայտնեց նաեւ այն առումով, որ ԱԺ-ն բյուջեն հաստատում է ինչ-որ կոնկրետ մեծությամբ, սակայն տարվա ընթացքում կառավարությունը ծախսային մասով փոփոխություններ է կատարում՝ առանց ԱԺ համաձայնությունը ստանալու։ Պատգամավորի խոսքերով, այդ շեղումները հասնում են 15-17%-ի, ինչը շատ մեծ թիվ է։
Ինչ վերաբերում է կառավարության առաջարկած դեղատոմսերին՝ առաջարկի խթանման առումով, ապա այստեղ էլ ամեն ինչ հարթ չէ։ Խոսքը հիմնականում վերաբերում է Համաշխարհային բանկի կողմից տրամադրվելիք 250 միլիոն դոլար վարկով փոքր եւ միջին բիզնեսի խրախուսմանը։ Սակայն Ա. Մինասյանն այս ծրագիրը մշուշոտ է համարում՝ այն պատճառով, որ պարզ չէ՝ ինչպե՞ս է կատարվելու թիրախավորումը, ո՞ր ոլորտներին են առաջնահերթություն տրվելու։
Քննադատությունից զերծ չմնաց նաեւ Կենտրոնական բանկը։ Ա. Մինասյանը գտնում է, որ հարկավոր է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հնարավորություն տալով տնտեսվարող սուբյեկտներին էժան միջոցներ հայթայթել։ Պատգամավորը չի կիսում այն կարծիքը, թե բարձր տոկոսադրույքը զսպում է գնաճը, քանի որ, նրա համոզմամբ, հայաստանյան գնաճի 80%-ը պայմանավորված է արտաքին գնաճային ճնշումներով, վերաֆինանսավորման տոկոսադրույքն այստեղ էական դեր չի խաղում։ Գնաճի մոտ 10%-ն էլ, ըստ Արծվիկ Մինասյանի, պայմանավորված է մենաշնորհային գերիշխող դիրք ունեցող ներմուծողների գործոնով։ Ի դեպ, խոսելով գնաճի մասին, Ա. Մինասյանը կարծիք հայտնեց, որ իրականում այն կանխատեսվածից բարձր է լինում։ Իսկ թե ինչու միջազգային գնանկումը չի անդրադառնում հայաստանյան գների վրա, Արծվիկ Մինասյանը բացատրում է Մաքսային հսկիչ գներով, որոնք չեն վերանայվել. մաքսատուրքի եւ ԱԱՀ-ի հաշվարկման համար հիմք են հանդիսանում բարձր գները։