Ամենաավտորիտարների շարքում

27/11/2008

Անցած շաբաթ «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունն իր հրապարակած «Կազմակերպությունների ազատությունը` վտանգի տակ» զեկույցում եզրակացրել է, որ Դմիտրի Մեդվեդեւի իշխանության գալով «Ռուսաստանը շարունակում է շարժվել ավտորիտարիզմի ուղղությամբ»: Զեկույցում Ռուսաստանը դասվել է աշխարհի ամենաավտորիտար 12 երկրների շարքին, որում ընդգրկված են նաեւ Իրանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Կոլումբիան, Եգիպտոսը, Պակիստանը, Վենեսուելան, Չինաստանը, Ալժիրը, Զիմբաբվեն եւ Մալազիան: «Ռուսաստանը շատ լուրջ խնդիրներ ունի ժողովրդավարության եւ ժողովրդավարական ինստիտուտների ազատությունների հետ կապված` նույնիսկ Չինաստանի ու Եգիպտոսի համեմատ: Ռուսաստանը շարժվում է սխալ ուղղությամբ»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, նշված է զեկույցում: Ստեղծված իրավիճակի հիմնական պատասխանատուն, ըստ կազմակերպության փորձագետների, ՌԴ նախկին նախագահ եւ ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինն է, ում նախագահության 8 տարիներին երկրում պարբերաբար խախտվել են մարդու իրավունքները, սահմանափակվել է մամուլի ազատությունը, ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը: «Իշխանությունները ճնշել կամ արգելել են գրեթե բոլոր բողոքի ակցիաները»,- նշում է «Freedom House»-ը: