Երբ չի փրկում անգամ ուրարտացի լինելը

27/11/2008 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Լրագրողները սովորաբար զրույցի են հրավիրում քաղաքական գործիչների, արվեստագետների` վստահ, որ նրանց տեսակետն անասելի հետաքրքիր է ընթերցողներին: Հաճախ դա ամենեւին այդպես չի լինում: Դատելով արձագանքներից` ընթերցողին առավել հետաքրքիր են հեռուստատեսությամբ չերեւացող մարդիկ, ում կարծիքը երբեւէ որեւէ հրապարակային միջոցառման ժամանակ չի հնչել եւ նույնությամբ չի կրկնվում ասուլիսից ասուլիս: Այդպիսին է մեր այսօրվա զրուցակիցը` պարզապես ՀՀ քաղաքացի Կարեն Մխիթարյանը:

– Կարե՛ն, Ձեզ հետ այսօր զրուցելու ենք որպես մեկի հետ` բազմությունից: Այդուհանդերձ, ինչպե՞ս կցանկանայիք ներկայանալ:

– Բարդ հարց է: Թերեւս` որպես երիտասարդ, խոստումնալից թոշակառու: Ի՞նչ ասեմ, արդեն չորրորդ ամիսն է` թոշակառու եմ: Բայց եթե նկատի ունեք վերջին լուրջ զբաղմունքս` գրող-երգիծաբան:

– Ճիշտն ասած, մի փոքր լարվածություն առաջացրեց զրույցից առաջ Ձեր այն պնդումը, թե Ձեզ հայ չեք համարում: Ներեցեք հետաքրքրասիրությունս` եթե հայ չեք, այդ դեպքում ո՞ր ազգն եք ներկայացնում:

– Ճիշտն ասած, ես ուրարտացի եմ: Մինչեւ վերջերս երկու ուրարտացի էինք մնացել` նկարիչ Ալավերդյան Ավետիքը եւ ես, բայց Ավիկն ուծացավ:

– Նկատի ունեք` ձուլվեց հայ ժողովրդի՞ն:

– Այո: Հայերը շատ հետաքրքիր, ագրեսիվ ժողովուրդ են. սուսուփուս են ուծացնում: Ընդ որում` առանց համոզելու: Ապրում ես, ապրում, եւ մի օր արդեն տեսնում ես` դու էլ ուծացար: Սա մի ահավոր բան է: Հայ ազգի վրա նավս կա: Նավսն ունի արտագալակտիկ բնույթ եւ մի շատ հետաքրքիր հատկություն. չի կարելի հայերի դեմ պայքարել, այդ մարդկանց ստրկացնել, որովհետեւ ակամայից նավսը վերցնում ես քո վրա: Ինչքան նորմալ հարեւաններ ունեինք, վերացան` Բաբելոն, Ասորեստան, շումեր-աքքադական գիծը:

– Սակայն մեր հարեւանները կարծես մեզնից էլ ողջ ու առողջ են` Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը:

– Գիտեք, դրանք ժամանակավոր բաներ են, եւ հետո դրանք ձե՛ր հարեւաններն են, եւ ոչ իմը: Եվ ինչպես Նիցշեն էր ասում. «Մեր բարեկամը ոչ թե մեր հարեւանն է, այլ հարեւանի հարեւանը»:

– Վստա՞հ եք, որ Ձեզ ձուլման վտանգ չի սպառնում:

– Դե, ո՞նց կարող եմ ձուլվել մի ազգի, որը մեզ, փաստորեն, կոտորել է: Հայերը վերացրին Ուրարտուն: Դա մի հրաշալի, լուրջ պետություն էր: Շատ եմ ափսոսում իմ հայրենիքի համար, բայց եթե կա գոնե մեկ ուրարտացի, ուրեմն այդ ազգը կա: Ավա՜ղ, Ավիկը դարձի իր հնարավորությունը կորցրել է:

– Լավ, Կարե՛ն, այսօր հայ ժողովրդի համար ամենահետաքրքիր եւ հրատապ թեման Ղարաբաղի խնդրի հնարավոր հանգուցալուծումն է: Ձեզ այդ հարցը հետաքրքրո՞ւմ է:

– Ղարաբաղի դեպքում կարող եմ հիշել Կեսարի խոսքերը. «Ավելի հեշտ է գրավել, քան պահպանել գրավածը»: Հանգամանքների բերումով եղել եմ բազմաթիվ վայրերում, որոնք այժմ Հայաստանի մաս են կազմում, եւ պետք է ասեմ, որ դրական փոփոխություններ շատ քիչ եմ տեսել: Իսկ եթե որեւէ բան ի վիճակի չես պահպանել, հավասար է հանձնելուն:

– Կոնկրետ ազատագրված տարածքներում ի՞նչն է այդքան մտահոգել Ձեզ:

– Մասսայական արտագաղթը, աշխատանքի բացակայությունը, աղքատությունը:

– «Կույր պետք է լինել` չտեսնելու համար դրական փոփոխությունները»,- պնդում են ՀՀ ղեկավարները: Նման հայտարարությունը պարտավորեցնում է անհապաղ նկատել դրական տեղաշարժերը:

– Ուզում եմ հիշեցնել, որ ուժեղ հասարակական ցնցումները լինում են ոչ թե այն ժամանակ, երբ կյանքը վատանում է, այլ՝ երբ դանդաղում են կյանքի լավացման տեմպերը: Բերեմ հետեւյալ օրինակը` Գուլագի համակարգում, համակենտրոնացման ճամբարներում ապստամբությունները եզակի դեպք են կազմել, որովհետեւ, եթե մարդուն հասցնում ես այն վիճակին, երբ խնդիրը սովից, հիվանդությունից չմեռնելն է, մարդն ի վիճակի չէ հեղափոխական գործունեության: Հեղափոխությունների մեծ մասը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կյանքի բարելավման ընթացքը դանդաղել է:

– Ընդունո՞ւմ եք, որ յուրաքանչյուր նախագահական ընտրություններից հետո երկրում հեղափոխական իրավիճակներ են առաջանում: Այսինքն` կուտակվում է դժգոհ մարդկանց այն կրիտիկական զանգվածը, որը կարող է հեղափոխություն իրականացնել:

– Ժամանակները չեն կրկնվում նույնությամբ: Այժմյան իրավիճակի մասին մեկ այլ համեմատություն կանեի. հայտնի համմելյան առնետորսի պատմությունն եմ ուզում հիշեցնել: Համմել քաղաքում առնետները մեծ սպառնալիք էին, եւ քաղաքի իշխանությունները որոշում են քաղաք առնետորս հրավիրել: Առնետորսը, ինչպես հիշում ենք մուլտֆիլմից, շվի նվագելով` առնետների վտառը տանում եւ լճում խեղդում է: Բայց այս պատմությունն ունի մի շարունակություն. քաղաքի ղեկավարությունը տեսնելով, թե ինչ հեշտությամբ առնետորսը ոչնչացրեց առնետներին, հրաժարվում է նրան վճարել, ասելով` մեծ բան չես արել: Այդ ժամանակ առնետորսը նույն ձեւով քաղաքից տանում է երեխաներին, որոնց մինչեւ այժմ փնտրում են: Այսպիսի տխուր պատմություն: Ցանկացած բարենորոգման համար, ի վերջո, ինչ-որ հատուցում է հասնում, որը միշտ չէ, որ տրվել է: Մեր դեպքում ուզում եմ հիշել մի ժամանակահատված, երբ պատերազմի պատճառով ժողովուրդը շատ վատ էր ապրում, եւ շատերն ուղղակի կոտորվեցին: Եվ դրա դիմաց ոչ մի հատուցում չեղավ:

– Ի՞նչ հատուցման մասին է խոսքը:

– Եթե նորմալ կրթություն չեն ստացել, չեն սովորել երեխաներն այդ տարիներին, քանի որ լույս չկար, դրա հետեւանքները պետք է վերացվեին դրանից անմիջապես հետո` փրկելու համար հաշմված մի սերունդ: Դրա փոխարեն տեղի ունեցավ հակառակը: Աշխատանքներ տարվեցին պարզեցված հայի ձեւավորման ու դաստիարակության գծով: Այսօր մենք տեսնում ենք դա: Հետեւել արեւմտյան ստանդարտների, երբ դու արեւմտյան կենսամակարդակ չունես, ինքնին աբսուրդ է: Քաղցած երկրում աբսուրդ է գովազդել սննդամթերք, հոգեւոր ճգնաժամում գտնվող բնակչությանը՝ մոդեռն արվեստի վերջին նվաճումները: Սրանք իմ տպավորություններն են` որպես ուրարտացի: Շատ քաղաքակրթություններ եմ տեսել, այս մեկը զարմանալի է. հատկապես զարմանալի է, երբ գործ ունենք մի երկրի հետ, որի բնակիչները հիմնականում աշխատում են այդ երկրից դուրս եւ օգնում երկրում մնացած իրենց հարազատներին: Դժվար է այսպիսի երկիրը քննարկել սովորական չափանիշներով: Խոսել բյուջեի մասին, երբ դրսից ուղարկված միջոցները բազմակի գերազանցում են բյուջեի այն հատվածը, որը հատկացվում է մարդկանց` աշխատավարձի ձեւով:

– Որպես կորած քաղաքակրթության ներկայացուցիչ` պիտի որ ծանոթ լինեք ՀՀ նախագահի` հայի ինքնության վերաբերյալ ելույթին, ուր նա խորհուրդ է տալիս հայերին լինել բազմազան` առանց, սակայն, երաշխիքներ տալու, որ դա ձերբակալությամբ չի ավարտվի:

– Բազմազանությունը տալիս է թե՛ առաջխաղացման, թե՛ նահանջի բազմաթիվ հնարավորություններ, եւ, ի վերջո, դա էվոլյուցիոն տեսության մի հետաքրքիր մեկնաբանություն է: Իսկ օրթոդոքսիան, նեղճակատությունը միշտ կարող է վնասել:

– Նախագահը նշեց, թե հայը պետք է լինի ոչ խորհրդավոր: Կարծում եք, որ հայն իրո՞ք խորհրդավոր է:

– Գիտե՞ք, խորհրդավորությունը կատեգորիա է, որը կախված է մարդու վիճակից: Եթե ես նորմայից շատ եմ սպիրտային խմիչք օգտագործում, այնքա՜ն խորհրդավոր եմ դառնում, որ ինքս էլ եմ զարմանում` որտեղի՞ց այսպիսի խորհրդավորություն:

– Գուցե այդ խորհրդավորությո՞ւնն է պատճառը, որ երբեք մի հայը մյուսի մասին դրական խոսքեր չի շռայլում, փոխարենը շտապ թվարկում է արատները` նախանձ, նեղմիտ, անհանդուրժող…

– Գիտեք, վատ կյանքը կարող է բերել շատ վատ արտահայտությունների: Մի պարզ օրինակ բերեմ. եթե երկու սարդի տեղավորես մի տուփի մեջ, նորմալ յոլա են գնում, բայց բավական է` տուփը մի փոքր տաքացնես, եւ նրանք մեկը մյուսի մեջ թշնամի տեսնում եւ մեկը մյուսին սատկացնում է: Ծայրահեղ պայմաններում մի մարդու օգուտն ակնկալում է մեկ այլ մարդու վնասը: Հայերն այնքան ժամանակ պետություն չեն ունեցել, որ մոռացել են` դա ի՞նչ բան է: Վերջին հաշվով, մի բան, այնուամենայնիվ, քաղաքակիրթ մարդուն վայել է՝ գիտակցել վերանձնական շահը: Հայերի մոտ շատ տարածված է սեփական շահն ընկալել որպես ազգային: Ուրարտացիները, հռոմեացիներն իրենք էլ բավականաչափ ուշադրություն չդարձրեցին սեփական անվտանգությանը, որովհետեւ երկար ժամանակ արժանի հակառակորդներ չունեին, եւ կործանվեցին ավելի թույլ հակառակորդների, մասնավորապես՝ հայերի ձեռքով:

– Մեր օրերում հայերը որեւէ մեկի համար առանձնապես վտանգ չեն ներկայացնում` թերեւս, հայերից բացի, հետեւաբար գուցե թեման փոխե՞նք:

– Փոխենք: Պարզ, տափակ բան կասեմ, բայց մարդկությունը լուծել է բոլոր հարցերը, որոնք ծագել են իր առաջ, եւ այսօր ինձ զարմացնում է էկոլոգիական աղետների, անբուժելի հիվանդությունների մասին տարածվող պանիկան, որը բացարձակապես հիմնավորված չէ, որովհետեւ դրանցից ոչ մեկը չի հասել այն աստիճանի, որ սպառնալիք լինի գոնե մի մեծ քաղաքի համար: Լուրջ գիտնականները մինչեւ հիմա վիճում են` կա՞ գլոբալ տաքացում, թե՞ ոչ, ինչո՞ւ է այսօր ցունամին ավելի շատ մարդկային կյանքեր տանում, քան առաջներում: Նախ` առաջներում պատմական վկայությունները քիչ են, երկրորդ` անմիջապես ծովափին տներ կառուցել պետք չէ:

– Դուք մասնագիտությամբ…

– Ֆիզիկոս եմ, բայց դա վաղուց էր:

– Կարծում եք, որ Հայաստանում էկոլոգիական աղետները, գլոբալ տաքացման վախն ավելի հրատապ է, քան` 1 կգ շաքարավազի կամ 1 լիտր ձեթի թանկացմա՞ն վախը:

– Անկասկած: Գլոբալ տաքացումը Հայաստանին նույնպես օգուտ կլիներ` ձմռանը համեմատաբար քիչ միջոցներով տաքանալու առումով:

– Ֆիզիկոսների մի մասը հավատացյալ է, մի մասը` աթեիստ: Դուք ո՞ր կեսին եք պատկանում:

– Չէ, ես աթեիստ եմ եւ աթեիզմի եմ եկել ինքնուրույն` առանց ագիտացիայի եւ պրոպագանդայի: Ժամանակին, երբ հունական դիցաբանությանն էի ծանոթանում, աստվածներն այնքա՜ն շատ էին, որ շփոթվեցի: Հետո առաջացավ բարկություն, եւ այժմ որեւէ աստծու չեմ ընդունում:

– Դուք վստահո՞ւմ եք Հայաստանի իշխանություններին:

– Վստահել-չվստահել կարող եմ այն մարդկանց, ում լավ եմ ճանաչում, ուստի այս առումով միարժեք կարծիք տալ չեմ կարող:

– Ձեր պատասխանի ոճից վստահորեն կարող եմ պնդել` Դուք ուծացման վտանգի առաջ եք կամ ինքներդ էլ չգիտեք, որ վաղուց արդեն դադարել եք ուրարտացի լինելուց եւ համալրում եք հայերիս շարքերը:

– Ինչպես ասում են` մենակ մարդու, այս դեպքում` մենակ ուրարտացու օրը կտրվի: Եթե մնացել եմ իմ ազգի միակ պոետը… Հնարավոր է…