Ղարաբաղ. հրադադարի խախտում

27/11/2008

Հայ եւ ադրբեջանցի պաշտոնյաները բացարձակապես տարբեր տեղեկություններ են տարածում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայված իրենց ուժերի` Ֆիզուլու հրադադարի գծի վրա տեղի ունեցած բախման վերաբերյալ:

Երկու կողմերն էլ ընդունում են, որ քսանամյա ադրբեջանցի զինվոր Օրհան Շալիմովը զոհվել է նոյեմբերի 16-ին տեղի ունեցած կրակահերթի հետեւանքով, սակայն պատասխանատվությունը կողմերից ոչ մեկն իր վրա չի վերցնում:

Ադրբեջանի Պաշտպանության նախարարության խոսնակ Էլդար Սաբիօղլուն նշում է, որ Շալիմովն, ով այդ գիշեր հերթապահում էր, ընդամենը կրակ էր բացել` ի պատասխան 1994թ. հաստատված «շփման գծի» երկայնքով հայկական կողմից սկսված կրակահերթին: Սաբիօղլուի խոսքերով` նախքան սպանվելը, Շալիմովն ինքն էր հարձակվել եւ սպանել երկու հայ զինվորների. հայերը կարողացել էին վերցնել իրենց զինվորների մարմինները, իսկ ադրբեջանցիները` ոչ:

Նոյեմբերի 19-ին հայկական կողմը վերադարձրեց Շալիմովի դիակը: Ղարաբաղում միջադեպը բնութագրվում է որպես այս տարվա մարտի 3-4-ը տեղի ունեցած բախմանը (որի ժամանակ մոտավորապես 12 մարդ զոհվեց) հաջորդող հրադադարի կոպիտ խախտում, ինչում Ադրբեջանն է մեղավոր: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը պնդում է, որ հայկական դիրքերն են ադրբեջանական հարձակման ենթարկվել նոյեմբերի լույս 17-ի գիշերը` մոտավորապես ժամը 4-ին, հարձակվելով զինվորական հերթապահություն իրականացնող զինծառայողների վրա:

Հասրաթյանի խոսքերով, այն բանից հետո, երբ հայկական կողմը ետ մղեց հարձակումը, ադրբեջանցիները սկսեցին նահանջել` ճանապարհին թողնելով իրենց զինվորներից մեկի դիակը: Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա այստեղ տուժածներ չկան: Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը մեդալներով պարգեւատրեց ադրբեջանական հարձակումը ետ մղած հայ զինվորներին: Հասրաթյանն ընդգծում է, որ միջադեպը ժամանակային առումով համընկավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի հետ, որի ընթացքում վերջիններս փորձում էին ամրապնդել այն համաձայնությունը, որը ձեռք էր բերվել նոյեմբերի 2-ին Մոսկվայում Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների կողմից ստորագրված հռչակագրից հետո: Այս հռչակագրով կողմերը հաստատակամություն հայտնեցին ստեղծել խաղաղության ու փոխվստահության մթնոլորտ` Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար:

Ղարաբաղում հրադադարի խախտման միջադեպը լայնատարած քննարկումների ու վրդովմունքի ալիք բարձրացրեց Ադրբեջանի դեմ: Ինչպես IWPR-ին ասաց վերլուծաբան Դավիթ Կարաբեկյանը, «միջադեպը կրկին երեւան է հանում Մոսկովյան հռչակագրից բխող քայլերի ամրագրման անհրաժեշտությունը»: «Սա հատկապես վերաբերում է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովող միջազգային երաշխիքային համակարգի ստեղծմանը: Բացի այդ, անհրաժեշտ է, որպեսզի կողմերն ընդունեն այն փաստը, որ հակամարտությունը կարող է լուծում ստանալ միայն Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կողմից պարտադիր իրավական բնույթ կրող համապատասխան փաստաթղթի ստորագրումից հետո: Ավելին, բոլոր կողմերը պետք է զինադադարի պայմանները խստացնող պայմանագիր ստորագրեն` պահպանելով վստահության ամրապնդմանն ուղղված բոլոր միջոցները»,- ասել է նա:

Ալբերտ Ոսկանյանը, ով Ղարաբաղում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվ հասարակական գործիչներից է, վկայում է, որ վերոհիշյալ միջադեպը ցույց է տալիս 1994թ. կնքված զինադադարի խոցելիությունը. «Այս առանց այն էլ անկայուն զինադադարի խախտումը կբերի նոր մարդկային զոհեր պահանջող պատերազմի»,- ասում է նա: «Որպես պատերազմ տեսած մարդ, որը մշտապես գործ է ունեցել պատերազմի գերիների եւ անհայտ կորածների հետ, ես դատապարտում եմ ներկայիս դրության ապակայունացմանը նպաստող ցանկացած քայլ,- ասում է Ոսկանյանը,- Վերոհիշյալ միջադեպը դրա կազմակերպիչների խղճին է, քանի որ հիմա` ավելի քան երբեք, Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված որոշակի լուրջ քայլեր ենք տեսնում»:

«Զինադադարից հետո մոտավորապես 15 տարի է անցել, բայց պայթյունավտանգ իրադրությունը պահպանվում է սառեցված վիճակում,- ասում է պատերազմի վետերան Սերգեյ Խաչիկյանը,- Պատահական պայթյուններից, կրակոցներից ու հարձակումներից դեռ մարդիկ են մեռնում: Չգիտեմ` որքան է շարունակվելու այս «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը: Աստծուց միայն մի բան եմ խնդրում. թող մեր երեխաներն այսպիսի կյանքով չապրեն: Մենք շատ ենք արյուն տեսել»:

«Իմ համոզմամբ` հրադադարի ռեժիմը տարբեր չափով պարբերաբար խախտվում է շփման գծի ողջ երկայնքով: Միակ բացառությունը Նախիջեւանն է, որտեղ, կարելի է ասել, կողմերի միջեւ կրակոցներ չկան: Ուղղակի ներկայիս հասարակությունն ավելի լավ է տեղեկացված նման միջադեպերի մասին»,- ասում է ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը: Նրա հավաստմամբ` կողմերից յուրաքանչյուրն էլ փորձել է օգտագործել նման դեպքերը` հատկապես հակված լինելով այս կարգի տեղեկատվությունը տարածել Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի ժամանակ: «Որպես կանոն, զինադադարի ռեժիմը խախտվում է քաղաքական նկատառումներով: Պաշտպանության նախարարների ղեկավարության տակ գտնվող զինված ուժերն ուղղակի ենթարկվում են քաղաքական հրամաններին»,- ասում է Ջաֆարովը:

Էմիլ ԳՈՒԼԻԵՎ, Բաքու
Աշոտ ԲԵԳԼԱՐՅԱՆ, Ստեփանակերտ

Հ.Գ. Հոդվածներն արտատպվում են Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի IWPR Կովկասյան լրատու CRS պարբերականից: