Ազգությամբ ո՞վ էր Չեխովը

27/11/2008

Ղրիմում գտնվող Անտոն Չեխովի տուն-թանգարանը լուրջ վտանգի առջեւ է հայտնվել։ Ռուսաստանն եւ Ուկրաինան չեն կարող համաձայնության գալ, թե ո՞ր պետությունն է այսուհետ ստանձնելու առանձնատան հետագա խնամքը։ 1991 թվականից սկսած Ռուսաստանի կառավարությունը դադարեցրել է առանձնատան պահպանման համար գումարներ տրամադրել, իսկ Ուկրաինայի իշխանություններն ասում են, որ իրենք պարտավոր չեն իրենց բյուջեից գումար տրամադրել, քանի որ «Չեխովը ոչ թե ուկրաինացի, այլ՝ ռուս էր»։ «Սպիտակ առանձնատուն» անվանումը կրող տունը կառուցվել է Յալթայում այն ժամանակ, երբ գրողի առողջությունը վտանգված է եղել, եւ նա՝ հետեւելով բժիշկների խորհրդին, ստիպված է եղել լքել Մոսկվան ու ծովափ տեղափոխվել։ Այդ առանձնատան բացառիկությունը նրանում է, որ այնտեղ ամեն բան պահպանվել է ճիշտ այնպես, ինչպես եղել է գրողի կյանքի օրոք։ Եվ այդտեղ են ստեղծվել նրա հայտնի «Բալենու այգի» եւ «Երեք քույր» պիեսները։ 1904 թվականին մահացած գրողի տունը թանգարանի է վերածվել 1957 թվականին։ Իսկ հիմա, երբ դադարեցվել է ֆինանսավորումը, առանձնատունը փլուզվում է, արդեն իսկ վնասված են տանիքն ու տան պատերը։ Միջազգային կազմակերպությունները՝ փորձելով տուն-թանգարանի պահպանման համար գումար հավաքել, նախաձեռնել են հանգանակությունների ակցիա՝ հույս ունենալով, որ 20-րդ դարի լավագույն գրողներից մեկի թանգարանը կարգի կբերվի գրողի 150-ամյա հոբելյանի նախաշեմին։