Ժամանակի հետքերով

27/11/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Երեւանի Ազգային պատկերասրահում նոյեմբերի 21-ին եզակի ցուցահանդես է բացվել։ Մեկ ընդհանուր տարածքում հավաքվել են 18-20-րդ դարերի բոլոր այն եվրոպական ժամացույցները, որոնք մինչ այսօր պահվում էին Պատկերասրահի պահոցներում։

Ավելի քան 40 ժամացույց-ցուցանմուշներն այցելուներին են ցուցադրում մարդկության կողմից հնարված ամենակարեւոր սարքի էվոլյուցիան։ Ժամանակի հավերժ հոսքը կարգավորելու փորձեր արել են դեռեւս նախամարդիկ, որոնք ժամանակը չափել են արեւային, ջրային եւ ավազե ժամացույցների միջոցով։ Սակայն միայն մեխանիկական, այսինքն՝ ավելի քիչ եղանակի քմահաճույքներից, նաեւ՝ հենց բուն ժամանակից կախում ունեցող ժամացույցների ի հայտ գալու հետ է կապվում ժամագործության պատմությունը, քանի որ այդ պահից սկսած ժամացույցները դառնում են ոչ միայն գործիք, այլեւ՝ զարդ։ Եվ ժամացույցների պատրաստմանը մասնակցում են նաեւ քանդակագործները, նկարիչներն ու փորագրիչները։ Այդ ժամանակից սկսած սթափ ու ճշգրիտ մեխանիզմներին է միանում վերացական ու երեւակայական արվեստը։ Զուտ կիրառական իր լինելուց բացի, ժամացույցները վերածվում են արվեստի գործերի, շատ դեպքերում նաեւ՝ գլուխգործոցների, որոնք վկայում են տարբեր դարաշրջաններում ապրող մարդկանց գեղեցկության պատկերացումների, ֆինանսական կարողությունների ու ճաշակի մասին։ Որպես կանոն՝ ժամացույցների պատրաստմանը մասնակցում էին մեխանիկ-վարպետն ու ձեւավորող-նկարիչը։ Երեւանի պատկերասրահի հավաքածուում կա հայտնի ֆրանսիացի ժամագործ-ձեւավորող Պիեռ-Ֆիլիպ Տոմիրի ստեղածագործությունը, ում ստեղծած ժամացույցները թանգարանային մեծ արժեք ունեն եւ հայտնի են ամբողջ աշխարհում։ Այն 1810 թվականին ստեղծված բուխարու ժամացույց է, որի վրա փորագրված են դիցաբանական հերոսները։ Ընդ որում` զարդարանքների թեմաներն ու պատկերման ոճերը շատ բազմազան են. կարելի է տեսնել դիցաբանական, պատմական, ռազմական սյուժեներ: Կան ժամացույցներ, որոնք միջնադարյան ասպետական դրվագներ են պատկերում կամ էլ բուկոլիկ՝ անմեղ ու գեղեցիկ որսորդական կամ բնության գրկում հանգստացող մարդկանց պատկերն են ստեղծում։ Երեւանի պատկերասրահում կարելի է տեսնել տարբեր չափերի, ոճերի ու ֆորմաների ժամացույցներ, որոնց պատրաստման համար նյութ են ծառայել երկաթը, բրոնզը, փայտը, ապակին, ոսկին ու տարբեր թանկարժեք քարերը։

Բուխարու վրա, սեղանին կամ ուղղակի հատակին դրվող ժամացույցների կողքին կան նաեւ մի քանի գրպանի ժամացույցներ (բրեգետներ), որոնք հազվագյուտ ցուցանմուշներ են։ Կա նաեւ ճամփորդական ժամացույց։ Հատկապես արժեքավոր է գերմանական «Մայսըն» ֆիրմայի կնիքը կրող ժամացույցը, քանի որ այդ ընկերակցությունն առաջինն է սկսել ժամացույցներ արտադրել եւ այդ գործը նախաձեռնել է 17-րդ դարում՝ հիմնելով առաջին եվրոպական ժամագործական միությունը։

Երեւանի պատկերասրահի ժամացույցների հավաքածուն սկիզբ է առել1924 թվականին, երբ Խորհրդային Միության թանգարանները՝ հիմնականում «Էրմիտաժը», մեզ մի քանի նվիրատվություն են արել։ Հետագայում հավաքածուն համալրվել է ոչ միայն ձեռքբերումների ու նվիրատվությունների, այլեւ՝ անհատներից առգրավված նմուշների շնորհիվ։ Կար ժամանակ, երբ հավաքչությունը չէր խրախուսվում, եւ դեկորատիվ-կիրառական նշանակություն ու արժեք ունեցող ժամացույցները կոնֆիսկացիայի էին ենթարկվում ու հանձնվում էին թանգարաններին։

Ցուցանմուշներից շատերը լուրջ վերականգնողական փուլ են անցել, քանի որ երկար ժամանակ դրանց անդրադառնալու առիթ չի եղել։ Վնասված են եղել ոչ միայն նրանց մեխանիզմներն, այլեւ՝ արտաքին տեսքը։ Ժամացույցների ցուցահանդեսի բացման գաղափարը պատկանում է Ազգային պատկերասրահի փոխտնօրեն Հասմիկ Հարությունյանին, ով մոտ երկու տարի փորձել է պահոցներում պահվող նմուշները կարգի բերել, քանի որ շատերը ժամանակի ընթացքում ժանգոտել ու կանգ էին առել, վնասվել էին նաեւ ժամացույցների ազդեցիկ մաս կազմող զանգերը, որոնց ազդակներն ու մեղեդիները նույնպես վարպետության ցուցանիշ են։ Այդ գործում մեծ դերակատարություն է ունեցել կինոռեժիսոր Էդմոնդ Իսահակյանը, ում համար ժամացույցները ոչ միայն հոբբի, այլեւ՝ լուրջ ուսումնասիրության ոլորտ են։ Նա հայտնի է ոչ միայն ֆիլմերով, այլեւ՝ ժամացույցների իր անհատական կոլեկցիայով։ Է. Իսահակյանը շուրջ մեկ տարի աշխատել է, որպեսզի շատ ժամացույցներին վերադարձնի իրենց նախնական տեսքն ու այն ֆունկցիան, որոնք նրանք ի սկզբանե կրել են իրենց մեջ։ Կա ժամացույց, որը ժամանակից բացի՝ ցույց է տալիս նաեւ օրերն ու լուսնի փուլերը, եւ միայն այդ բոլոր չափման միավորների զուգակցումն է այդ ժամացույցը դարձնում բացառիկ։

Իսկ հիմա բոլոր ժամացույցները «գնում» են ու ցույց են տալիս ժամանակը ճիշտ այն ճշգրտությամբ, որի համար էլ տարիներ ու դարեր առաջ ստեղծվել են։ Ցուցահանդեսը մի քանի ամիս դեռ գործելու է, եւ այն հաստատ արժե նայել։ Զարմանալի ու հետաքրքիր զգացում ես ունենում՝ ժամանակը չափող ու ժամանակն իրենց մեջ ամփոփող այդ գործիքների կողքին հայտնվելով. զգում ես, որ ժամանակը կանգնեցնել չի ստացվի, եւ միեւնույն ժամանակ՝ այն կարելի է հավերժացնել գեղեցիկ ֆորմայի մեջ։