Մնացին չինացիները

27/11/2008

Մատենադարանի ձեռագրերից մեկի մեջ պահվում է 12 սմ չափով փոքր բոլորակ, որը հայերեն լեզվով մեզ հայտնի ամենահին քարտեզն է: Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է ճարտարագետ, քարտեզագետ Ռուբեն Գալչյանը, այդ քարտեզը շատ կարեւոր եւ արժեքավոր է: Լինելով շատ փոքր` նախկինում ուշադրության չի արժանացել աշխատողների կողմից, եւ Ռ. Գալչյանն այն հայտնաբերել է շատ պատահականորեն: «Դա մեր իմացած ամենահին` 1691-1695 թվականներին վերաբերող քարտեզներից հին է առնվազն 350 տարի: Այն ցույց է տալիս, որ 13-14-րդ դարում մենք ունեցել ենք հայ քարտեզագիր»,- ասել է Ռ. Գալչյանը: Այդ քարտեզում, որը «TO» (orbis terarum` լատիներեն` երկրագունդ) տեսակի է, նշված են Մետաքսի հյուսիսային ճանապարհին գտնվող շրջանները, քաղաքները` Չինաստանից մինչեւ Թեոդոսիայի Կաֆֆա քաղաքը, ինչպես նաեւ՝ Իտալիան: Ռ. Գալչյանի խոսքով` սա այն եզակի քարտեզն է, որտեղ նշված չէ Հայաստանը: Ըստ նրա` այն հանդիսացել է Մետաքսի հյուսիսային ճանապարհի ուղեցույց, որի պատճառով էլ բացակայել է Հայաստանի մասին հիշատակումը: Քարտեզի հեղինակը հայտնի չէ: Ռ. Գալչյանի խոսքով` «TO» կոչվում են այն քարտեզները, որտեղ աշխարհը բաժանված է երեք մայրցամաքների` Ասիա, Եվրոպա եւ Աֆրիկա, աշխարհի կենտրոն դիտարկվում է Երուսաղեմը, նշված է նաեւ Կարմիր ծովը եւ այն հատվածը, որտեղից անցել է Մովսեսը: Այն, մյուս բոլոր «TO» քարտեզների նման, ունի Սբ. Գրքից տեղեկություններ, ինչպես, օրինակ, Մովսեսի պատվիրանները, Կարմիր ծովի ճեղքվելը եւ այլն: «TO» տեսակի քարտեզներում պարտադիր կերպով նշվում է նաեւ Հայաստանը, Արարատ լեռը եւ Նոյան տապանը: Ռ. Գալչյանը մի շարք աշխատությունների` «Հայաստանի պատմական քարտեզներ. քարտեզագրական ժառանգություն», «Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ», «Կովկասից հարավ երկրները միջնադարյան քարտեզներում: Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան» հեղինակ է: Նա Հայաստանին վերաբերող քարտեզագրական հարուստ ժառանգությունն աշխարհին է ներկայացնում ոչ միայն գրքերով եւ հոդվածներով, այլեւ ԱՄՆ-ում եւ եվրոպական երկրներում կարդացվող դասախոսություններով, ելույթներով տարբեր գիտաժողովներում եւ մամուլում:

Այս տարի նոյեմբերին ՀՀ ԳԱԱ նախագահությունը Ռ. Գալչյանին շնորհել է պատվավոր դոկտորի կոչում Հայաստանում գիտության զարգացմանը նպաստելու համար: