Հինգ տարի անց

27/11/2008

Կիրակի` «վարդերի հեղափոխության» հինգերորդ տարեդարձի օրը, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն վերջնականապես հռչակել է իր անցումն ընդդիմության ճամբար: Ըստ «Ազատության»՝ Թբիլիսիում ավելի քան երեք հազար պատվիրակների մասնակցությամբ կայացել է Բուրջանաձեի նախաձեռնությամբ ստեղծված «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» կուսակցության հիմնադիր համագումարը: Դիմելով իր կողմնակիցներին, Բուրջանաձեն խիստ քննադատության է ենթարկել իր նախկին հեղափոխական զինակցին` Միխայիլ Սահակաշվիլիին, մասնավորապես, հայտարարելով. «Իշխանությունը, որը չկարողացավ խուսափել նախապես ծրագրված պատերազմից, որն իր մեջ այդքան քաջություն չգտավ, որպեսզի ներողություն խնդրի շարքային քաղաքացիներից Ցխինվալում եւ Կոդորում տեղի ունեցածի համար, այժմ վիրտուալ իրականություն է կերտում` փորձելով բոլորիս համոզել, թե երկրում ամեն ինչ շատ լավ է»: Համագումարից մի քանի օր առաջ «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը տված հարցազրույցում Բուրջանաձեն ասել է. «Հետադարձ հայացք նետելով հինգ տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին` ես կրկին համոզվում եմ, որ այն նպատակները, որ հետապնդում էր «վարդերի հեղափոխությունը», շատ կարեւոր էին, դրանց հիմնական մասը, սակայն, այսօր լուծված չէ: Հինգ տարի անց էլ մենք խոսում ենք ժողովրդավարության ամրապնդման, լրատվամիջոցների ազատության, վախի մթնոլորտը հաղթահարելու եւ դատական համակարգի բարեփոխման անհրաժեշտության մասին»: Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Lինքոլն Միտչելը, ով «Ամերիկյան արտաքին քաղաքականությունը եւ Վարդերի հեղափոխությունը» գրքի հեղինակն է, այսպես է բացատրել Սահակաշվիլիի վարչակազմի վերջին ձախողումները. «Մի պահ եկավ, երբ նրանք ասացին, թե պետականության կերտումը, դրա ամրապնդումը ավելի կարեւոր է, քան ժողովրդավարությունը: Բայց խնդիրն այն է, որ երբ դու կենտրոնանում ես այդ երկու խնդիրներից միայն մեկի իրագործման վրա, ոչ մեկում էլ հաջողության չես հասնում: Նրանք այլ ճանապարհ ընտրեցին, ինչը Սահակաշվիլիի մեծագույն սխալն էր»: Վերլուծաբանը շեշտում է, որ ստեղծված իրավիճակում Արեւմուտքը պետք է հրաժարվի այն մտայնությունից, թե Սահակաշվիլին միակն է, ում հետ այսօր կարելի է Վրաստանում գործ ունենալ: Վերլուծաբանների կարծիքով` դրան կնպաստի նաեւ Բուրջանաձեի վերադարձն ակտիվ քաղաքականություն: Ի դեպ, կիրակի օրն այն պահին, երբ Բուրջանաձեի կողմնակիցները հավաքված են եղել Թբիլիսիում, նախագահ Սահակաշվիլին եւ հեղափոխության տարեդարձի առթիվ Վրաստան ժամանած Lեհաստանի ղեկավար Lեխ Կաչինսկին մեկնել են Հարավային Օսիայի սահմանագծում գտնվող փախստականների ճամբար: Ճանապարհի կեսից, սակայն, նրանք ստիպված են եղել վերադառնալ Թբիլիսի: Lեհական ու վրացական աղբյուրների վկայությամբ` պատճառը նախագահների շարասյան ուղղությամբ արձակված կրակոցներն են եղել: Թե ովքեր են եղել կրակողները` պաշտոնական Թբիլիսին չի հստակեցնում, ակնարկելով միայն, որ այդ շրջանում ռուսական ստորաբաժանումներ են տեղակայված: