Նոր պայմաններ

23/11/2008

«Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումից հետո տարածաշրջանում վեճերի կարգավորման նոր պայմաններ են ստեղծվել»,- երեկ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանը: «Դա կարեւոր հնարավորություն է, եւ մենք պետք է ճիշտ գնահատենք այն»,- ասել է Բաբաջանը: Անդրադառնալով նոյեմբերի 24-ին Ստամբուլում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ակնկալվող հանդիպմանը` Բաբաջանը նշել է. «Հայաստանի եւ Թուրքիայի երկխոսությունում մեր նպատակը լիարժեք կարգավորումն է: Մենք պետք է երկուստեք քայլեր ձեռնարկենք այդ նպատակին հասնելու ու, ինչպես Հայաստանի եւ Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունները կարգավորելու համար: Մյուս կողմից, բանակցությունները տարածաշրջանում ունեն երկու առանձին ուղղություն. մեկը` Թուրքիայի եւ Հայաստանի, մյուսը` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ժամանակ առ ժամանակ պետք է անցկացվեն եռակողմ հանդիպումներ` ապահովելու երկու առանձին ուղղությունների համակարգումը»: Ի դեպ, ըստ «Հուրիեթի», Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Բուրակ Օզյուգերգինը հայտարարել է, թե 2 ԱԳ նախարարների ստամբուլյան հանդիպմանը քննարկվելու են նաեւ 1915թ. իրադարձությունները: «Սեղանին է ամեն ինչ, որեւէ հարց դուրս չի մնալու»,- հայտարարել է նա: Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարարը նոյեմբերի 24-ին մեկօրյա այցով մեկնելու է Ստամբուլ` որպես Սեւծովյան տնտեսական համագործակցությունում նախագահող երկրի արտգործնախարար՝ ներկայացնելու կազմակերպության 6-ամսյա գործունեության ծրագիրը եւ ՀՀ նախագահության առաջնահերթությունները: