Երեկ ուշ երեկոյան ռումինական Կոնստանցա քաղաքում Հայաստանի ֆուտբոլի
ազգային հավաքականը հերթական բարոյական հաղթանակը տարավ Ռումինիայի
հավաքականի նկատմամբ։ Ու թեեւ խաղն ավարտվեց 3:0՝ հօգուտ ռումինացիների,
այնուհանդերձ, հայ ֆուտբոլիստները բարձրակարգ խաղ ցուցադրեցին եւ
ապացուցեցին, որ միանգամայն ի զորու են 90 րոպե շարունակ վազել։ Ավելի վաղ
Հենկ Վիսմանի սաները նույնն ապացուցել էին Երեւանում՝ Մակեդոնիայի
հավաքականի հետ հանդիպման ժամանակ։ Այո, մեր ֆուտբոլիստները վազել
կարողանում են։ Ավելին՝ այդ վազքի մեջ երբեմն նույնիսկ տրամաբանություն է
լինում։
Ընդհանրապես, վերջին շրջանում մեր հավաքականի խաղաոճն աչքի է ընկնում
բազմազանությամբ։ Այն իմաստով, որ պարտությունների պատճառները տարբեր են
լինում։ Մի դեպքում պատճառն անձրեւն է, մեկ այլ դեպքում՝ վատ
մրցավարությունը, երրորդ դեպքում՝ մարզական բախտի ժպիտի բացակայությունը,
եւ այլն։ Եվ այնուամենայնիվ, մեր ազգային հավաքականին չարժե քննադատել։
Հակառակը՝ պետք է ողջունել, որ նրանք ոչ միայն ֆուտբոլ են խաղում, այլեւ
խաղում են՝ ենթարկվելով միջազգային օրենքներին։
Ֆուտբոլն այսօր փաստորեն միակ ոլորտն է, որտեղ Հայաստանն առաջնորդվում է
միջազգային նորմերով, ենթարկվում է միջազգային օրենքներին եւ չի փորձում
այդ օրենքներին հակադրել մեր ազգային մենթալիտետը։ Մերոնք չեն փորձում
միասնության շուրջպար բռնել դարպասի շուրջը, չեն փորձում մրցավարին
հրավիրել Գառնի-Գեղարդ, չեն փորձում անկյունայինի խաղարկումից առաջ
օգտագործել Սփյուռքի ողջ ներուժը, դեղին քարտ ստանալիս մեջբերումներ չեն
անում Խորենացու «Հայոց պատմությունից»… Մերոնք պարզապես ֆուտբոլ են
խաղում։ Ճիշտ այնպես, ինչպես բոլոր մյուս երկրների հավաքականները։
Առայժմ լավ չեն խաղում, բայց դա լուծելի խնդիր է։ Կարեւորն այն է, որ
սկզբունքը ճիշտ է ընտրված։ Պետք է խաղալ ողջ աշխարհում ընդունված
կանոններով։