Համարբերգի պահանջը

23/11/2008

ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը երեկ հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, «Մարտի 1-ի» ԱԺ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հետ: Հանդիպումների ընթացքում Համարբերգը հիմնականում խոսել է քաղբանտարկյալների եւ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբի գործունեության մասին: Մեր տեղեկություններով, Համարբերգը, մասնավորապես, պահանջել է հնարավորինս կարճ ժամկետներում ազատ արձակել քաղբանտարկյալներին: Ընդ որում, այդ են վկայում նաեւ նրա հանդիպումների մասին պատմող պաշտոնական հաղորդագրություններում նշված կցկտուր ձեւակերպումները: Մասնավորապես, ի պատասխան Հ. Աբրահամյանի այն հայտարարությանը, թե «դատավարություններից առաջ նախագահի նման քայլը (համաներումը.- խմբ.) կարող էր անհասկանալի լինել, որովհետեւ պարզ չէ, թե մարդն ինչի համար է ներվում, եթե բացահայտված չէ` ինչ հանցանք է գործել», Թ. Համարբերգն ասել է, որ «եթե լինելու է համաներման կամ ներման որոշում, այն կարող է եւ դատավարությունից առաջ կիրառվել, որը նաեւ հասարակական լարվածության նվազմանը կնպաստի»: Իսկ ահա Ա. Հովսեփյանը, կրկին ըստ պաշտոնական հաղորդագրության, խոսելով «Մարտի 1»-ի գործով 7 մեղադրյալների մասին, Համարբերգին հավաստիացրել է. «Քրեական գործը դատարան ուղարկվելու դեպքում՝ կապահովվի դրա հրապարակայնությունը»: Այսինքն` չի բացառել, որ քրեական գործերը կարող են նաեւ դատարան չուղարկվել: Մի խոսքով, շատ հավանական է, որ առաջիկայում այնուամենայնիվ իշխանությունները ստիպված լինեն քաղբանտարկյալներին համաներելու մասին որոշում կայացնել: Սակայն դժվար է ասել` ինչպես այդ որոշումը կընդունեն իրենք` քաղբանտարկյալները, եւ արդյոք դա կհանգեցնի՞ հասարակության լարվածության նվազմանը, ինչպես իր հանդիպումներում ասել է Համարբերգը: Քանի որ իշխանությունները, քաղբանտարկյալներին համաներելուց բացի, պետք է կարողանան բացատրել, թե ինչու են այդ մարդիկ 8 ամիս պահվել անազատության մեջ: Իսկ դա շատ ավելի դժվար է, քան համաներման մասին որեւէ փաստաթուղթ ստորագրելը: