Համարբերգն` ԱԺ-ում

23/11/2008

Երեկ ԵԽ Մարդու իրավունքի հանձնակատար Թոմաս Համարբերգի հետ հանդիպման ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է նաեւ մարտի 1-ի գործով կալանավորվածների համաներման խնդրին` ասելով, թե դատավարություններից առաջ նախագահի նման քայլը կարող էր անհասկանալի լինել, «որովհետեւ պարզ չէ, թե մարդն ինչի համար է ներվում, եթե բացահայտված չէ` ինչ հանցանք է գործել»: Նա նաեւ ասել է, թե ՀՀ իշխանությունները շահագրգռված են այս խնդիրն արագ կարգավորել, քանի որ այլ խնդիրներ կան. համաշխարհային ֆինանսական ճգնաժամը եւ դրա հետեւանքների հաղթահարումը, բարեփոխումների շարունակման անհրաժեշտությունը, ԼՂ հիմնահարցի լուծումը, տարածաշրջանային անվտանգության ապահովումը: Ըստ ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության` Հ. Աբրահամյանը Համարբերգին ասել է, թե չնայած ակնհայտ է, որ մարտյան դեպքերը բոլորովին ձեռնտու չէին իշխանություններին, սակայն «արմատական ընդդիմությունը ջանք չի խնայում համոզելու հասարակությանը եւ միջազգային կառույցներին, որ դրանց կազմակերպիչն իշխանությունն էր»: Իսկ Թ. Համարբերգը նշել է, թե փաստահավաք խմբի հաջողության փորձաքարը լինելու է այդ դեպքերի հաջորդականության ու ժամանակագրության ճշգրիտ վերհանումը: Նա խոսել է նաեւ «7»-ի գործով հետաքննության մասին, մտահոգություն հայտնելով, թե օբյեկտիվ պատճառներով դատաքննությունը կարող է ձգձգվել, եւ, եթե լինելու է համաներման կամ ներման որոշում, այն կարող է եւ դատավարությունից առաջ կիրառվել, որը նաեւ կնպաստի հասարակական լարվածության նվազմանը: