«Հայաստանի փորձագիտական հաստատությունների փոխանցմամբ` փորձաքննությունների գործող մեթոդաբանությունը հնարավորություն չի տալիս իրականացնել մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ կիրառված հատուկ միջոցների նույնականացում, եւ միջազգային փորձագետների օգնությունը մնում է արդիական»,- ըստ Գլխավոր դատախազության մամուլի ծառայության, այդ մասին ասել է գլխ. դատախազ Աղվան Հովսեփյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ: Ըստ Գլխ.դատախազի, «Մարտի 1»-ի գործով նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Ոստիկանության զորքերի կազմում եղել է նաեւ մեկ դիպուկահար, ով հարցաքննվել է դեռեւս հունիսին»: Նա նաեւ ասել է, թե «փորձաքննության եզրակացությունների համաձայն` անկարգությունների ժամանակ հրազենային մարմնական վնասվածք ստացած անձանց մարմնից, ինչպես նաեւ մահացած անձանց դիակներից հանված գնդակներից ոչ մեկը չի արձակվել դիպուկահարի հրացանից»: Ըստ հաղորդագրության, Ա. Հովսեփյանը նշել է, որ «Մարտի 1»-ի գործով նոյեմբերի 21-ի դրությամբ նախնական կալանքի տակ է գտնվում 7 մեղադրյալ, որոնց մասով նախաքննությունը սեպտեմբերի սկզբին ավարտվել է, եւ ներկայումս մեղադրյալներին ու նրանց պաշտպաններին ժամանակ է տրամադրվել գործի նյութերին ծանոթանալու համար: Ա. Հովսեփյանն ասել է, որ քրեական գործի դատարան ուղարկվելու դեպքում կապահովվի դրա հրապարակայնությունը: