«Եդինայա Ռոսիան» եւ հայերը

23/11/2008

Նոյեմբերի 20-ին Մոսկվայում կայացած «Եդինայա Ռոսիա» համառուսաստանյան կուսակցության 10-րդ համագումարին հյուրի կարգավիճակով Հայաստանից մասնակցել են նաեւ «Եդինայա Ռոսիայի» հետ համագործակցության պայմանագիր կնքած քաղաքական կուսակցությունների պատվիրակությունները։

«Եդինայա Ռոսիայի» համագումարին հրավիրված է եղել նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի պատվիրակությունը՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Համագումարի շրջանակներում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում՝ «Գլոբալ հիմնախնդիրներ. քաղաքական կուսակցությունների դերը ճգնաժամերի հաղթահարման գործում» թեմայով, որին մասնակցել են հրավիրված պատվիրակությունների ղեկավարները։ Հրավիրված կլոր սեղանի շրջանակներում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Կոնստանտին Կոսաչյովի հետ։ Ըստ ԲՀԿ լրատվական ծառայության, Կոնստանտին Կոսաչյովը կարեւորել է համագործակցությունը ԲՀԿ-ի հետ` ընդգծելով, «որ «Բարգավաճ Հայաստանը» լուրջ եւ կարեւոր դերակատարություն է ստանձնել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ, եւ այդ դերակատարությունը գնալով դառնում է առավել զգալի եւ նշանակալի»։

Կոնստանտին Կոսաչյովը նաեւ ողջունել է Գագիկ Ծառուկյանի առաջարկը՝ 2009թ. գարնանը Երեւանում համատեղ կլոր սեղան անցկացնելու վերաբերյալ, որը նվիրված է լինելու հայ-ռուսական համագործակցության խնդիրներին եւ հեռանկարին։ «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալը տեղեկացրել է նաեւ, որ իրենք ընդունել են ԲՀԿ նախագահ Գ.Ծառուկյանի հրավերը, եւ փետրվարին կայանալիք ԲՀԿ 4-րդ համագումարին կմասնակցի «Եդինայա Ռոսիայի» գլխավոր խորհրդի նախագահության պատվիրակությունը։ Համագումարի շրջանակներում ԲՀԿ պատվիրակությունը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, շփումներ է ունեցել ՌԴ Պետական դումայի պատգամավորների եւ արտասահմանյան մի շարք պատվիրակությունների ներկայացուցիչների հետ։