«Ուզում եմ տեղեկացնել, որ այն բոլոր քաղաքական քննարկումները, որ տեղի են ունենում Հայաստանում, չեն կապվում Լեռնային Ղարաբաղի քաղաքական քննարկումների հետ, որոնք սկսվել են ավելի վաղ` մայիսից տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակի ընկալմամբ: ԼՂՀ Ազգային ժողովում կազմակերպվել են մի շարք քննարկումներ, որոնց հետագայում մասնակցել են արտախորհրդարանական քաղաքական ուժեր: Ղարաբաղում կա մեկ միասնական տեսակետ: Այս քննարկումների օրակարգում ԼՂՀ միջազգային ճանաչման հեռանկարն է ԼՂՀ ժողովրդի համար ընդունելի սահմաններում եւ մեր անվտանգության ազգային համակարգի գերակայությամբ: Մենք այլ օրակարգ մեր առջեւ չենք դրել: Հույս ունեմ, որ մինչեւ տարեվերջ քննարկումները կամփոփվեն, եւ ԼՂՀ ԱԺ քաղաքական ուժերը հանդես կգան ղարաբաղյան կարգավորման մասին իրենց պատկերացումները ներկայացնող հայտարարությամբ»,- երեկ «Տեսակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը` նշելով, որ սահմանների մեջ նկատի ունի նաեւ ազատագրված տարածքները:
Արդեն երկար ժամանակ է, ինչ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման շուրջ ակտիվացել են զարգացումները: Հայաստանի քաղաքական ու փորձագիտական շրջանակներում աշխուժացել են այդ թեմայով քննարկումները, սակայն Ղարաբաղի պաշտոնյաներն առայժմ զերծ էին մնում մեկնաբանություններից: Ընդ որում, երեկ էլ Վ. Աթանեսյանը թեեւ պատասխանեց թեմային վերաբերող որոշ հարցերին, սակայն հայտարարեց, որ դրանք ոչ թե պաշտոնական, այլ իր անձնական մոտեցումներն են: ԼՂՀ ԱԺ պատգամավորը երեկ թեեւ հայտարարեց, որ ուզում է անկեղծ լինել, բայցեւ խուսափեց շատ հարցերի շուրջ կոնկրետ պատասխաններից: Այնուամենայնիվ, մի քանի անգամ ակնարկեց, որ հիմնախնդրի կարգավորման հարցում ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի միջեւ կան տարաձայնություններ: Ինչ խոսք, դժվար է միանշանակ գնահատել, թե ԼՂ ԱԺ պատգամավորի այդ ակնարկներն ինչ նպատակ էին հետապնդում` ՀՀ իշխանություններին ցույց տալ, որ թեեւ բանակցային կողմը Հայաստանն է, սակայն վերջնական կարծիքն իրե՞նցն է, թե՞ բոլոր դեպքերում այս կիսադժգոհ կեցվածքը եւս ՀՀ իշխանությունների հետ պայմանավորվածության արդյունք է: Գուցե պետք էր ԼՂՀ ժողովրդին համոզել, որ ոչ մի տարածք էլ չի հանձնվում, կամ` միգուցե հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ նախագահի նկատմամբ ուժեղացել են արտաքին ճնշումներն, ու հիմա իշխանություններին անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում ու Ղարաբաղում դժգոհության ալիք բարձրանա: (Ի դեպ, նման շոուներ բազմիցս կիրառվել եւ կիրառվում են թե՛ Ադրբեջանում, թե՛ ՀՀ-ում: Պարզապես, եթե ժամանակին դա «աշխատող» միջոց էր ԼՂՀ խնդրի լուծումը ձգձգելու համար, ապա այսօր արդեն արտաքին աշխարհն այդ «հնարքներին» լավ է տիրապետում): Այս օրերին շատ է խոսվում ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման բանակցություններում Ղարաբաղի մասնակցության մասին: Վ. Աթանեսյանը համաձայն է, որ իր երկիրը լինի բանակցային կողմ, սակայն նա դեմ է, որ այդ մասնակցությունը լինի ոչ լիարժեք:
«Ես կուզենայի անձնապես անկեղծ լինել: Վերջին ժամանակներս ով չի ծուլանում, խոսում է բանակցություններին ԼՂՀ մասնակցության անհրաժեշտության մասին: Բայց մենք պետք է ընդունենք փաստն այնպես, ինչպես այն եղել է: ԼՂՀ ներկայացուցչի մասնակցությունը 1994-97թթ. ես չեմ համարում մասնակցություն լիարժեք բանակցություններին: Եթե այս բանակցությունների սեղանի շուրջ մի կողմում նստած էր ԼՂՀ արտաքին գործերի նախարարը, իսկ մյուս կողմում նստում էր, այսպես կոչված, ԼՂՀ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ Նիզամի Բաղմանովը, ապա ի՞նչ խոսք կարող է լինել լիարժեք բանակցային կողմի մասին: Ասեմ նաեւ, որ այդ նույն տարիներին ՀՀ եւ Ադրբեջանի նախագահները պարբերաբար բանակցում էին Ղարաբաղի խնդրի շուրջ միջազգային տարբեր խորհրդաժողովների շրջանակներում: Իրական բանակցողներն այդ տարիներին դարձյալ ՀՀ եւ Ադրբեջանի նախագահներն էին: Հիմա, եթե խոսքը վերաբերում է նրան, որ ԼՂ-ն պետք է բանակցություններին մասնակցի այն կարգավիճակում, ինչպիսին եղել է 94-97թթ., ապա ես դա համարում եմ ԼՂՀ` որպես կայացած պետության համար, անընդունելի: Եթե հանդիպում են ԱԳ նախարարները, ապա պետք է մասնակցի ԼՂ ԱԳ նախարարը»,- ասաց Վ. Աթանեսյանը:
Բանախոսը երեկ անդրադարձավ նաեւ նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված հռչակագրին եւ հայտարարեց, թե այն «ընդամենը հռչակագիր է, եւ Ղարաբաղյան կողմը դա չի գնահատում որպես կարգավորումը կանխորոշող փաստաթուղթ»: Նաեւ վստահեցրեց, որ եթե երբեւէ հակամարտությունը կարգավորող «համապարփակ համաձայնագիր լինի, ապա ԼՂՀ լիազոր ներկայացուցչի ստորագրությունը անպայման լինելու է»: Սակայն Վ.Աթանեսյանը խուսափեց մեկնաբանել Մադրիդյան սկզբունքները: Պատգամավորը հնարավոր չի համարում, որ երբեւէ «պաշտոնական Երեւանը կարող է ԼՂՀ-ին պարտադրել կարգավորման որեւէ տարբերակ»: Իսկ անցած շաբաթ Ստեփանակերտից վերադառնալուց հետո ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը Երեւանում հայտարարել էր, թե 100 տոկոսով համոզված չէ, որ Ղարաբաղում դեմ են տարածքների հանձնմանը: ԼՂՀ խնդրի մասին անցած շաբաթ իրենց կարծիքներն էին հայտնել նաեւ Հայաստան այցելած ռուս երկու այլ պաշտոնյաներ: «Ես չեմ կարծում, որ պարոն Մերզլյակովը լայն շփումներ է ունեցել ղարաբաղյան հասարակության հետ, ես կարծում եմ, որ նրա այդ մոտեցումը չափազանցեցված է: Նրանք կարող են տարբեր կերպ մեկնաբանել իրավիճակը, բայց մենք ԼՂՀ-ում հակված չենք որեւէ միջնորդի, որեւէ փորձագետի կարծիք մեզ համար գերակա ճշմարտություն ընդունել»,- Մերզլյակովին պատասխանեց ԼՂՀ պատգամավորը:
Վ.Աթանեսյանը երեկ ասաց նաեւ, որ տեղյակ չէր Ս.Սարգսյանի` ԼՂՀ կատարած այցի մանրամասներին, սակայն հաստատեց այն լուրերը, թե ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այցելել է ազատագրված տարածքներ: Հայաստանում նաեւ մեկնաբանություններ կային, թե փոխզիջման դեպքում էլ «պետք է հողը զիջել միայն հողի փոխարեն»: Ասենք` Աղդամը փոխանակել Շահումյանի շրջանով: «Շահումյանի շրջանը ԼՂՀ տարածք է: Եթե այդ տարածքն այսօր օկուպացված է, դա չի նշանակում, որ դա ԼՂՀ չէ: Այդ իրողությունը իրավական ձեւակերպում է ստացել ԼՂՀ Սահմանադրության մեջ,- հայտարարեց պարոն Աթանեսյանը եւ վստահեցրեց, թե Ղարաբաղը ոչինչ չի զիջելու: -Ես կարող եմ ասել, որ ԼՂՀ-ն ունի կարգավորման իր պատկերացումը եւ այդ պատկերացումը պաշտպանելու է մինչեւ վերջ»: