Արդյո՞ք այսօր ՀՀ տնտեսության հիմնական խնդիրների լուծման բանալին մեծ բյուջե ունենալն է: Արդյո՞ք անհրաժեշտ է այս պահին շատ հարկեր հավաքել եւ մեծացնել հարկեր-համախառն ներքին արդյունք հարաբերակցությունը: Այս հարցերի շուրջ տարբեր տեսակետներ ունեին երեկ ՄԱԱ-ում հավաքված տնտեսագետները:
Սոցիալիստական համարվող ՀՅԴ ԱԺ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը գտնում է, որ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը մեր երկրում շատ փոքր է զարգացած նորմալ երկրների նույն ցուցանիշի համեմատ, եւ մենք պետք է մեծացնենք այն: Իսկ տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանի կարծիքով, որպես քաղաքացի եւ մասնագետ՝ ինքը չի ուզում ավելի շատ հարկեր հավաքելու եւ գումարներ բաշխելու հնարավորություն տալ մի այնպիսի անարդյունավետ կոռումպացված համակարգի, ինչպիսին Հայաստանի պետական կառավարման համակարգն է: Ուստի, ըստ նրա, ազատական տնտեսությունն այս պահին այլընտրանք չունի: «Մի քիչ կարող է դաժան հնչել, բայց ազատական տնտեսության կառուցման առաջին փուլում ավելի շատ պետք է պաշտպանված լինեն գործատուների շահերը եւ ոչ թե սոցիալապես անապահովների: Նպաստառուներին ու թոշակառուներին պահողները բիզնեսմեններն են. պետությունը PR է անում` իբր իրենք են տալիս դա, բայց իրականում իրենք չեն տալիս: Թոշակը մյուս տարի բարձրացնում են 5000 դրամով, դա բազմապատկենք 500 հազար թոշակառուներով, տեսեք՝ գործատուների վրա ինչքան ծանրություն է: 5000-ը թոշակառուի կյանքը չի փոխելու, բայց հաստատ վատացնելու է գործատուի աշխատանքը»,- ըստ էության նաեւ օլիգարխներին պաշտպանելով՝ նշեց Ա. Թեւանյանը:
Հարկային վարչարարության խստացմանը դեմ է նաեւ տնտեսագիտության դոկտոր, ԱԺ նախկին պատգամավոր Թաթուլ Մանասերյանը: «Ցավոք սրտի, ՀՀ կառավարությունը սովորաբար վարում է մի քաղաքականություն ճգնաժամի փուլում, որը նմանակումն է վերելքի փուլում զարգացած երկրների տնտեսական քաղաքականության: Այսօր հարկերը փոխանակ իջեցնեն, քանի որ ճգնաժամ է, ավելի բարձրացրեցին, ավելի ծանրացրեցին պատժամիջոցները ու հպարտանում են դրանով»,- նշեց Թ. Մանասերյանը: Իսկ Ա. Թեւանյանը վստահ է, որ ՀՀ-ում մինչեւ կապիտալի եւ արդյունաբերական շուկաները չկայանան, սոցիալապես անապահովների խնդիրները չեն լուծվելու: Այդ կայացումը նա տեսնում է աջ ուժերի իշխանության գալու մեջ, որի ժամանակ միայն, ըստ նրա, մենք կունենանք մրցակցային տնտեսություն. «Մրցակցային տնտեսությունը իր հետ կբերի ռեալ աշխատուժի շուկա, դա իր հետ կբերի գործող արհմիություններ, արհմիութենական շարժումների հենքի վրա իրական սոցիալ-դեմոկրատական ուժեր կձեւավորվեն, եւ երբ ազատ ընտրությունների միջոցով ձախ ուժերը իշխանության գան եւ հետո տեղերով անընդհատ փոխվեն աջերի հետ, այդ ժամանակ նոր կարելի է ասել, որ մենք անցումային փուլն ավարտել ենք»: «Միգուցե դաժան բան ասեմ, բայց ՀՀ քաղաքական դաշտում մոտ ժամանակաշրջանում ձախ ուժերը չեն վերցնի իրական իշխանությունը, առաքելություն չկա ձախ ուժերի համար»,- ասաց Ա. Թեւանյանը՝ դիմելով ՀՅԴ-ական պատգամավորին: «Այն, ինչ մենք ունենք, դա հենց ազատականության արդյունքն է, Ձեզ թվում է` ինչ-որ մի բան սխալ է արվում, այ, եթե դուք գաք իշխանության, ձեր ազատականությունն ավելի լա՞վն է լինելու»,- հակադարձեց Ա. Նռանյանը: «Դուք ասում եք՝ կգան լավ տղաները, հետո սոցիալական խնդիրները կլուծենք, այս կանենք, այն կանենք, իսկ ես ասում եմ` այսօրվա պայմաններում այդ տղաները չեն գալու, դուք այս սիստեմը չեք փոխելու»,- շարունակեց Ա. Նռանյանը: «Պետական կարգավորմանը կարելի է կողմ լինել, եթե կա կառավարման արդյունավետ համակարգը: Եթե քո սովետական ժիգուլին չունի ABS եւ այլ համակարգեր, սառույցի վրա տորմուզ մի՛ տուր, շուռ ես գալու, սարքի, նոր քշի: Մեքենան լավը չէ, ո՞նց կարելի է նրա ձեռքը տալ ինչ-որ կարգավորիչ ֆունկցիա: Եթե դուք այդպես եք մտածում, ուրեմն Սերժ Սարգսյանը ձեր հավերժ նախագահը պիտի լինի: Ասում եք` գնա պետական կարգավորման՝ նա ասում է՝ դա կանենք բյուջեով, փողերը հավաքում ենք, որ բաշխենք, տեսեք՝ ինչ բաշխել է, որ բաշխում ենք: Ուրեմն՝ էլ ձեւեր չթափեք, ինքը ձեր ծրագիրն է իրականացնում»,- ի պատասխան ասաց Ա. Թեւանյանը: «Շատ դեպքերում նայում եմ Սերժին, ասում եմ՝ այս մարդն իսկականից ուզում է գործ անի, բայց թիմն ո՞ւր է, թիմ չկա»,- ավելացրեց Թ. Մանասերյանը, որին շատ հետաքրքիր պատասխան` տվեց ՀԱԿ ներկայացուցիչ, Երեւանի նախկին քաղաքապետ Վ. Խաչատրյանը: «Գազի սուբսիդիաները պաշտպանության նախարար եղած ժամանակ Սերժ Սարգսյանն էր բաշխում (Համաշխարհային բանկի տվյալն է): Պաշտպանության նախարարը, պատկերացնո՞ւմ եք, համապետական մակարդակով սուբսիդիա է բաժանում, որոշում, թե, ասենք, Արարատի ցեմենտի գործարանին քանի միլիոն տա: Ինքը սիրում է էդ գործը՝ բաշխելը: Թիմի խնդիրը չէ, նրա մտածողությունն է այդպիսին, որ նստի բաժանի»: Ըստ Վ. Խաչատրյանի, այսօր ՀՀ-ում ազատական տնտեսություն չկա: «Խոսել ազատական տնտեսության մասին որպես կայացած երեւույթ՝ իմաստ չունի, իսկ որպես զարգացման հեռանկար համապատասխան քաղաքական դրդապատճառներ չկան: Ես հարցի լուծումը տեսնում եմ ՀՀ-ում դեմոկրատիայի հաստատման մեջ»,- ասաց Վ. Խաչատրյանը: Ա. Նռանյանն էլ նշեց, որ ընդհանրապես ազատականություն եւ ազատ տնտեսական մրցակցություն հասկացություններն անհրաժեշտ է միմյանցից տարբերել: Ըստ նրա՝ Սահմանադրության «ՀՀ-ում երաշխավորվում է տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը» ձեւակերպումը որեւէ կապ չունի «ազատականություն» տերմինի հետ, որը նշանակում է կոնկրետ գաղափարախոսություն: «Ազատականությունը մի որոշակի խավի, շերտի, քաղաքական կուսակցությունների գաղափարախոսություն է, եւ ասել, թե այսօր գաղափարախոսությունը պետք է կառուցել երկրում, դա նույնն է, ինչ կոմունիստներն ասում էին, թե կոմունիզմ են կառուցում: Պետք է ուղղակի կառուցել նորմալ երկիր: Տարբեր երկրներում իշխանության գալիս են մեկ լիբերալները, մեկ սոցիալիստները: Սոցիալիստները սոցիալիզմ չէին կառուցում, կապիտալիստները կապիտալիզմ չէին կառուցում»,- ասաց Ա. Նռանյանը, որն, ի դեպ, կոալիցիայի անդամ կուսակցության անդամ է: «Ժառանգության» վարչության փոխնախագահ Մովսես Արիստակեսյանը նույնպես վստահ է, որ ՀՀ-ում չի կարող լինել մրցակցություն, քանի դեռ չկա ժողովրդավարություն: Նա ներկայացրեց մի շարք ցուցանիշներ, որոնց համաձայն՝ ՀՀ-ում, մեղմ ասած, գոյություն չունի ազատ տնտեսական մրցակցություն: