«Նոյեմբերի 21-ին ես` Զարուհի Փոստանջյանս, նախաձեռնել եմ ոչ զանգվածային միջոցառում` բողոքի ակցիա ՀՀ ԱԳ նախարարության առջեւ: Բողոքի ակցիայից հետո ես եւ ակցիայի մասնակիցները ցանկանալով իրացնել մեր սահմանադրական իրավունքը՝ փորձել ենք քայլերթ անցկացնել Երեւանի փողոցներով: Սակայն ՀՀ ոստիկանության աշխատակիցները Ռոբերտ Մելքոնյանի եւ Արայիկ Պետրոսյանի գլխավորությամբ խոչընդոտ են հանդիսացել մեր քայլերթին: Արգելքի վերաբերյալ տեղեկացրել եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, որի ներկայացուցիչն ականատես է եղել ոստիկանների կողմից կազմված «պատին»: Ոստիկանները փաստորեն չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը՝ ինձ եւ բողոքի ակցիայի մասնակիցներին թույլ չեն տվել քայլերթ անցկացնել Երեւանի փողոցներով»,- երեկ հայտարարել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` վստահեցնելով, թե միջոցառման մասնակիցների թվաքանակը չէր գերազանցում 99-ը: Ըստ նրա` օրեր առաջ նույն Ոստիկանության աշխատակիցները փորձել են խոչընդոտել մեկ այլ քայլերթ, որը նրանց չի հաջողվել: «ՀՀ Ոստիկանության կողմից այս արատավոր երեւույթը դարձել է գործելակերպ: Ոստիկանները չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը եւ թույլտվություն ստանալով իրենց վերադաս ղեկավարությունից՝ խոչընդոտում են մեզ իրացնել մեր սահմանադրական իրավունքները: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ օրենքով սահմանված կարգով համապատասխան ընթացք տալ սույն հաղորդմանը»,- ասված է պատգամավորի տարածած հաղորդագրության մեջ, որը նա ուղարկել է օմբուդսմեն Արմեն Հարությունյանին, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: