Ռուսաստանյան մամուլի տեղեկությունների համաձայն` ֆինանսական ճգնաժամի պատճառով միայն ֆոնդային բորսաներում արձանագրված անկման հետեւանքով ռուսաստանյան օլիգարխները կորցրել են իրենց կապիտալի մոտ 70 տոկոսը: ՌԴ Պետդումայի տնտեսական քաղաքականության եւ ձեռներեցության հարցերով զբաղվող կոմիտեի նախագահ Ե. Ֆյոդորովի պնդմամբ` առավել մեծ կորուստներ են ունեցել շինարարական, մետալուրգիական եւ նավթագազային ոլորտի «հիմնական խաղացողները»: Իսկ «Բլումբերգ» տեղեկատվական կորպորացիայի հաշվարկների համաձայն` ռուսաստանյան առաջին 25 խոշոր գործարարների վերջին ամիսներին կրած ընդհանուր կորուստներն արդեն ահռելի ծավալների` մոտ 250 մլրդ դոլարի են հասել: Եթե հիմք ընդունենք Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցիչ Նինկե Օմեսի գնահատականները, ապա ո՛չ Հայաստանի օլիգարխներին եւ ո՛չ էլ հայաստանյան հասարակությանը նման սարսափելի հեռանկարներ չեն սպառնում: «Ամենից կարեւորը` պետք չէ խուճապի մատնվել, քանի որ Հայաստանում ամեն ինչ կայուն է եւ նորմալ»,- օրերս հավաստիացրեց այսօրվա համաշխարհային ճգնաժամի համար մեղքի իր ահռելի բաժինն ունեցող վերոհիշյալ միջազգային ֆինանսական ինստիտուտի հայաստանյան ներկայացուցիչը: Նկատենք, որ իր լավատեսության մեջ, սակայն, ԱՄՀ-ի հայաստանյան ներկայացուցիչը, ինչպես հայտնի է, ամենեւին էլ միայնակ չէ…
Ինչպես 90-ականների սկզբներին հայաստանյան այն ժամանակվա իշխանություններն էին փորձում բոլորին համոզել, որ հենց Հայաստանն է տարածաշրջանի միակ «ժողովրդավարության կղզյակը», այնպես էլ այսօրվա գործող իշխանություններն արդեն երկար ժամանակ փորձում են հրամցնել այն գաղափարը, որ այսօրվա գլոբալ ֆինանսական «փոթորկված օվկիանոսում» Հայաստանի Հանրապետությունը կա եւ մնալու է «տնտեսական կայունության կղզյակ»: Նույնիսկ հասարակության շրջանում «բացասական սպասումներ» չառաջացնելու պատճառաբանությամբ` ամենաբարձր ամբիոններից խորհուրդ էր տրվում հնարավորինս քիչ խոսել ֆինանսական ճգնաժամի մասին: Իսկ որպես հայաստանյան ֆինանսատնտեսական համակարգի անխոցելիության եւ ամրության «երկաթե փաստարկ»՝ անգամ առաջ էր քաշվում համաշխարհային ֆինանսատնտեսական համակարգերին ՀՀ տնտեսության եւ ֆինանսական համակարգերի ինտեգրվածության ցածր աստիճանը։ Սակայն, այն պահից սկսած, երբ մեր երկրի հանքարդյունահանման եւ, մասնավորապես, լեռնահանքային արդյունաբերության ոլորտի մի քանի առանցքային ձեռնարկություններում, համաշխարհային շուկաներում, ֆինանսական ճգնաժամի ազդեցությամբ պայմանավորված (գունավոր մետաղների գների աննախադեպ անկում արձանագրվեց), աշխատողների մինչեւ 60 % եւ աշխատավարձերի 40 % կրճատումների մասին հայտարարվեց (որոնք գործադուլների առիթ հանդիսացան), ՀՀ իշխանությունների որդեգրած «ջայլամի քաղաքականությունն» այլեւս անիմաստ դարձավ: Ակնհայտ դարձավ, որ աստիճանաբար ավելի խորը համակարգային բնույթ կրող եւ իր աշխարհագրությունն ընդլայնող գլոբալ ֆինանսական ճգնաժամի ազդեցության առաջին ալիքը հասավ նույնիսկ «իր յուղի մեջ տապակվող» Հայաստան: Եվ պատահական չէ, որ հենց նույն` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը ոչ հեռու անցյալում ճգնաժամից խուսափելու համար կոչ էր անում պարզապես չխոսել ճգնաժամի մասին, մի քանի օր առաջ ԱԺ ամբիոնից ստիպված էր խոստովանել, որ ֆինանսական ճգնաժամի ազդեցությունն առավել շոշափելի կդառնա ՀՀ-ում 2009թ. սկզբներին: Ընդ որում, ճգնաժամն ազդեցություն է ունենալու ինչպես տնտեսության իրական եւ ֆինանսաբանկային հատվածների, այնպես էլ բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի վրա: Վերջինս անմիջականորեն պայմանավորված է լինելու նախեւառաջ պաշտոնական եւ ոչ պաշտոնական տրանսֆերտների ծավալների անխուսափելի կրճատմամբ, ինչը պայմանավորված է լինելու ոչ միայն արտերկրում ժամանակավոր աշխատանքների մեկնած, այլեւ այնտեղ մշտապես բնակվող մեր հայրենակիցներից ստացվող օգնությունների կրճատմամբ եւ նույնիսկ դադարեցմամբ: Այսպիսի կանխատեսումները բոլորովին անհիմն չեն, քանի որ ֆինանսական ճգնաժամի մեջ գտնվող երկրներում գաղտնիք չէ, որ արդեն իսկ աշխատատեղերի զանգվածային կրճատումներ են իրականացվում, այդ թվում եւ՝ ՌԴ-ում, որի մասնաբաժինը ՀՀ մուտք գործող ընդհանուր տրանսֆերտների ծավալների մեջ, ըստ պաշտոնական տվյալների, 80 տոկոսից ավելին է: Բնականաբար, լրջագույն վտանգի տակ են որոշ ներդրումային ծրագրեր` հիմնականում կապված շինարարական նախագծերի հետ, ովքեր իրենց հերթին պետք է իրականացվեին ռուսաստանյան կապիտալի ֆինանսավորմամբ: Ի դեպ, ուշագրավ է, որ ֆինանսական ճգնաժամից առավել տուժածների մեջ կան նաեւ ռուսաստանյան օլիգարխներ, որոնք Հայաստանում խոշոր ներդրումային ծրագրեր են իրականացրել, ինչպես, օրինակ, «Ռուսալի» սեփականատեր Օլեգ Դերիպասկան, որի կարողությունները, ըստ միջազգային հեղինակավոր գործակալությունների տվյալների, ընդամենն այս տարվա վեց ամսվա ընթացքում նվազել են 28,6 մլրդ դոլարից մինչեւ 16 մլրդ դոլար: Այս առումով պատահական չէ, որ վերջին շրջանում պարբերաբար լուրեր են պտտվում, որ ՀՀ-ում գործող որոշ ռուսաստանյան «դուստր» բանկերի մոտ լիկվիդայնության եւ վարկային ռեսուրսների լուրջ խնդիրներ են առաջացել: Թեպետ նույնը վերաբերում է նաեւ հայաստանյան մի շարք այլ բանկերի, որոնք տարբեր պատրվակներով իրականում հրաժարվում են երկարաժամկետ, ասենք, հիպոթեքային վարկավորման ծրագրերից` սահմանափակվելով միայն կարճաժամկետ եւ մեծ ֆինանսական ռեսուրսներ չպահանջող ծրագրերով: Ընդ որում, առաջինը ֆինանսական ճգնաժամին արձագանքեց հենց ֆինանսաբանկային ոլորտը, որը ստիպված եղավ արտաքին եւ ներքին շուկայում «էժան փողերի» բացակայության պատճառով ներգրավել անհամեմատ թանկ ֆինանսական ռեսուրսներ եւ, համապատասխանաբար, անհամեմատ թանկ վարկային առաջարկներ անել, քան մինչճգնաժամային ժամանակաշրջանում: Ըստ վերլուծաբանների` ՀՀ տնտեսության իրական, շինարարության եւ նույնիսկ առեւտրի ոլորտներն արդեն իսկ ֆինանսական ռեսուրսների լուրջ դեֆիցիտ են զգում: Ամեն դեպքում անժխտելի փաստ է, որ բանկերի գերակշռող մասը զգալիորեն նվազեցրել է տրամադրվող վարկերի ծավալները եւ, միեւնույն ժամանակ, էապես բարձրացրել տրամադրվող վարկերի տոկոսադրույքները: Եվ չնայած` թե՛ ՀՀ կառավարությունը, թե՛ վերջինիս հետ սերտորեն համագործակցող ԱՄՀ-ն միաբերան պնդում են, որ ֆինանսական ճգնաժամը հայաստանյան ամուր բանկային համակարգի համար վտանգավոր չէ, այնուհանդերձ, նկատելի է, որ վերջին շրջանում հենց այդ նույն բանկային համակարգը լրացուցիչ ֆինանսական միջոցներով «ներարկելու» գործունեությամբ է հիմնականում զբաղված կառավարությունը: Այս առումով հատկանշական է օրերս ՀՀ վարչապետի հորդորը` ուղղված Համաշխարհային բանկին, որպեսզի վերջինս չուշացնի Հայաստանի մանր եւ միջին բիզնեսի զարգացման համար նախատեսված 250 մլն դոլար վարկի տրամադրումը: Պատահական չէ, որ նույն նպատակին է ուղղվելու նաեւ ՀՀ պետբյուջեից հատկացվող 17 մլրդ դրամը, որն ուղղված է լինելու գերմանական «KFW» բանկի հետ համատեղ իրականացվող փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ծրագրի իրականացմանը: Այս կապակցությամբ ԱՄՀ-ի հայաստանյան ներկայացուցիչ Ն. Օմեսը նկատել է, որ «կառավարությունը փորձում է օգնել բանկերին` օժանդակելով վերջիններիս բանկային կապիտալի աճին»: Միեւնույն ժամանակ, ԱՄՀ-ի ներկայացուցիչը չի թաքցնում, որ հատուկ փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավումը նպատակ ունի մեղմել 2009թ. ՀՀ տնտեսության վրա ֆինանսական ճգնաժամի ազդեցության հետեւանքները: «Սա բավականին լավ գաղափար է, քանի որ 2009-ին Հայաստանի տնտեսության աճի տեմպերը, միջազգային տնտեսական ճգնաժամի հետ կապված, փոքր-ինչ կնվազեն, եւ այդ վարկերը թույլ կտան ՀՀ-ի տնտեսության աճն ապահովել ոչ միայն տրանսֆերտների եւ շինարարության հաշվին»: Վերջիններիս ծավալները, ի դեպ, ըստ Ն. Օմեսի, հաջորդ տարի իրոք նվազելու են: Իսկ սա նշանակում է, որ արդեն հաջորդ տարվա գարնանից զգալիորեն կարող է աճել գործազրկության մակարդակը (այդ թվում նաեւ՝ արտերկիր սեզոնային աշխատանքների չմեկնածների հաշվին): Զգալիորեն կնվազի տրանսֆերտների հաշվին ապրող բնակչության վճարունակությունը: Բնականաբար, կնվազի այս պայմաններում գործարար ակտիվությունը, ինչն իր հետեւանքները կունենա նաեւ պետական բյուջեի մուտքերի վրա, եւ չի բացառվում, որ պետական հատվածում աշխատավարձերի վճարման ձգձգումներ առաջանան եւ այլն: Միեւնույն ժամանակ, դժվար է չհամաձայնել ԱՄՀ-ի հայաստանյան ներկայացուցչի այն պնդման հետ, որ միջազգային ֆինանսական ճգնաժամի հետեւանքով միջազգային շուկայում զգալիորեն էժանացած նավթամթերքը, ցորենն ու այլ ապրանքներ նաեւ Հայաստանում պետք է համարժեքորեն նվազած գներ ունենան: «Բենզինի գները ընդհանուր առմամբ նվազել են, սակայն, եթե գները չնվազեն միջազգային գների նվազմանը համապատասխան, ապա կարելի է ասել, որ ձեզ մոտ շուկայում անհրաժեշտ մրցակցություն չկա, եւ առայժմ մոնոպոլիաներ գոյություն ունեն»,- նկատեց Նինկե Օմեսը եւ հավելեց, որ «շատ կարեւոր է, որպեսզի կառավարությունը ժամանակին արձագանքի այս գործընթացներին»: Ինչեւէ, միայն ժամանակը ցույց կտա, թե որքանով են բավարար լինելու ՀՀ տնտեսությունը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ծանր հետեւանքներից ապահովագրելուն ուղղված հայաստանյան իշխանությունների կողմից այսօր ձեռնարկվող գործողությունները, եւ որքանով են դրանք ադեկվատ այսօրվա տնտեսական իրավիճակին: Եվ ով գիտի, գուցե հաջորդ տարի նաեւ Հայաստանում սկսեն հաշվարկել, թե որ օլիգարխը եւ նրա հետ «փայ մտած» պաշտոնյան որքան կորցրեց կամ շահեց «Հայաստանի հետ կապ չունեցող» այս ֆինանսական ճգնաժամից: Ի վերջո, դժվար չէ կանխատեսել, որ Հայաստանում քաղաքական իշխանության հարցն էլ շատ բանով կախված է լինելու սպասվող տնտեսական ճգնաժամը հաղթահարելու գործող իշխանությունների ընդունակությունից: Ընդ որում, դժվար չէ նկատել, որ առաջիկա զարգացումներին ուշի-ուշով հետեւում են ինչպես գործող իշխանությունների արմատական ընդդիմադիրները, այնպես էլ ոչ հեռու անցյալի գործընկերները: Եվ հատկանշական է, որ նրանց տված գնահատականների թե՛ որակը եւ թե՛, որոշ դեպքերում, նույնիսկ տոնայնությունը իրարից շատ չեն տարբերվում: Պատահական չէ նաեւ, որ օրերս ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի համախոհ համարվող ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն իր հեռուստահարցազրույցում ուղղակիորեն հայտարարեց, որ Հայաստանը տնտեսական ճգնաժամի շեմին է, եւ, որ այն հաղթահարելու համար պետք է արագացնել բարեփոխումների գործընթացը: Իսկ բարեփոխումներ ասելով` նախկին արտգործնախարարը, պարզվում է, նկատի ունի «հավասար մրցակցային դաշտի ձեւավորումը, մոնոպոլիաների վերացումը եւ հարկային դաշտում լուրջ բարեփոխումների իրականացումը»: Ահա այսպիսի` մի քանի զուտ «բարեկամական խորհուրդներ»…