«Panorama.am»-ի տեղեկություններով, կրկին ակտիվանում են իրադարձությունները «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի շուրջ: Սակայն այս անգամ խոսքն ամերիկյան սպառողների անունից հանդես եկող FDA կազմակերպության նախաձեռնության մասին չէ, որը «Ջերմուկ» հանքային ջրի պարունակության մեջ ինչ-ինչ տարրեր էր հայտնաբերել: Տվյալ պարագայում, ըստ կայքի` խոսքը վերաբերում է հայտնի իրադարձությունների հետեւանքով «Բջնի» հանքային ջրի շուկայից դուրս գալու արդյունքում հանքային ջրերի սպառողական շուկայի վերաբաշխմանը: Բանն այն է, որ «Բջնին» զբաղեցնում էր շուկայի զգալի հատված, իսկ նրա` շուկայից դուրս գալուց հետո, այդ ծավալների մեծ մասը, համաձայն համապատասխան ուսումնասիրությունների` վերաբաշխվել է հօգուտ «Ջերմուկի»: Այդուհանդերձ, «Ջերմուկի» արտադրության պաշտոնական ծավալները մնացել են նույնը` համաձայն համապատասխան կառույցների կողմից ստացված տեղեկատվության: Բացի այդ, սպառողների շահերով զբաղվող կազմակերպություններն ահազանգեր են ստանում շուկայում առկա «ջերմուկների» կասկածելի որակի մասին: Ընդհանուր առմամբ, մասնագետների կարծիքով` խոսքը հանքային ջրի հետ կապված ստվերային շրջանառության մասին է: Նույն աղբյուրի պնդմամբ` խիստ որոշակի կառույցների օրերս հանձնարարական է տրվել` «առանց անձերը հաշվի առնելու» «Ջերմուկը» պահել ուշադրության կենտրոնում: